Մինսկ-2019․ Հաբեթնակ Կուրղինյանը պատմել է,թե ինչ սկզբունքով են ընտրվել ազատ ոճային 4 ըմբիշները

12:47 14.06.2019

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչների մարզավիճակը թեև բավարար է, բայց ամեն ինչ գորգը ցույց կտա։ Այս կարծիքն է հայտնել հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը Մինսկում կայանալիք Եվրոպական երկրորդ խաղերից առաջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մինսկում մեդալների համար կպայքարեն 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, Վոլոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ)։

- Ի՞նչ նախապատրաստություն եք անցել Եվրոպական խաղերից առաջ ու ի՞նչ մարզավիճակում են ըմբիշները մոտենում առաջիկա ստուգատեսին։

- Ըմբիշների մարզավիճակները բավարար կգնահատեմ։ Վատ չեն, բայց մրցագոգը ցույց կտա։ Վնասվածքներ չունենք։ Ամեն ինչ նորմալ է։ Եվրոպական խաղերից առաջ անցկացրել ենք հավաքներ, մասնակցել ենք թե՛ մեծահասակների, թե՛ երիտասարդների Եվրոպայի առաջնությանը։ Հավաք ենք անցկացրել Ծաղկաձորում։

- Գարիկ Բարսեղյանը երկրորդ անգամ կմասնակցի Եվրոպական խաղերին։ Փորձը հաշվի առնելո՞վ եք նրան ընդգրկել թիմի կազմում, թե՞ ամեն դեպքում նրա մարզավիճակն էր բավարար։

- Այս պահին ինքն էր լավ մարզավիճակում ու հարմար էր, որ հենց ինքը մասնակցի։

- Ի՞նչ սկզբունքեր եք հաշվի առել հավաքականի կազմն ընտրելիս։

- Տարվա սկզբին ունեցել ենք Հայաստանի առաջնություն, դրանից հետո մասնակցել ենք միջազգային մրցաշարի, ու հենց այդ ամենի հանրագումարից ընտրել ենք այս 4 մարզիկներին։ Ինչպես գիտեք, 4 ուղեգիր էինք վաստակել։

- 65 կգ քաշային կարգում ընտրությունը և՞ս այդ սկզբունքով է կատարվել, քանի որ Վազգեն Թևանյանն էլ բավականին առաջատար ըմբիշ է։

- Այո, նորից նույն սկզբունքով։ Բնական է՝ յուրաքանչյուրին յուրովի մոտեցում է պետք ցույց տալ։ Թևանյանն այս պահին մի փոքր վնասվածք ունի։ Դեռ լիովին չի ապաքինվել։ Այդ քաշային կարգում այս պահին մեր ամենահարմար թեկնածուն հենց Վոլոդյա Ֆրանգուլյանն էր։

Share |

Լրահոս

Loading...