Մոտ օրերս կորոշենք այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր կմասնակցեն Եվրոպայի Մ19 առաջնությանը․ Արթուր Ոսկանյան

13:17 14.06.2019

Հայաստանի Մ18 հավաքականը հաղթանակով ավարտեց ելույթները Սանկտ-Պետերբուրգում ընթացող Վալենտին Գրանատկինի անվան մրցաշարում։ Մեր ընտրանին, որը մրցավայր էր մեկնել Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ, 9-րդ տեղը զբաղեցրեց։

Մրցաշարը կարևոր է հատկապես Երևանում կայանալիք Եվրոպայի Մ19 2019 թվականի առաջնության ֆոնին, քանի որ Հայաստանի Մ19 տարեկանների հավաքական12-13 ֆուտբոլիստ 18 տարեկան է ու սա նրանց համար յուրատեսակ նախապատրաստական փուլ ստացվեց։

Արթուր Ոսկանյանի խոսքով, մերոնք հիմնականում կաղում են ֆիզիկական պատրաստվածությունից․

«Հայտնվել էինք բավականին ուժեղ խմբում. Արգենտինան Հարավային Ամերիկայի չեմպիոնն էր, սկզբում լավ խաղացինք, երկու շատ լավ գոլային պահեր ունեինք, ցավոք չօգտագործեցինք, փորձի պակասը զգացնել տվեց, երկրորդ կեսում զիջեցինք ֆիզիկական պատրաստականության հաշվին: Մեր տղաները սովոր չեն նման տեմպի խաղերին:

 

Մեկ օր հետո խաղացինք Իրանի՝ ֆիզիկապես ավելի ուժեղ հավաքականի դեմ, որտեղ արդեն տղաների մոտ երևաց առաջին խաղի հոգնածությունը: Առաջին խաղակեսը դժվար ստացվեց, զիջեցինք մենապայքարներւմ ու 2 գոլ բաց թողեցինք, բայց երկրորդ կեսը տղաները շատ լավ անցկացրին: Ունեցանք շատ գոլային պահեր, 2 անգամ մեկ մետրից չկարողացանք գրավել ազատ դարպասը:

Երրորդ խաղն անցկացրինք Ռուսաստանի երկրորդ թիմի հետ ու դա երևի ամենալավն էր՝ թե՛ խաղային, թե՛ տակտիկական, թե՛ ֆիզիկական առումով: Ամբողջ խաղի ընթացքում ունեինք բազմաթիվ պահեր, որոնք չօգտագործեցինք ու մրցավարն էլ արեց իր գործը՝ նշանակելով 2 շատ կասկածելի 11-մետրանոց:

 

Երեք խաղում էլ կարելի է ասել՝ վատ հանդես չեկանք բավականին ուժեղ թիմերի հետ, բայց արդյունքը վատ էր, քանի որ չկարողացանք օգտագործել մեր պահերը: Կարծում եմ՝ դա էլ փորձի պակասի արդյունք էր:

Վերջին երկու խաղն անցկացրինք որակապես ավելի թույլ թիմերի դեմ, քան նախորդներն էին, բայց այստեղ ամեն ինչում հասանք առավելության՝ թե՛ տեխնիկատակտիկական, թե՛ ֆիզիկական, թե՛ գոլային պահերի իրացման գործում: Կարողացանք գործի մեջ տեսնել բոլոր ֆուտբոլիստներին և, վերադառնալով Երևան, մոտ օրերս ամբողջ մարզչական շտաբով կորոշենք այն ֆուտբոլիստների ցանկը, իհարկե փոքր-ինչ ընդլայնված, ովքեր հունիսի 26-ից կսկսեն նախապատրաստվել եզրափակիչ խաղերին»,- մեզ հետ զրույցում նշել է հավաքականի գլխավոր մարզիչը։

Հիշեցնենք՝ Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը, որն ի սկզբանե ընդգրկվել էր C խմբում, մեկնարկային խաղերում պարտվել էր Արգենտինայի, Իրանի և Ռուսաստանի իր հասակակիցներին` բոլոր խաղերում 2 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը:

Անուհետև, 9-12 տեղերի համար առաջին խաղում 3:0 հաշվով հաղթել էր Տաջիկստանին և նույն հաշվով առավելության հասել Ղրղզստանի նկատմամբ՝ մրցաշարում զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը։

Share |

Լրահոս

Loading...