Հարավամերիկյան կրքեր. Բրազիլիան կանչում է հետևելու Copa America-ին

14:35 14.06.2019

Հո՞ւյս ունեիք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո «հանգստանալու ենք» ֆուտբոլից: Ո՛չ, ո՛չ, ո՛չ: Մի քանի ժամից Բրազիլիայում ֆուտբոլային թեժ իրարանցում է սկսվում, որին հնարավոր չէ չհետևել:

Հունիսի 15-ի լուսադեմին (Երևանի ժամանակով՝ 04:30-ին) Բրազիլիա-Բոլիվիա խաղով կտրվի հավաքականների շրջանում աշխարհի հնագույն մրցաշարի՝ Ամերիկայի Գավաթի խաղարկության մեկնարկը:

Մրցաշարի ձևաչափը

Ամերիկայի Գավաթին մասնակցող հավաքականները բաժանվել են 3 խմբի՝ յուրաքանչյուրում 4 հավաքական: Այս ձևաչափով մրցաշարն անցկացվում է 1993 թվականից: Բացառություն է եղել 2016 թվականը, երբ մրցաշարին մասնակցել է միանգամից 16 հավաքական: Հետաքրքրական է, որ հաջորդ՝ 2020 թվականի խաղարկության ձևաչափը ևս փոփոխության է ենթարկվելու՝ 2 խումբ, 6 հավաքական:

Վիճակահանության արդյունքում այս անգամ ձևավորվել են հետևյալ խմբերը.

  • A խումբ - Բրազիլիա, Բոլիվիա, Վենեսուելա, Պերու
  • B խումբ - Արգենտինա, Կոլումբիա, Պարագվայ, Քաթար
  • C խումբ - Ուրուգվայ, Էկվադոր, Ճապոնիա, Չիլի

Խմբերի առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած հավաքականները, ինչպես նաև երրորդ հորիզոնականը զբաղեցրած թիմերից լավագույն արդյունք գրանցած երկուսը դուրս կգան քառորդ եզրափակիչ:

Ինչո՞ւ են Ճապոնիան և Քաթարը պայքարում Ամերիկայի Գավաթի համար

Տրամաբանական հարցն ունի պարզ պատասխան՝ պարզապես հետաքրքրության համար: Ընդ որում, Ճապոնիան 20 տարի առաջ՝ տնային Աշխարհի առաջնությանը պատրաստվելու շրջանակում ևս մասնակցել է Ամերիկայի Գավաթին: ԿՈՆՄԵԲՈԼ-ում, հավանաբար, ուրախացել են, որ Ասիայի Գավաթի վերջին խաղարկության եզրափակչում մրցել են հենց Ճապոնիան ու Քաթարը: Այս հավաքականների՝ Ամերիկայի Գավաթին մասնակցելու որոշումը կայացվել է դեռևս մեկուկես տարի առաջ, երբ դեռ ոչ ոք Ասիայի Գավաթում իրադարձությունների նման ընթացք չէր կանխատեսում:

Մրցաշարի տևողությունն ու ընդունող քաղաքները

Ամերիկայի Գավաթի խաղարկությունն անցկացվելու է հունիսի 14-ից հուլիսի 7-ը: Բրազիլիայի 5 քաղաքների 6 մարզադաշտեր կհյուրընկալեն մրցաշարը: Այդ մարզադաշտերից 4-ը՝ Սան Պաուլուի «Արենա Կորինտիանսը», Սալվադորի «Ֆոնտե Նովան», Բելու Օրիզոնտիի «Մինեյրան» և Ռիոյի լեգենդար «Մարականան», հյուրընկալել են նաև Մունդիալ-2014-ի խաղերը: Մյուս երկու մարզադաշտերն են Պորտու Ալեգրիի «Արենա Գրեմիոն» և Սան Պաուլուի «Մորումբին»:

Բրազիլիան 5-րդ անգամ է հյուրընկալում Ամերիկայի Գավաթը: Ուշագրավ է, որ նախորդ դեպքերում՝ 1919, 1922, 1949 և 1989 թվականներին, չեմպիոն են դարձել հենց բրազիլիացիները:

Ի՞նչ է պետք իմանալ Ամերիկայի Գավաթի մասին

Հնագույնը: Առաջին անգամ Ամերիկայի Գավաթն անցկացվել է հեռավոր 1916 թվականին: Դրանից միայն 14 տարի անց պետք է անցկացվեր առաջին Աշխարհի առաջնությունը, իսկ ևս 44 տարի անց՝ Եվրոպայի առաջնությունը:

Մրցաշարում ամենաշատը չեմպիոն դարձած թիմը ո՛չ Բրազիլիան է, ո՛չ էլ Արգենտինան: Ուրուգվայը 15 անգամ դարձել է Ամերիկայի գավաթակիր: Նրան հաջորդում են Արգենտինան (14) և Բրազիլիան (8):

Ամերիկայի Գավաթի նախորդ խաղարկությունը՝ նվիրված մրցաշարի 100-ամյակին, առաջին անգամ անցկացվել է Հարավային Ամերիկայից դուրս՝ ԱՄՆ-ում: Եզրափակչում Չիլիիի հավաքականը հաղթեց Արգենտինային:

1989 թվականի խաղարկության եզրափակիչ՝ Բրազիլիա-Ուրուգվայ հանդիպմանը Ռիոյի «Մարականա» մարզադաշտից հետևել է 170 հազար ֆուտբոլասեր: Այս ռեկորդը, ամենայն հավանականությամբ, անգերազանցելի էլ կմնա, քանի որ այժմ Հարավային Ամերիկայում նման քանակով ֆուտբոլասերներ տեղավորող մարզադաշտեր չկան:

Ամերիկայի Գավաթի XIV խաղարկությունը (հենց նման անուն է ստացել մրցաշարը) բացառիկ էր նրանով, որ սկսվեց և ավարտվեց տարբեր տարիների: Մրցաշարի առաջին հանդիպումը կայացավ 1936 թվականի դեկտեմբերի 27-ին, իսկ եզրափակիչը՝ 1937 թվականի փետրվարի 1-ին:

Մրցաշարի լավագույն ռմբարկուի կոչումը կիսում են երկու ֆուտբոլիստներ՝ արգենտինացի Նորբերտո Մենդեսը և բրազիլացի Զիզինյան 17-ական գոլ են խփել: Բրազիլացին այդքան գոլ խփել է 6 խաղարկություններում, իսկ արգենտինացին՝ 3:

Մրցաշարին ամենաշատը մասնակցել են էկվադորցի Ալեքս Ագինագան և ուրուգվայցի Անխել Ռոմանոն (8-անգամ): Ինչ վերաբերվում է մասնակցած խաղերի քանակին՝ ռեկորդակիրը չիլիացի դարպասապահ Սերխիո Լիվինգստոնն է, որը մասնակցել է Ամերիկայի Գավաթի 34 հանդիպման: Նրան հետապնդող Լիոնել Մեսսին դեռևս 21 հանդիպման է մասնակցել:

Ֆուտբոլի արքա Պելեն միայն մեկ անգամ է մասնակցել Ամերիկայի Գավաթի խաղարկությանը՝ 1959 թվականին: Չնայած աստղային կազմին՝ Բրազիլիան այդ տարի չեմպիոն չդարձավ: Պելեն մասնակցել է 6 խաղի՝ դառնալով 8 գոլի հեղինակ:

Մրցաշարի ամենաարդյունավետ խաղը կայացել է 1942 թվականի հունվարի 22-ին: Արգենտինա-Էկվադոր հանդիպումն ավարտվել է 12-0 հաշվով:

Առաջին գոլը, ինքնագոլը և գոլի հեղինակ դարձած դարպասապահը: Մրցաշարի առաջին գոլի հեղինակն ուրուգվայցի Խոսե Պենդիբենեն է, որը գրավել է չիլիացիների դարպասը: Առաջին ինքնագոլը գրանցվել է 1917 թվականին, Արգենտինայի դեմ խաղում սեփական դարպասը գրավել է Լուիս Ալբերտո Գարսիան: Կոլումբիացի Ռենե Իգիտան էլ եղել է առաջին դարպասապահը, որը գոլի հեղինակ է դարձել Ամերիկայի Գավաթում: 1989 թվականին նա 11-մետրանոց նշակետից գրավել է Վենեսուելայի դարպասը:

Share |

Լրահոս

Loading...