Գևորգ Կասպարով. Ափսոսանք բացարձակ չեմ զգում, ես իմ գործի ֆանատն եմ եղել

17:04 14.06.2019

2013-ի հուլիսին սկսեցի մարզական լրագրողի իմ կարիերան. աշխատանքային առաջին օրերին ինձ համար շատ բաներ Ամերիկա հայտնագործելու պես մի բան էին: Առաջին ֆուտբոլիստը, որի հետ հարցազրույց «պահանջեցին», Ազգային հավաքականի ու այն ժամանակ պարսկական «Զոբ Ահանի» դարպասապահ Գևորգ Կասպարովն էր:

Տարիների ընթացքում փոխվեցին թե՛ Կասպարովի, թե՛ իմ աշխատանքային գրանցումները: Ու հիմա, երբ սկսում եմ պաշտպանել ինձ համար նոր կայքի գույները, նա պատրաստվում է անցկացնել իր վերջին մրցաշրջանը:

Այժմ արդեն «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գևորգ Կասպարովի հետ ամփոփել ենք նրա 20-ամյա կարիերան:

- Գևորգ, հայտարարեցիք, որ առաջիկա մրցաշրջանը վերջինը կլինի: Ինչպե՞ս կայացրիք այդ որոշումը:

- Իմ պլանների մեջ վաղուց արդեն կար, որ 40 տարեկանում ավարտելու եմ խաղային կարիերան: 2020-ին արդեն 40 կդառնամ:

- Ամեն դեպքում, ընկերներդ չեն հավատում, որ նման բան կլինի: Այդ արձագանքներին հումորո՞վ եք վերաբերվում: Հավանականություն չկա՞, որ իսկապես կմտափոխվեք:

- Պատկերացրեք՝ շատ զանգեր և հաղորդագրություններ եմ ստացել թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից. տեսնելով իմ խաղամակարդակը՝ շատերն են ասում, որ դեռ 3 տարի կարող եմ խաղալ: Բայց որոշումս, կարծում եմ, կմնա անփոփոխ:

- ConIFA Euro-2019-ում էլ Ձեր խաղին հետևողը դժվար կհավատա, որ շուտով 39 տարեկան եք դառնում:

- Այո, շատերն ասում են, որ մեծացրել եմ տարիքս (ծիծաղում է՝ հեղ.):

- Կարիերայի ընթացքում ավելի քան 10 ակումբի գույներ եք պաշտպանել: Որո՞նք են եղել Ձեր կյանքում մեծ նշանակություն ու հետք թողած թիմերը:

- Չեմ ուզում որևէ մեկն առանձնացնել: Բոլոր թիմերում էլ ձգտել եմ օգտակար լինել, իմ լուման ունենալ թիմի հաջողություններում:

- Իսկ եթե փորձենք ուղղակի առանձնացնել ամենահիշարժան մրցաշրջանը:

- Երևի թե առանձնացնեմ 2017/18 մրցաշրջանը, երբ «Գանձասար-Կապանի» հետ Գավաթը նվաճեցինք: Դա իսկապես տպավորել է:

- Կարիերայում շատ մարզիչների հետ աշխատելը դրական կողմեր ունի: Դուք  ումից  ի՞նչ եք վերցրել:

- Այո, ես շատ մարզիչների հետ եմ աշխատել, ինչպես հայ, այնպես էլ՝ արտասահմանցի: Կարելի է ասել՝ «գողացել» եմ լավ բաները, որոնք ինձ հետագայում պետք են գալու:

- Կարելի՞ է ասել, որ մարզչական առաջին փորձերդ ավագ որդուդ՝ Գոռի հետ ես ձեռք բերում:

- Պատկերացրեք, ժամանակ չի լինում, որ տղայիս հետ աշխատեմ, մարզվեմ: Բայց հասցնում եմ խորհուրդներ տալ: Իրար հետ խաղերը դիտում ենք, վերլուծում: Այդքանը:

- Նրա մեջ տեսնո՞ւմ եք այն որակները, որ դուք ունեք, կամ փորձո՞ւմ եք զարգացնել:

- Այո, նրա մեջ տեսնում եմ լավ որակներ: Ռեակցիան յուրահատուկ է, և ինձնից ավելի ճկուն է (ժպտում է՝ հեղ.):

- Լավ դարպասապահ լինելու համար ամենակարևոր մարդկային հատկանիշները, ըստ Ձեզ, որո՞նք են:

- Աշխատասեր, կենտրոնացած, սառնասիրտ, քննադատություններից  չկոտրվող,  ուժեղ բնավորություն պետք է ունենաս, որ կարողանաս բարձր մակարդակ ցույց տալ: Պետք է ընդունել, որ դարպասապահի խաղից շատ բան է կախված թիմում. ամբողջ թիմը կարող է լավ խաղալ, բայց դարպասապահի մեկ սխալը կարող է փչացնել ամեն ինչ: Պետք է այդ ամենին պատրաստ լինել: Պետք է չբավարարվես եղածով, միշտ նպատակ դնես քո առաջ ու փորձես հասնել դրան... Կարևոր է նաև, որ չխաբես ֆուտբոլին...

- Այ, «Ֆուտբոլին չխաբել»-ը կբացատրե՞ք:

- Դե, շատ բաներ կարող եմ ասել: Բայց կնշեմ մի քանիսը. պետք է նվիրվես գործիդ, պահես ռեժիմը, շատ հաճույքներից պետք է հրաժարվես, քրտնաջան մարզվես: Ֆուտբոլին պետք է տաս, որ ստանաս...

- Ափսոսանքի զգացում երբևէ լինո՞ւմ է այն ամենի համար, ինչից  Ձեզ  զրկել եք հանուն ֆուտբոլի:  Առհասարակ, կարո՞ղ եք ասել, որ ֆուտբոլը ձեզ լիարժեք փոխհատուցել է նվիրումի համար:

- Ոչ, ափսոսանքի զգացում բացարձակ չունեմ: Ես իմ գործի ֆանատն եմ եղել: Դժգոհ չեմ, թեև կարող էր նաև ավելի լավ լինել: Բայց կարիերայի ճանապարհին գտնվում են բացասական մարդիկ, որոնք դժվարացնում են կյանքդ, լինում են պահեր, երբ  ոչինչ քո ձեռքում չի լինում:

- Նման դժվարությունների դուք բախվեցիք նաև, երբ արդեն լիովին կայացած դարպասապահ էիք: Ինչպե՞ս եք կարողացել հաղթահարել դրանք, ինչպե՞ս եք կարողացել շարունակել առանց կոտրվելու:

- Ես այդ ամենը հաղթահարել եմ, որովհետև սիրել եմ ֆուտբոլը, սիրել եմ այն, ինչ արել եմ: Ավելի մոտիվացված եմ եղել դժվարություններից, ձգտել եմ լավագույն կողմերս ցույց տալ: Իհարկե, այդ ամենում ինձ շատ-շատ են աջակցել կինս, երեխաներս, ծնողներս:

- Դուք արդեն քանի տարի է՝ խուսափում եք հավաքականի մասին հարցերից... Այնուամենայնիվ, խոսենք նաև դրա մասին:

- Ինչ վերաբերում է հավաքականին՝ կարող եմ միայն շնորհավորել մեր հավաքականին վերջին հաղթանակների առթիվ: Այդքանը:

- Այսինքն, այդ էջը ձեզ համար ընդմիշտ փակվա՞ծ է:

- Դա ինձնից կախված չէ: Հավաքական հրավիրվում են այդ պահին լավագույն մարզավիճակ ունեցող ֆուտբոլիստները՝ առանց բացառության: Կարևոր չէ տարիքը, կամ այլ բան...

- Իսկ եթե խոսենք անցյալից: Երկրպագուներն այդպես էլ չհամակերպվեցին  Ձեզ այլևս հավաքական չհրավիրելու փաստի հետ:

-  Անցյալից շատ չեմ ուզում խոսել: Մի մասը տխրել էր, մի մասը՝ ուրախացել... Այնուամենայնիվ, բոլորին հարգում եմ:

- Մարդկային գործոնը Ձեր կարիերայի ու, ընդհանրապես, հայկական ֆուտբոլի բնականոն ընթացքը շա՞տ է փոխել՞:

- Այո, փորձել են խանգարել:

- Իսկ երբևէ փորձել եք պատկերացնե՞լ, թե ինչպես կզարգանար Ձեր կարիերան, եթե խանգարողներ չլինեին: Եթե հնարավորություն ունենայիք, որևէ  բան փոխելու կարիերայում: Ի՞նչը կփոխեիք: Ո՞ր դրվագը կջնջեիք:

- Հաստատ ամեն ինչ ավելի լավ կլիներ: Բայց ամեն ինչ արդեն անցյալում է: Չեմ էլ ուզում մտածել այդ մասին, քանի որ այլևս ոչինչ չի փոխվի:

- Ձեր կարիերայում ամենահիշարժան խաղը, բաց թողած ամենացավոտ գոլը ո՞րն է:

- Եղել են շատ հիշարժան խաղեր: Ցավոտ գոլեր էլ են եղել: Դրանցից խուսափել չի լինի: Բայց այս պահին չեմ կարող որևէ մեկը առանձնացնել:

- Գևորգ, ռեկորդակիր եք մեր առաջնությունում: 332 խաղ, 120 չոր հանդիպում: Մտածո՞ւմ եք վերջին մրցաշրջանում անպայման սեփական ռեկորդը թարմացնելու մասին:

- Առաջին հերթին մտածում եմ թիմի հաջողությունների մասին: Եթե լավ հանդես գանք, ռեկորդների թարմացումն էլ կլինի: Բայց ռեկորդները նրա համար են, որ գերազանցվեն: Չնայած՝ եթե մշտապես Հայաստանում խաղացած լինեի, այդ թվերն ավելի շատ կլինեին (Ժպտում է՝ հեղ.):

- Եվ վերջում: Դարպասապահը պե՞տք է ընկերություն անի դարպասի հետ:

- Անպայման: Առանց դրա չի լինի (Ծիծաղում է՝ հեղ.):

- Բուֆոնը հուզիչ նամակ էր գրել դարպասին: Դուք մտածե՞լ եք՝ ինչ կասեք դարպասին այսքան տարիների ընկերությունից հետո:

- Դեռ չեմ մտածել: Դրա համար մեկ տարի ունեմ:

Հարցազրույցը՝ Հռիփսիմե Գալստյանի

Share |

Լրահոս

Loading...