Երևանյան հուլիսը ֆուտբոլային է լինելու

10:45 15.06.2019

3 տարի տևած նախապատրաստական փուլից հետո Երևանում սպասվող ֆուտբոլային տոնի կազմակերպչական աշխատանքները մոտենում են ավարտին:

Հուլիսի 14-27-ը անցկացվելիք մինչև 19 տարեկանների Եվրո-2019 եզրափակիչ մրցաշարին ընդառաջ Երևանին ֆուտբոլային շունչ կհաղորդեն քաղաքում տեղադրված գովազդային պաստառներն ու հոլովակները:

Ֆուտբոլային տրամադրության պակաս չի լինի

«Արդեն իսկ աշխատում ենք քաղաքի «dressing»-ի ուղղությամբ: Եթե չեմ սխալվում, արդեն մի քանի օր է՝ քաղաքի մի քանի հատվածներում հոլովակներ են ցուցադրվում, շուտով կլինեն նաև պաստառներ», - ArmSport-ի հետ զրույցում պատմում է  ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանը, որը նաև մրցաշարի տնօրենն է: 

Երևանի քաղաքապետարանն իր աջակցությունն ու  օժանադակությունն է ունեցել գովազդային արշավի կազմակերպման գործում: Մրցաշարի կազմկոմիտեն  վճարելու է միայն պաստառների տպագրության համար, իսկ գովազդ տեղադրելու իրավունքների հարցերը կհոգա քաղաքապետարանը: Քաղաքում թվով 10 տեղ գովազդներ են տեղադրվելու` ընդգրկելով  քաղաքի բոլոր վարչական շրջաններն ու օդանավակայանի ճանապարհը: Կազմակերպիչները նախատեսում են նաև օդանավակայանում ունենալ մրցաշարը գովազդող պաստառներ, բայց դա կարվի հուլիսի 5-ից հետո:

«Այս կերպ ցանկանում ենք մրցաշարի մասին տեղեկացնել Երևան ժամանող զբոսաշրջիկներին», - ասում է մրցաշարի տնօրեն Արթուր Ազարյանը:

Կազմակերպչական վերջին շտրիխները

Ֆուտբոլային տրամադրության պակաս մայրաքաղաքում չի զգացվի, բայց ամենակարևորը` պատրաստ են նաև մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, ի մի են բերվում վերջին շտրիխները: Արթուր Ազարյանի խոսքով, մասնակից թիմերը դեռևս մայիսի 31-ին Երևանում կայացած վիճակահանությունից հետո երկու օր շարունակ հնարավորություն են ունեցել ծանոթանալու թե՛ հյուրանոցային ենթակառուցվածքներին, որտեղ հանգրվանելու են, թե՛ մարզադաշտերին, որտեղ խաղերն են անցկացվելու, և՛ մարզումային դաշտերին, որոնք հատկացվել են ամբողջ մրցաշարի համար: «Որևէ դժգոհություն թիմերից և ոչ մեկի կողմից չի եղել: Բոլորը գոհ և բավարարված էին առկա պայմաններից: Այս պահին արդեն ֆեդերացիան ամենօրյա կապի մեջ է մասնակից թիմերի հետ` հյուրանոցային սենյակի, սննդի տեսակների, քանակի և նման այլ հարցերով, որպեսզի հասկանան իրենց պահանջները, դրանք փոխանցեն հյուրանոցներին: »,- մեզ հետ զրույցում նշում է Արթուր Ազարյանը։

Մարզադաշտերը նույնպես պատրաստ են հիմնական ենթակառուցվածքների առումով, մնում է ձևավորվեն մրցաշարի պահանջներին համապատասխան: 3 մարզադաշտերը, թիմերին սպասարկող ավտոբուսներն ու մեքենաները, որ ՀՖՖ-ն վարձել է պատվիրակություններին տեղափոխելու համար, բրենդավորվելու են: Նախատեսվում է այդ աշխատանքներն ավարտել մինչև հուլիսի 5-6-ը:

Մուտքը մարզադաշտեր տոմսերով է լինելու

Հուլիսի 14-27-ը անցկացվելիք մինչև 19 տարեկանների Եվրո-2019 եզրափակիչ մրցաշարի տոմսերի վաճառքը կմեկնարկի մոտ օրերս: Հիմա դրանք տպագրման փուլում են: Խմբային բոլոր 12 խաղերի վաճառքը կսկսվի միաժամանակ: Դրանք վաճառվելու են բոլոր այն մարզադաշտերում, որտեղ անցկացվելու են խաղերը: «Մեկ բացառություն կա. «Հանրապետական» մարզադաշտում վաճառվելու են անխտիր բոլոր խաղերի տոմսերը, իսկ մյուս մարզադաշտերում՝ հենց այդտեղ կայանալիք խաղերինը»,- հստակեցնում է Արթուր Ազարյանը։


Մ19 Եվրո-2019-ի հանդիպումները կայանալու են Վ․Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, Ավանի ակադեմիայում և «Բանանցում»։ Թիմերը մարզումները կանցկացնեն «Ալաշկերտում», «Բանանցում» և Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում։ Հայաստանի Մ19 հավաքականն, ինչպես հայտնի է, միևնույն խմբում է ընդգրկվել Իսպանիայի, Պորտուգալիայի և Իտալիայի իր հասակակիցների հետ: Երևանում ֆուտբոլային հուլիսը թեժ է լինելու:

Պատրաստեց Նարե Հովհաննիսյանը

Share |

Լրահոս

Loading...