Կոուտինյոյի դուբլը, Բրազիլիայի 100-րդ հաղթանակը․ մեկնարկեց Copa America-ն (տեսանյութ)

10:14 15.06.2019

Սան Պաուլուի «Մորումբի» մարզադաշտում մեկնարկեց Ամերիկայի Գավաթի խաղարկությունը։

Մեկնարկային խաղում մրցաշարը հյուրընկալող Բրազիլիան վստահ հաղթանակ տոնեց Բոլիվիայի ընտրանու նկատմամբ՝ խփելով 3 անպատասխան գոլ։

Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին, իսկ երկրորդի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, հաշիվը բացեց Ֆիլիպե Կոուտինյոն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։ Ընդամենը 3 րոպե անց «Բարսելոնայի» կիսապաշտպանը դուբլ ձևակերպեց, իսկ երրորդ գոլը 85-րդ րոպեին խփեց Էվերթոն Սոարեսը։

Այսպիսով, խոշոր հաշվով հաղթանակից հետո Բրազիլիան գլխավորեց A խմբի մրցաշարային աղյուսակը։ Բրազիլիացիները հաջորդ խաղը կանցկացնեն հունիսի 19-ին՝ Սալվադորի «Արենա Ֆոնտե Նովա» մարզադաշտում մրցելով Վենեսուելայի ընտրանու հետ։

Հավելենք, որ սա Բրազիլիայի համար Ամերիկայի Գավաթում տոնած 100-րդ հաղթանակն էր։ Ընդհանուր առմամբ, Բրազիլիան մրցաշարում 179 հանդիպում է անցկացրել, 35 անգամ ոչ-ոքի է խաղացել, 44 անգամ էլ պարտվել է։

Ամերիկայի Գավաթ, առաջին տուր
A խումբ

Բրազիլիա - Բոլիվիա՝ 3-0
Գոլերը՝ Կոուտինյո 50՛ (11-մետրանոց), 53՛, Էվերթոն 85՛

 

Share |

Լրահոս

Loading...