Համախմբում. Եվրոպական խաղերին կմասնակցեն հայկական 2 ֆեդերացիայի բռնցքամարտիկները

18:05 17.06.2019

Մինսկում հունիսի 21-30 կայանալիք Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարը կսկսեն բռնցքամարտիկները, որոնք վաղը՝ հունիսի 18-ին կուղևորվեն մրցավայր:

Հայաստանի հավաքականի կազմում Մինսկ կմեկնի 11 բռնցքամարտիկ: Մարզիկներ են ներառվել ինչպես Հայաստանի բռնցքամարտի (6 մարզիկ), այնպես էլ` բռնցքամարտի հայկական ազգային (5) ֆեդերացիաներից:

Շուրջ մեկ տարի է արդեն, ինչ հայկական բռնցքամարտում իրավիճակը լարված է: Բռնցքամարտի ֆեդերացիայում նախագահ Արթուր Գևորգյանի ընտրություններից հետո մարզիկների և մարզիչների մի ստվար զանգված բողոքարկեց ընտրության արդյունքները՝ համարելով դրանք ապօրինի։ Արդյունքում ունեցանք բռնցքամարտի 2 ֆեդերացիա:

Այժմ Եվրոպական խաղերին ընդառաջ երկու ֆեդերացիաները ներկայացնող մարզիկները, մի կողմ թողնելով տարաձայնությունները, որոշել են համախմբվել Օլիմպիական կոմիտեի շուրջն ու մասնակցել կարևոր ստուգատեսին` ամեն ինչից վեր դասելով սպորտը.

«Որևէ մեկին համոզելու կարիք չի եղել: Բոլորը պրոֆեսիոնալ են, որոնց միակ նպատակն իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքը Եվրոպայի, աշխարհի առաջնություններում տեսնելն է: Բոլորը համաձայնվել են համախմբվել Օլիմպիական կոմիտեի շուրջ, գնալ մրցումների` ամեն թիմն իր մարզիկով, իսկ հետո անցկացնել ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններ»,- ասում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Մինսկ-2019-ում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտիկներ Անուշ Գրիգորյանը (51 կգ), Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Բարեղամ Հարությունյանը (52 կգ), Ժիրայր Սարգսյանը (56 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Գոռ Ներսեսյանը (81 կգ), Հենրիկ Սարգսյանը (91 կգ), Գուրգեն Հովհաննիսյանը (91+ կգ):

Բռնցքամարտի ֆեդերացիայից ավելի վաղ հայտարարել էին՝ ՀԱՕԿ-ն իր ազդեցությունն է ունեցել Եվրոպական խաղերին մեկնող բռնցքամարտիկների ընտրության հարցում։ Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն էլ գրառում էր կատարել, որ Գագիկ Ծառուկյանը գումար է առաջարկել իրենց ուժեղագույն բռնցքամարտիկներին.

«ՀԱՕԿ նախագահը դիմել է աննախադեպ քայլի և որոշել է անձամբ հրավիրել իր մոտ մեր ուժեղագույն բռնցքամարտիկին և ամսական գումար առաջարկել 1.000 000 դրամ, իսկ մյուս լավագույններին 200.000-ական:

Շատ գովելի քայլ է իր կողմից և ես անձամբ հորդորել եմ չհրաժարվել և ընդունել առաջարկը»,- գրել էր Արթուր Գևորգյանը` այդուհանդերձ ՀԱՕԿ նախագահին հորդորելով զբաղվել բարեգործությամբ և ֆինանսավորել մարզիկներին, բայց չմիջամտել ֆեդերացիայի ներքին հարցերին:

«Այս քայլն ազնիվ կլիներ, եթե պարոն խոշոր սեփականատերը, լինելով օլիմպիական կոմիտեի նախագահ, անցյալում էլ նման քայլ ձեռնարկած լիներ,երբ այս տղաներն աշխարհի, Եվրոպայի հաղթողներ և մրցանակակիրներ չէին։ Ազնվությամբ ողջունում եմ այս քայլը,սա այն է, ինչով պետք է զբաղվեն խոշոր սեփականատերերը և ոչ ավել»:

ՀԱՕԿ նախագահն իր հերթին նշում է, որ թոշակներ է նշանակել ինչպես բռնցքամարտիկների, այնպես էլ` մյուս մարզաձևերի ներկայացուցիչների համար.

«Եթե մարզիկը պարապում է, ֆեդերացիան պարտադիր պետք է գումար տրամադրի, որպեսզի մեկ այլ աշխատանքով չզբաղվի` գումար վաստակելու համար: Եթե չեմպիոնն ամուսնացած է, ընտանիք ունի, բայց չի ստանում թոշակ, ինչպե՞ս պետք է իր ընտանիքը պահի, մեկ այլ աշխատա՞նք գտնի: Այո, նշանակել եմ թոշակներ, բայց ոչ միայն բռնցքամարտիկների, այլև մյուս մարզաձևերի ներկայացուցիչների համար»:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը ArmSport-ին տված հարցազրույցում արդեն պարզաբանել է, որ Եվրոպական խաղերին ներկայացվող հայտը ՀԱՕԿ-ի համակարգման տիրույթում է։ ՀԱՕԿ-ն այդ հայտը ներկայացնում է ֆեդերացիայի միջնորդությամբ՝ հիմնվելով ներկայացրած ցուցակի վրա։ Եթե ՀԱՕԿ-ը խախտումներ է հայտնաբերում այդ ցանկում, կարող է իր ունեցած կանոնադրական իրավունքներով միջամտել։ Եթե նման խախտումներ եղել են, նորմալ է, որ ցանկում ՀԱՕԿ-ը կարող է փոփոխություններ կատարել։

«Միայն թե ամեն ինչ պետք է լինի օրենքի և իրավասության սահմաններում, որոնցից ՀԱՕԿ-ին խորհուրդ կտամ դուրս չգալ»,- նշել էր Լոռեցյանը` հստակեցնելով, որ նախարարությունը կողմերին հաշտեցնելու քայլեր կձեռնարկի:

Դեռևս հայտնի չէ, թե երբ կկայանան բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությունները, բայց հաշվի առնելով այն, որ ոլորտի պատասխանատուներն ու մարզիկները, չնայած առկա տարաձայություններին, գտան ուղիներ միասնական ներկայանալու կարևոր ստուգատեսին, հույս է առաջանում, որ տարաձայնությունները կլուծվեն` ի նպաստ հայկական բռնցքամարտի:

Share |

Լրահոս

Loading...