Կլուծի՞ Արարատ Արմենիան Շիրակի վրեժը. ԱԻԿ-ի հետ հիշողությունները դեռ թարմ են

19:50 18.06.2019

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակից շվեդական ԱԻԿ-ի հետ կապված հայ ֆուտբոլասերներն այնքան էլ լավ հիշողություններ չունեն։

2015 թվականին հայկական մեկ այլ ակումբ՝ Գյումրիի «Շիրակը» Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում մրցեց ԱԻԿ-ի հետ՝ երկու խաղի արդյունքում 0։4 հաշվով ցավալի պարտություն կրելով։

Գյումրիի թիմը նախ թրիլերային հանդիպում անցկացրեց Ստոկհոլմում (0:2)․ ԱԻԿ-ը նշանակված 2 11-մետրանոցներից մեկն անվրպեց իրացրեց, մյուսը հետ մղեց գյումրեցիների դարպասապահ Վսևոլոդ Երմակովը,իսկ «Շիրակը» խաղն ավարտեց 8 հոգով․ երկրորդ դեղին քարտերով դաշտից հեռացվեցին Արման Հովհաննիսյանը, Գոռ Մալաքյանը, որն ի դեպ, այժմ հանդես է գալիս «Արարատ-Արմենիայում», և Անդրանիկ Բարիկյանը։

Ամեն ինչ, սակայն, չավարտվեց խաղադաշտում։ Հանդիպումից հետո ԱԻԿ-ի ներկայացուցիչները հայկական թիմին մեղադրեցին ակումբի սրբիչների գողության մեջ, ինչի համար գյումրեցիների կողմից հայց ներկայացվեց Շվեդիայի ոստիկանություն՝ անհիմն մեղադրանքի համար:

Այդ պատմությունը մեծ արձագանք ստացավ Շվեդիայում և շարունակվեց նաև Գյումրիում, երբ թիմերի միջև կայացած պատասխան խաղում սկանդինավների երկրպագուները սկսեցին սրբիչներ թափահարել:

Ի պատասխան դրա, «Շիրակը» 50 սրբիչ նվիրեց սկանդինավցիներին:

Ի դեպ, Գյումրիում կայացած պատասխան խաղից առաջ էլ ոստիկանները կանխել էին երկու ակումբների երկրպագուների միջև բախումը Վարդանանց հրապարակում։

Ահա, թե ինչ ընդունելության էին արժանացել շվեդական թիմի ֆուտբոլիստները Գյումրիում՝ Ստոկհոլմում կայացած միջադեպից հետո․

Հիշեցնենք՝ պատասախան խաղում ևս «Շիրակը» պարտվեց 0։2 հաշվով ու լքեց պայքարը։

Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի որակավորման փուլի առաջին հանդիպումը՝ «Արարատ-Արմենիայի» և ԱԻԿ-ի միջև կկայանա հուլիսի 9-ին կամ 10-ին։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը՝ հուլիսի 16-ին կամ 17-ին։

Share |

Լրահոս

Loading...