Գիտենք, որ դժվար է լինելու․ Պետրոս Ավետիսյանը ԱԻԿ-ի հետ մրցելու մասին

18:00 18.06.2019

«Արարատ-Արմենիան» պետք է անի իր առավելագույնը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում շվեդական ԱԻԿ-ի հետ դիմակայությունում հաջողության հասնելու համար։ Այս կարծիքին է երևանյան ակումբի և Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը․

«Շատ բարդ մրցակից է մեզ բաժին ընկել։ Գիտենք՝ շվեդական առաջնությունը շատ ուժեղ է, իսկ ԱԻԿ-ը՝ հատկապես։ Շատ լավ ֆուտբոլ է ցուցադրում։ Գիտենք, որ շատ դժվար է լինելու, բայց դեռ ժամանակ ունենք մրցակցին մանրամասն վերլուծելու և լավ նախապատրաստվելու համար։ ԱԻԿ-ը, ինչպես բոլոր թիմերը, ունեն ուժեղ և թույլ կողմեր»,- ArmSport-ի հետ զրույցում ասել է Պետրոս Ավետիսյանը։

Երևանյան թիմը, որն արդեն սկսել է նախապատրաստությունը, նաև արտասահմանյան հավաք կունենա։ Թիմը հունիսի 22-ին կմեկնի Մինսկ ու կշարունակի մարզումներն արդեն Բելառուսի մայրաքաղաքում։ Պետրոս Ավետիսյանը կարծում է՝ այդ ընթացքում իրենք կհամալրվեն նոր ֆուտբոլիստներով ու կհասցնեն լավ նախապատրաստվել։

«Ի՞նչ է պետք հաջողության հասնելու համար․ խելացի աշխատանք, մեծ ցանկություն և բնավորություն։ Կարծում եմ այս հատկանիշները կարևոր են։ Պետք է անենք մեր առավելագույնը, ցուցադրենք մեր լավագույն խաղը, որպեսզի անցնենք հաջորդ փուլ։ Մնացածը՝ խաղը ցույց կտա»,- ասում է ֆուտբոլիստը։

ՉԼ-ի որակավորման փուլի առաջին հանդիպումն «Արարատ-Արմենիան» կանցկացնի հուլիսի 9-ին կամ 10-ին, ամենայն հավանականությամբ, Երևանում։ Պետրոս Ավետիսյանն ասում է՝ չեն կենտրոնանում այն մտքի վրա, թե առաջին հանդիպումը որտեղ կանցկացնեն․ 

«Դրան այնքան էլ կարևորություն չենք տալիս։ Որտեղ էլ՝ լինի, նույն կերպ պետք է պատրաստվենք ու ամեն ինչ անենք լավ հանդես գալու համար»։

Հիշեցնենք, որ 2018/19 մրցաշրջանի արդյունքներով «Արարատ-Արմենիան» վերջին տուրում 1 միավորով շրջանցեց «Փյունիկին» և Բարձրագույն խմբում հանդես գալու առաջին իսկ տարում նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Նարե Հովհաննիսյան

Share |

Լրահոս

Loading...