Ժամանակացույցերի բախում. ՀՖՖ-ն լուծումներ է գտել եվրագավաթների ու Եվրո-2019-ի անցկացման համար

11:56 18.06.2019

Այսօր հունիսի 18-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում անցկացվելիք վիճակահանությունից հետո եվրագավաթային ուղեգիր նվաճած հայկական թիմերը կիմանան որակավորման առաջին փուլում իրենց մրցակիցներին:

Հայաստանն ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերում այս տարի ևս ներկայացված կլինի 4 թիմով. «Արարատ-Արմենիան» կխաղա Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: «Ալաշկերտը»՝ գավաթային ուղով, «Փյունիկն» ու «Բանանցը»՝ առաջնության արդյունքներով, կխաղան Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում:

Հայաստանը ՈւԵՖԱ-ի չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքների խնդիր ունի. եվրագավաթային մրցաշարերի որակավորման 1-ին և 2-րդ փուլեր սպասարկելու համար այս պահին ունենք ընդամենը 4 համապատասխան մարզադաշտ՝ «Հանրապետական», Ավանի ակադեմիայի մարզադաշտ, «Բանանց» մարզադաշտ և Գյումրու «Քաղաքային» մարզադաշտ:

Հուլիսին ֆուտբոլային իրադարձությունները բազմաթիվ են, և մեր ակումբները կարող են խնդիրների բախվել տնային խաղերը հյուրընկալելու հարցում: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերը նախատեսված են հուլիսի 9-ին և 10-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 16-ին և 17-ին: Եվրոպա լիգայի խաղերը նշանակված են հուլիսի 11-ին և 18-ին:

Հուլիսի 14-ից Երևանում մեկնարկող Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության խաղերին զուգահեռ՝ ինչպե՞ս է կարգավորվելու եվրագավաթային խաղերի անցկացման վայրի հարցը:  ՀՖՖ-ից վստահեցնում են, որ մշակել են տարբերակ և գտել լուծման ճանապարհներ:

«Մենք այդ հարցով կապի մեջ ենք թե՛ ակումբների, թե՛ ՈւԵՖԱ-ի հետ: Մենք հաշվարկներն այնպես ենք արել, որ ոչ մի խաղ մյուսին չխանգարի և մեր տարբերակն ուղարկել ենք և՛ ՈւԵՖԱ-ին, և՛ ակումբներին: Ամեն ինչ վերջնական տեսքի կբերվի Եվրագավաթների վիճակահանությունից՝ հունիսի 18-ից հետո:», - ArmSport.am-ին պարզաբանել է ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանը:

Այս պահին հստակ է միայն, որ «Հանրապետական» մարզադաշտը ՈւԵՖԱ-ի եվագավաթային որակավորման առաջին և երկրորդ փուլի խաղեր չի ընդունելու: Այնտեղ անցկացվելու է մինչև 19 տարեկանների Եվրո-2019-ի 6 խաղ, և ստացվում է, որ «Հանրապետականում» գրեթե ամեն օր կամ երկու օրը մեկ խաղ է լինելու: Բացի դրանից, «Հանրապետականը» միակ մարզադաշտն է Հայաստանում, որը համապատասխանում է որակավորման 3-րդ փուլի խաղ ընդունելու՝ ՈւԵՖԱ-ի պահանջներին:  Ինչպես պարզաբանում է ՀՖՖ պաշտոնյան՝

«Մենք խնդիր ունենք 3-րդ փուլի համար «Հանրապետականի» խոտածածկը լավ վիճակում պահպանելու՝ անկախ մրցաշարից: Էլ չեմ նշում, որ սեպտեմբերին հավաքականի 2 խաղ ունենք: Գարնանը մասնակի վերանորոգել ենք խոտածածկը, և չենք ցանկանում հիմա շատ վնասել, որպեսզի այն գոնե աշնան խաղերի և մյուս տարվա առաջնության խաղերի համար պատշաճ վիճակում լինի»:

Տեղեկացնենք, որ 2019/20 մրցաշրջանում «Հանրապետականը»  լինելու է նաև Հայաստանի Բարձրագույն խմբի թիմերից մեկի տնային մարզադաշտը:

Վիճակահանությունից հետո  մեր թիմերը  ոչ միայն կիմանան իրենց մրցակիցներին, այլև պարզ կդառնա, թե որտեղ կկայանան առաջին հանդիպումները:

 

Հռիփսիմե Գալստյան

Share |

Լրահոս

Loading...