Չուկարիչկին գուցե բարդ մրցակից է, բայց անանցանելի չէ. Արամ Բարեղամյան

13:50 19.06.2019

Սերբական «Չուկարիչկին», թեև, բարդ մրցակից է, բայց անհաղթահարելի չէ: ArmSport-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Երևանի «Բանանցի» կիսապաշտպան Արամ Բարեղամյանը` մեկնաբանելով Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

«Վիճակահանությունը նորմալ եմ գնահատում, թեև մեզ կարող էր ավելի հարմար մրցակից բաժին հասնել: Չնայած` եվրագավաթներում թույլ թիմեր չկան:

«Չուկարիչկին», միգուցե, բարդ մրցակից է, բայց չեմ կարծում, թե անանցանելի է: Եթե մեր առավելագույնով տրվենք խաղին, կարծում եմ` կարող ենք հաղթահարել նրանց արգելքը»,- ասում է Արամ Բարեղամյանն ու նշում, որ մրցակցի մասին առավել խորը տեղեկություն իրենց կփոխանցեն մարզիչներն ու կասեն նրանց ուժեղ ու թույլ կողմերը:

Սերբական թիմի հետ «Բանանցը» տարիներ առաջ խաղացել է կիպրոսյան հավաքի ընթացքում և 0:5 հաշվով պարտություն է կրել: Կհաջողվի՞ արդյոք յուրատեսակ «վրեժ» լուծել.

«Հավաքի ժամանակ անցկացրած խաղերն ուսումնամարզական բնույթ են կրում: Կարծում եմ` չարժե մեկը մյուսի հետ կապել, քանի որ շատ ժամանակ է անցել և թիմերի կազմերն ու խաղացողները փոխվել են ... համենայն դեպս, մեզ մոտ փոփոխությունները շատ են եղել»,- շեշտում է ֆուտբոլիստը:

Արամ Բարեղամյանը Եվրոպա լիգայի որակավորման փուլի առաջին հանդիպումը կնախընտրեր անցկացնել մրցակցի հարկի տակ.

«Կարծում եմ` այդպես ավելի լավ է, քանի որ երբ առաջին խաղում մրցակցի հարկի տակ հարմար հաշիվ է գրանցվում, պատասխան խաղում առավելություն ես ունենում սեփական դաշտում»:

31-ամյա ֆուտբոլիստը վստահ է` եվրագավաթային խաղերում ևս կստանան երկրպագուների աջակցությունը և խոստանում է խուսախաբ չանել.

«Մեր երկրպագուներն, ինչպես առաջնության խաղերում, այնպես էլ վստահ եմ` եվրագավաթներում, մեզ շատ կօգնեն: Մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի հուսախաբ չանենք նրանց»:

Հիշեցնենք` Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի խաղերը կկայանան հուլիսի 11-ին և 18-ին:

Նախապատրաստվելով եվրագավաթային հանդիպումներին` «Բանանցը» երեկվանից 14-օրյա հավաք է անցկացնում Ստամբուլի մերձակայքում գտնվող Կարթեփե քաղաքում, որի շրջանակում կանցկացնի նաև ընկերական խաղեր:

Նարե Հովհաննիսյան

Share |

Լրահոս

Loading...