5 նոր հրացան հրաձիգներին Եվրոպական երկրորդ խաղերում հաղթանակի դեպքում

12:39 19.06.2019

Մինսկում կայանալիք Եվրոպական երկրորդ խաղերում հաղթանակի հասնելու դեպքում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 5 նոր հրացան է խոստացել Երևանի հրաձգության մարզադպրոցին: 

Մինսկ-2019-ում Հայաստանը ներկայացնող հրաձիգներ Հրաչ Բաբայանն (10մ օդամղիչ հրացան, 50մ հրացան) ու 16-ամյա Ալլա Պողոսյանը (10մ օդամղիչ հրացան) այսօր՝ հունիսի 19-ին մեկնում են Բելառուս։ Այս մարզաձևի ներկայացուցիչների մրցման օրերն են հունիսի 24-ից 26-ը։ 

2014-ին Նանկինում կայացած պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Հրաչ Բաբայանը, որը երկրորդ անգամ կմասնակցի Եվրոպական խաղերին, ասում է՝ 5 նոր հրացանի հեռանկարը գուցե լրացուցիչ մոտիվացիա լինի, բայց անձամբ ինքը նման բաներին աշխատում է ուշադրություն չդարձնել․

«Մրցումից առաջ աշխատում եմ ավելորդ մտքեր չունենալ։ Չեմ սիրում նաև կանխատեսումներ անել ու խոսել սպասելիքների մասին․ նպատակս եզրափակիչ դուրս գալն է ու կփորձեմ անել դա»,- ArmSport-ի հետ զրույցում նշել է 22-ամյա մարզիկը։

Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեն արդեն իսկ 2 բարձրակարգ հրացան է հատկացրել հրաձիգներին՝ Եվրոպական խաղերին պատշաճ մասնակցության համար։ Հրաչ Բաբայանի խոսքով իրենք լավ նախապատրաստություն են անցել՝ ամեն ինչով ապահովված։ Իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը հույս է հայտնում, որ նոր հրացաններով իրենց գրանցած ցուցանիշները բարձր կլինեն։

Լուսանկարը` ՀԱՕԿ-ի

Հիշեցնենք` Հրաչիկ Բաբայանը 2010 թվականից է մարզվում, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն է, երիտասարդների ԱԱ-ի փոխչեմպիոն:

2015 թվականին Բաքվում կայացած Եվրոպական առաջին խաղերում Բաբայանը կարողացել է ռեկորդ սահմանել 10 մետր օդամուղ հրացանով վարժության որակավորման փուլում (629.3 միավոր), առաջին տեղով հայ հրաձիգը դուրս է եկել եզրափակիչ, սակայն 8 հրաձիգների հետ պայքարում գրավել է միայն 5-րդ տեղը (143.3 միավոր):

Իսկ Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի 10մ օդամղիչ հրացան վարժության որակավորման փուլում 50 մասնակիցների մեջ վաստակել է 621.5 միավոր և զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը` չկարողանալով դուրս գալ եզրափակիչ:

Ինչ վերաբերում է Ալլա Պողոսյանին, ապա 16-ամյա մարզիկն առաջին անգամ է մասնակցելու Եվրոպական խաղերին: Հայաստանի առաջնության չեմպիոն է, ռեկորդակիր: Ալլա Պողոսյանն, ավելի վաղ խոսելով կարիերայում գրանցած ամենացավալի պարտության մասին, մասնավորապես ասել է.

«2018 թվականին Գյոր քաղաքում պայքարում էինք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար: Ես հավասար միավորներ ունեի, բայց չանցա եզրափակիչ փուլ և զրկվեցի ուղեգրից»:

Լուսանկարը` ՀԱՕԿ-ի

Հայաստանը հրաձգության Եվրոպայի չեմպիոն վերջին անգամ ունեցել է 2012 թվականին. Երջանիկ Ավետիսյանը, որն աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն է, վերջին անգամ հենց 2012-ին է դարձել ոսկե մեդալակիր: Առհասարակ, Հայաստանը բավականին մեծ ավանդ ունի այս մարզաձևում:

Լեգենդար Հրաչյա Պետիկյանը 1992 թվականին դարձել է 25-րդ Օլիմպիական չեմպիոն, 1989-ին նվաճել է նաև աշխարհի չեմպիոնի տիտղոսն, իսկ 1983 և 1985 թվականներին ճանաչվել է նաև Եվրոպայի չեմպիոն:

Եվրոպայի 6-ակի չեմպիոն է Զինաիդա Սիմոնյանը, որի պատվին Հայաստանում նաև հրաձգության հուշամրցաշար է անցկացվում: Անվանի մարզուհին 1974 թվականին նվաճել է նաև աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Այս մարզաձևում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է նաև Աշոտ Մկրտչյանը` 1978 թվականին:

Նարե Հովհաննիսյան

Share |

Լրահոս

Loading...