Նպատակը Բարձրագույն խումբ դուրս գալն է․ Արագածի նախագահը՝ ընթացիկ աշխատանքների և նպատակների մասին

19:11 19.06.2019

«Արագած» ՖԱ-ի նախագահ Հակոբ Ֆահրադյանն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում խոսել է փոխնախագահի և գլխավոր մարզչի ընտրության, ընթացիկ աշխատանքների մասին։

- Պարոն Ֆահրադյան, պաշտոնապես հայտարարվել է ակումբի փոխնախագահի պաշտոնում Ռաֆայել Նազարյանի և գլխավոր մարզչի պաշտոնում Վարազդատ Ավետիսյանի նշանակումների մասին. ասեք, թե ինչպե՞ս է կատարվել ընտրությունը:

- Նազարյանը բանիմաց մասնագետ է, լավ մարզիչ: Հեռակա ճանաչելով՝ ցանկացել եմ համագործակցել: Կոնկրետ նպատակներից մեկն է եղել աշխատել իր հետ. նույնը կարող եմ ասել Վարազդատ Ավետիսյանի մասին: Նրանք նվիրված են ֆուտբոլին: Բոլորիս նպատակը հայկական ֆուտբոլի առաջընթացն է: Գիտեմ, որ Նազարյանի և Ավետիսյանի գլխավորությամբ հայ ֆուտբոլիստները կարող են աճ գրանցել: Իրենք այն մարդիկ են, որոնց հետ իրապես ցանկացել եմ աշխատել: Ուրախ եմ, որ համագործակցում ենք և միասին անպայման մեծ հաջողությունների ենք հասնելու:

- Ի՞նչ փուլում են «Արագածի» ընթացիկ աշխատանքները:

- Նախ ասեմ, որ մեր ծրագրերը երկարաժամկետ են. մենք գործով ենք ապացուցելու: Կանենք ամեն ինչ ի նպաստ հայկական ֆուտբոլի զարգացմանը: Անձնակազմը գրեթե ամբողջապես կազմավորված է, թեկնածուներ կան թափուր պաշտոնների համար: Անձնակազմը 80-90 տոկոսով ձևավորված է:

Արդեն հայտարարել ենք 2 ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելու մասին: Այդ ուղղությամբ ընթանում են ամենօրյա և ծավալուն աշխատանքներ: Սամվելը և Հայկը լավ համալրումներ են մեզ համար: Բնականաբար, կունենանք նոր ֆուտբոլիստներ, նաև 8-10 լեգիոներներ: Ներկա դրությամբ մենք չունենք այն ռեսուրսը, որը թույլ կտա արտասահմանից չհրավիրել խաղացող: Ցանկանում ենք հասնել այն մակարդակի, որ հետագայում գլխավոր թիմում խաղան մեր սաները, իսկ լեգիոներների թիվը լինի 1-2: Օրերս նախապես մեր ընտրած լեգիոներները կժամանեն և փորձաշրջան կանցնեն թիմում: Այժմ մեզ հարկավոր են բարձրակարգ լեգիոներներ:

- Ինչպիսի՞ն են «Արագածի» թիմային նպատակները:

- Մեր ամբողջական նպատակը, բնական է, մեր ֆուտբոլի զարգացումն է: Թիմային առաջիկա նպատակը Բարձրագույն խումբ դուրս գալն է, իհարկե «Արագածը» պայքարելու է Առաջին խմբում չեմպիոնության համար: Այդ ամենին զուգահեռ ցանկանում ենք ամուր հիմքեր ստեղծել, որպեսզի լիովին պատրաստ լինենք Բարձրագույն խմբում: Ցանկանում ենք ներգրավել մեծ թվով երկրպագուներ Արագածոտնի մարզից, ցանկանում ենք աշխուժացնել ֆուտբոլը Աշտարակում և հարակից տարածքներում: Միանգամից ոչինչ չի ստացվում, ժամանակ է հարկավոր, որպեսզի գործարկենք մեր նպատակասլացությունը: 

- Թիմը հանդես է գալու Աշտարակի «Քասախի մարզիկ» ստադիոնում: Փոխադարձ համաձայնություն կա ակումբի և մարզադաշտի ղեկավարության միջև: Ի՞նչ աշխատանքներ են ընթանում:

- Մարզադաշտի տնօրինության հետ պայմանավորվածություն ձեռք բերելով՝ մեզ վրա ենք վերցրել խոտածածկի պահպանման և վերանորոգման աշխատանքների ծախսերը: Այժմ ծավալուն աշխատանքներ են ընթանում հանդերձարաններում, որպեսզի պատշաճ ներկայանանք առաջնությանը: Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ստադիոնի տնօրեն Արմեն Մաթևոսյանին, ով ևս ամեն ինչ անում է մեզ օգնելու և աշխատանքները ծրագրված կատարելու համար:

- Ի՞նչ կասեք Աշտարակ քաղաքի, ընդհանուր Արագածոտնի մարզի ֆուտբոլասեր հանրությանը, ինչպես նաև քիչ, բայց մեծ պոտենցիալով երկրպագուներին:

- Մեր նպատակների իրագործման համար երկրպագուների դերը մեծ է: Ֆուտբոլը հենց երկրպագուների համար է: Հուսով եմ՝ մոտ ժամանակներում կունենանք երկրպագուների մեր բանակը, որը «Արագածին» կաջակցի Առաջին խմբի հենց առաջին խաղից: Աշտարակում վաղուց կարոտել են ֆուտբոլը և մենք գալիս ենք այդ կարոտը հագեցնելու և միասին ֆուտբոլային մթնոլորտ ստեղծելու համար:

Share |

Լրահոս

Loading...