Մենդի․ Չհավատացի, երբ լսեցի Ռեալի հետաքրքրության մասին

19:46 19.06.2019

Այսօր Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես ներկայացրել է թիմի նորեկ Ֆերլան Մենդիին։ Շնորհանդեսից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մենդին խոսել է տեղափոխության, նպատակների, թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին։

«Շատ ուրախ եմ աշխարհի լավագույն ակումբ տեղափոխվելու և այս մարզաշապիկը կրելու համար։ Երբ լսեցի «Ռեալի» հետաքրքրության մասին, չհավատացի․․․ Սա մեծագույն ակումբ է և այստեղ տեղափոխվելու հնարավորություն ունենալն անհավանական իրադարձություն է։ «Ռեալում» առաջին հերթին սովորելու եմ։ Փորձելու եմ հնարավորինս շատ խաղերի մասնակցել, ամբողջ ուժս ներդնելու եմ ակումբի և երկրպագուների համար։ Նաև ցանկանում եմ հնարավորինս շատ նվաճումների հասնել։

Զիդանի հետ դեռ առանձնազրույց չեմ ունեցել։ Հույս ունեմ՝ շուտով կզրուցենք։ Ինձ համար անչափ կարևոր է, որ հենց Զիդանն է «Ռեալի» մարզիչը։ Նա ինձ կօգնի ավելի շուտ հարմարվել, քանի որ ֆրանսերեն է խոսում։ Մեծ պատիվ է, որ հանդերձարանը կիսելու եմ նման լեգենդի հետ։ Ես փոքր տարիքից հետևել եմ Զիդանի խաղին, և ինձ համար առանձնահատուկ կարևոր է նրա հետ աշխատանքը»,- ասել է Մենդին։

«Սերուցքայինների» նորեկը նաև խոսել է Մարսելոյի հետ հավանական մրցակցության մասին․

«Կարծում եմ՝ Մարսելոն ուրախ է իմ տեղափոխության համար։ Դեռ չեմ զրուցել նրա հետ։ Գիտեմ Մարսելոյի մակարդակը և «Ռեալում» գրանցած նվաճումները։ Նրանից ևս սովորելու շատ բան ունեմ։ Մարզիչն է որոշելու՝ ո՞վ է խաղալու։ «Ռեալի» նման ակումբում մրցակցությունը շատ մեծ է։ Ինձ համար խնդիր չէ լինել մեկնարկային կազմի խաղացող կամ պահեստային։ Մրցաշրջանը դեռ չի սկսվել, և ես չգիտեմ՝ ինչ է ցանկանում Զիդանը։ Ես այստեղ եմ սովորելու և հնարավորինս շատ խաղալու համար»։

Share |

Լրահոս

Loading...