Լեբրոնտոյից՝ չեմպիոնություն. NBA-ն նոր ու անորոշ ապագայով դափնեկիր ունի

11:08 19.06.2019

Ավելի քան 1,5 միլիոն մարդ նախորդ օրը` հունիսի 17-ին, դուրս էր եկել Տորոնտոյի փողոցներ՝ տոնելու քաղաքի և ամբողջ Կանադայի պատմության մեջ առաջին բասկետբոլային չեմպիոնությունը:

Երկրպագուները ցնծում էին, բղավում իրենց հերոսների անունները, Կավայ Լեոնարդին խնդրում էին չհեռանալ, իսկ Ֆրեդ Վանվլիտն ավելի էր թեժացնում կրքերը.

«Դուք անընդհատ նախատում էիք մեզ: Երկու տարի առաջ կրած պարտությունից հետո, նախորդ մրցաշրջանում չոր հաշվով պարտությունից հետո… Հիմա եկել է ուրախանալու ժամանակը: Գրողը տանի, դե տոնեք այս չեմպիոնությունն ամբողջ ամառ»:

Օրեր առաջ տեղի ունեցավ այն, ինչին գրեթե ոչ ոք չէր հավատում. ֆավորիտների շարքին չդասվող, ծաղրական «Լեբրոնտո» անվանման արժանացած (Լեբրոն Ջեյմսի թիմերին պարտվելու համար) թիմին հաջողվեց գահընկեց անել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) վերջին տարիների տիրակալ «Գոլդեն Սթեյթին» և պատմության մեջ առաջին անգամ դառնալ չեմպիոն: Ինչպե՞ս «Տորոնտոյին» հաջողվեց չեմպիոն դառնալ և արդյո՞ք այս հաջողությունը մեկ մրցաշրջանի համար չէ:

Վճռորոշ վեցերորդը

«Գոլդեն Սթեյթ Ուորիորզ»-«Տորոնտո Ռեպտորս» եզրափակիչ շարքում վճռորոշ էր 6-րդ հանդիպումը: Խաղի եզրափակիչ սուլիչից 40 վայրկյան առաջ «Տորոնտոն», ունենալով 1 միավորի առավելություն, գրոհում է: Գործող չեմպիոնները վայրկյաններ կորցնելու իրավունք չունեն: Բոլորի ուշադրության կենտրոնում Ստեֆեն Կարին է՝ «Ուորիորզի» միակ «ողջ մնացած» աստղը: Կարիին հաջողվում է խախտում վաստակել: Նյարդերի հետ կապված խնդիրներ չեն կարող լինել. նա առաջին անգամ չի հայտնվում իրադարձությունների կենտրոնում, այնպես որ՝ այդ դրվագում չի ձախողվում:

Մնացել է 18 վայրկյան խաղաժամանակ: «Տորոնտոյի» մարզիչ Նիկ Ներսը դադար է վերցնում հրահանգներ տալու համար: Դադարից հետո «մարտիկները» չեն հանձնվում. Կարին փոխանցում է ստանում Դրեյմոնդ Գրինից, ազատվում Ֆրեդ Վանվլիտից: Ստանդարտ իրավիճակ, բայց Կարին… Նա անում է այն, ինչ ոչ ոք չէր ակնկալում՝ վրիպում է:

Ձախողումից հետո տանտերերին չի հաջողվում որսալ գնդակը: Սկսվում է վայրկյաններում տեղավորվող կատաղի պայքար. Լեոնարդին չի հաջողվում առաջ նետվել, Գրինը վերցնում է գնդակն ու փորձում թայմ-աութ վերցնել, բայց «Գոլդեն Սթեյթն» արդեն չունի դրա իրավունքը, իսկ մրցավարները տեխնիկական խախտում են արձանագրում:

Ամեն ինչ վճռված է: «Տորոնտոյին» մնում է խաղալ 0,9 վայրկյան պատմական չեմպիոնությանը հասնելու համար: Գործը հասավ խաղի, բայց ոչ մրցաշրջանի տրամաբանության մեջ մտնող ավարտին՝ «Տորոնտոն» չեմպիոն է:

Իսկ հետո՞

NBA-ում սիրում են ոչ թե անակնկալ, այլ տարիներով ապացուցված իշխանություն: Այստեղ մեծությունը որոշվում է տասնամյակներ ձգվող հաղթանակներով ու հեղինակությամբ, իսկ անակնկալները չունեն պատմական արժեք: 1976 թվականին լիգաների միավորումից հետո հենց այդպես էլ ապրել է NBA-ն:

Տասնամյակներն ունեցել են իրենց տիրակալները. 80-ակաները «Բոսթոնինը» և «Լեյկերիսնն» էին, 90-ականները՝ Ջորդանի «Չիկագոյինը», հետո Շաքի և Կոբիի «Լեյկերսի» հերթն էր, ապա Լեբրոն Ջեյմսի՝ հեղինակության ու «Գոլդեն Սթեյթի» իշխանության հաստատման շրջանը: Այդ ընթացքում «Ռոկետսի», «Պիստոնսի», «Սփյորսի» ... չեմպիոնությունները ներկայացնում են ոչ թե որպես նվաճում, այլ «առաջատարի հանգիստ» կամ «անցումային շրջան»: Ցանկանո՞ւմ ես NBA-ի տիրակալ լինել, ապացուցի՛ր անընդմեջ և տևական իշխանությամբ: 

NBA-ի պատմությունը մեկանգամյա չեմպիոններին դատապարտում է մոռացության: Բայց այդ մեկանգամյա չեմպիոնները ևս ունեն մի բան, որ հատուկ է հենց իրենց: 2004 թվականի չեմպիոն «Դետրոյտը» 2005-ին մոտ էր հաջողությունը կրկնելուն, 2008-ի չեմպիոն «Բոսթոնը» հաջորդ երկու մրցաշրջաններում ֆավորիտների շարքում էր: 2011-ին Դիրկ Նովիցկու տանջանքները հաջողություն բերեցին «Դալասին»: Իսկ «Տորոնտո՞ն»… Այս թիմն իր տարօրինակություններն ունի: Այն ստեղծվեց հենց տարօրինակ որոշումից:

Չեմպիոնական թիմերը զարգանում են աստիճանաբար, եթե, իհարկե, թիմը 3 աստղի շուրջ չի կառուցվում: Միասին խաղում են, սկզբում հասնում իրենց կոնֆերենցիայի եզրափակիչ, հետո չեմպիոնության համար պայքարելու հնարավորություն ստանում: Թվում է՝ առաջընթացի ճիշտ ուղին հենց սա է, սակայն սա 2019 թվականի չեմպիոն «Տորոնտոյի» համար չէր:

Այս «Տորոնտոն» գլխավոր մենեջեր Մասաի Ուջիրիի տարօրինակ որոշումների արդյունքն է: Նա որոշեց դուրս գալ շաբլոնային մտածողության սահմաններից՝ «Տորոնտոյի» խորհրդանիշ Դեմար Դերոզանին զիջելով Կավայ Լեոնարդի համար: Մասաին թիմը վստահեց NBA-ի համար անփորձ Նիկ Ներսին, թիմի խաղը ձևավորեց պաշտպանության կարևորության և կազմի խորության շուրջ: Նախորդ մրցաշրջանների հետ համեմատած՝ «Ռեպտորսի» մեկնարկային հնգյակում միայն մեկ բասկետբոլիստ էր մնացել՝ Կայլ Լոուրին:

«Տորոնտոն» չեմպիոն է ոչ թե առաջընթացից, այլ ոչ մի տեղից: Այս թիմի տղաներին պետք չէր միասին երկար ճանապարհ անցնել, փորձություններ տեսնել, հաղթանակների հասնել: Տարօրինակ է, այնպես չէ՞:

Անորոշություն

«Տորոնտոյին» աջակցում էին ոչ միայն թիմի մշտական երկրպագուները, ոչ միայն «Գոլդեն Սթեյթի» իշխանությունից հոգնածները: Այս թիմն արժանացել էր տարօրինակ աջակցության: Ինչո՞ւ: Որովհետև հնարավոր չէ չսիրել իսպանացի Մարկ Գազոլին, որը դասական պաշտպանական թիմի հիմքն է: Հնարավոր չէ անտարբեր լինել Կայլ Լոուրիի նկատմամբ, որին անվանում են աղքատների Քրիս Պոլ: Հնարավոր չէ չուրախանալ Ֆրեդ Վանվլիտի համար, որին չէին նկատել անգամ դրաֆտի ժամանակ:

«Տորոնտոն» այս տղաներն են, Սերժ Իբական է, Պասկալ Սիակամը, որը մեկ ամռան ընթացքում դարձավ աստղ: «Տորոնտոն» Կավայ Լեոնարդն է, որը թիմին հաղորդեց անհրաժեշտ կայծը: «Տորոնտոն» Նիկ Ներսն է, որը ռեզյումեն ուղարկում էր լիգայի բոլոր ակումբներին ու անպատասխան մնում:

«Տորոնտոյում» յուրաքանչյուրն առանձին պատմություն է: Պարտությունների, հիասթափությունների և անակնկալ չեմպիոնության պատմություն, որի շարունակությունը սակայն մշուշոտ է: Այս թիմը չուներ երևելի անցյալ, ունի չեմպիոնություն և անորոշ ապագա:

Այն դեռևս թողնում է զուգորդված պատահականությունների արդյունքում չեմպիոնության հասած թիմի տպավորություն, որին միևնույն ժամանակ բարդ կլինի մոռանալ իր աննախադեպ լինելու շնորհիվ:

Share |

Լրահոս

Loading...