Կոտրած ձեռքով, բայց վճռականությամբ. Էդգար Ստեփանյանը կմասնակցի Եվրոպական խաղերին

13:51 20.06.2019

Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի Եվրոպական խաղերին՝ չնայած ձեռքի կոտրվածք ունի:

Էդգարը դաստակի երկու կոտրվածք է ստացել հունիսի 2-ին Մոսկվայում կայացած Գրան Պրիի ժամանակ: Հեծանվորդի ձեռքը մինչ օրս գիպսի մեջ է, սակայն նա կարողանում է մարզումներ անցկացնել հեծանվահրապակում:

«Ձեռքս դեռ գիպսի մեջ է, մրցումներից առաջ կհանենք: Բժիշկ Դավիթ Մոսինյանը թեյպի միջոցով կֆիքսի ձեռքս, որպեսզի կարողանամ մասնակցել մրցումներին: Այժմ կարողանում եմ մարզումներ անցկացնել հեծանվահրապարակում»,- ArmSport-ի հետ զրույցում ասում է Էդգարը:

Հեծանվորդն ասում է, որ մարզումների ժամանակ ցավեր է զգում, սակայն դա իրեն չի խանգարի մասնակցել կարևոր ստուգատեսին.

«Ձեռքս լիովին չի ապաքինվել: Դեպքից 3 շաբաթ է անցել, իսկ լիովին ապաքինվելու համար կպահանջվի 7 շաբաթ: Ես ինքս եմ խնդրել մասնակցել Եվրոպական խաղերին, քանի որ սա շատ կարևոր մրցաշար է և վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար: Մարզումների ժամանակ ցավեր զգում եմ, բայց չեմ մտածում ցավի մասին, քանի որ սպորտում ոչինչ հեշտ չի տրվում»,- ասում է Էդգարը:

Անդրադառնալով Հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանի այն հայտարարությանը, որ իրենք Էդգարի հետ լուրջ ծրագրեր են կապում՝ հեծանվորդը հակիրճ պատասխանում է.

«Ես մինչ օրս չեմ հանդիպել ֆեդերացիայի նախագահի հետ, անգամ հեռախոսազրույց չեմ ունեցել. ինչպե՞ս կարող են ծրագրեր լինեն: Որևէ աջակցություն չկա»:

Էդգար Ստեփանյանն արդեն Մինսկում է, նրա հետ մրցավայր են մեկնել մարզիչ Արմեն Գյոզալյանը և թիմի մեխանիկ Արսեն Բորյանը: Եվրոպական խաղերն անցկացվելու են հունիսի 21-30-ը, իսկ Էդգար Ստեփանյանի մրցումային օրերն են հունիսի 27-29-ը:


Էդգար Ստեփանյանը 2014 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր է, 2015 թվականին դարձել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոն և երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, 2017 թվականին աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճել է արծաթե մեդալ, հաջողությունների է հասել մի շարք միջազգային մրցաշարերում:

 

Գայանե Աբասյան

Share |

Լրահոս

Loading...