Հեղափոխություն ակումբային կառավարման մեջ. Ֆեդունը պատրաստվում է ցնցել ֆուտբոլային աշխարհը

17:50 20.06.2019

Ինչպե՞ս մեկ հայտարարությամբ ցնցել մամուլը: «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը գիտի հարցի պատասխանը:

Ֆեդունի՝ Championat.com-ին տված հարցազրույցից առանցքային էր այն, որ 2023 թվականին «Սպարտակը» ղեկավարելու են երկրպագուները:


2023 թվականին «Սպարտակը» կդառնա ազգային ակումբ: Երկրպագուները կընտրեն նախագահին, մարզահագուստը և տրանսֆերային քաղաքականությունը


«Երկար մտորումներից հետո հետևյալ որոշումն եմ կայացրել՝ 2023 թվականին, երբ մենք կավարտենք ակումբի ենթակառուցվածքային փոփոխությունները, հույս ունեմ կգտնենք ինքնաֆինանսավորման իրական աղբյուրներ, որոնք կախված չեն լինի բաժնետերերից: Ակումբը պատրաստ կլինի ինքնուրույն նավարկության:

Այսօր իմ թեզը հետևյալն է՝ «Սպարտակը» պետք է ղեկավարեն երկրպագուները: Ո՛չ Պյոտր Ավենը (բիզնեսմեն, «Ալֆա բանկի» համասեփականտեր - խմբ.), որը եկավ, նայեց, բայց այդպես էլ ոչինչ չծախսեց, ո՛չ էլ պարզապես ֆանտազիաներ ունեցողները: Բացի ինձանից, ոչ ոք «Սպարտակի» համար մի կոպեկ էլ չի տա: Դա պետք է հասկանալ: Այնպես որ՝ ես հենց այնպես չեմ կարող թողնել իմ երեխային, իմ սիրուն»,- ասել է Ֆեդունը:

Գործարարի խոսքով՝ ուսումնասիրվել են «Բարսելոնայի», «Ռեալի», «Բավարիայի» և ամերիկյան ակումբների օրինակները: Ծրագիրը հետևյալն է՝ «Սպարտակի» բաժնետոմսերը փոխանցվելու են ոչ կոմերցիոն կազմակերպության, որի անդամները կդառնան ակումբի երկրպագուները: Առաջնային կլինեն այն երկրպագուները, որոնք բաժնետոմսեր կգնեն և կանոնավոր ներկա կլինեն թիմի խաղերին: Մարզերի համար կգործի առանձին ծրագիր, որով կգործեն անդամակցության համար վճարումներ:

Բոլոր երկրպագուները հնարավորություն կունենան մասնակցելու «Սպարտակի» 2023 թվականի նախագահական ընտրություններին: Բացի այդ, նրանք կարող են որոշել թիմի մարզահագուստի դիզայնը և ազդել տրանսֆերային քաղաքականության վրա:


Իսկ հոգնած Ֆեդունը կգնա հանգստի


Ֆեդունն ասում է, որ չի կարող անընդհատ ուշադրության կենտրոնում պահել ակումբը և ինքն էլ է հանգստի կարիք զգում.

«Ես կդառնամ շարքային երկրպագու: Չեմ ունենա ընտրությունների վրա ազդելու կամ դրանք չեղարկելու հնարավորություն: Միևնույն ժամանակ, «Սպարտակում» արդեն չեն լինի իմ անձնական փողերը: Մինչ այդ ֆինանսավորման պայմանները կմնան նույնը»:

Ֆեդունը պարզաբանում է, որ ակումբի շահերից ելնելով՝ 3-5 տարի կպահպանվի «Լուկոյլի» հետ պայմանագիրը: Գործարարն աստիճանաբար ակումբին կպատրաստի ինքնուրույն նավարկություն.

«Ես չեմ կարող 30, 40 կամ 50 տարի ղեկավարել ակումբը: Կներեք, բայց ես վաղ թե ուշ մահանալու եմ: Երեխաներ ունեմ, պետք է իմ անձնական գործերով զբաղվեմ: Չեմ կարող անընդհատ ուշադրության կենտրոնում պահել «Սպարտակը»: Բայց ամենահավորն այն է, որ դու ծախսում ես անձնական փողերդ և անընդհատ նյարդայինանում ես:

Երբ «Սպարտակը» հաղթում է, քեզ ատում են մրցակիցների երկրպագուները: Երբ պարտվում է՝ քեզ գրեթե բոլորն են ատում: Բավականին բարդ է 20 տարի ապրել անընդհատ ճնշման և ատելության պայմաններում: Հատկապես, երբ հիանալի հասկանում ես՝ ոչ ոք մեր ֆուտբոլի համար չի արել այնքան, որքան դու: Այո, հիմա գրեթե նույնն անում է Գալիցկին»:

Այդուհանդերձ, պետք չէ մոռանալ, որ Ֆեդունը նախկինում ևս հանդես է եկել հեղափոխական գաղափարներով: 2013 թվականին նա ասում էր, որ մինչև 2017-2018 թվականներն ակումբի կառավարման համակարգում լուրջ փոփոխություններ կլինեն, իսկ 2015-ին հայտարարեց՝ պատրաստվում է հեռանալ «Սպարտակից»՝ ակումբը հանձնելով պրոֆեսիոնալներին:

Նախորդ դեպքերում Ֆեդունի գաղափարները կյանքի չկոչվեցին, թե ինչ կլինի երրորդ անգամ՝ ցույց կտա ժամանակը:

Share |

Լրահոս

Loading...