Արթուր Վանեցյան․ Հաջորդ տարի Բարձրագույն խմբի վերջին թիմը կլքի առաջնությունը

20:33 22.06.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ֆուտբոլի ակադեմիայում հանդիպում է ունեցել լրագրողների հետ և մի շարք կարևոր հայտարարություններ է արել հայկական ակումբային ֆուտբոլի վերաբերյալ, որոնք հիմնականում առնչվում են գալիք մրցաշրջանին, լեգեոներների լիմիտի ներդրմանը և պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու քայլերին։ 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նշեց, որ գալիք մրցաշրջանում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու են 10 թիմեր՝ երկու շրջափուլով։ Կայացած երկու շրջափուլերից հետո լավագույն արդյունք գրանցած վեց ուժեղագույն թիմերը միմյանց միջև պայքարի արդյունքում պարզելու են երկրի չեմպիոնին։ Ինչ վերաբերում է մյուս չորս թիմերին, ապա նրանք ևս պայքարը շարունակելու են միմյանց միջև։ Արդյունքում առաջնության վերջին հորիզոնականը զբաղեցրած թիմը լքելու է Բարձրագույն խմբի առաջնությունը և հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Առաջին խմբում։ 

Հավելենք, որ Առաջին խմբի չեմպիոնը Բարձրագույն խմբում հանդես գալու ուղեգիր է նվաճելու։

Ինչ վերաբերում է լեգեոներների լիմիտին, ապա այստեղ Արթուր Վանեցյանը հայտնեց, որ թիմերի հայտացուցակները նախկին 18 ֆուտբոլիստների փոխարեն գալիք մրցաշրջանից կունենան 23 ֆուտբոլիստներ, որոնցից 7-ը պարտադիր պետք է լինեն հայ ֆուտբոլիստներ։ ՀՖՖ նախագահի խոսքով այս լեգեոներների լիմիտը տարեց տարի ավելանալու է։ Նրա պնդմամբ՝ առաջին իսկ տարում ՀՖՖ-ն խիստ չի գտնվել այս հարցում, քանի որ հաշվի է առել այն փաստը, որ շատ ակումբներ կկանգնեն խնդրի առաջ, եթե լեգեոներների սահմանափակումը կատարվեր ավելի մեծ ծավալով։ Լեգեոներների սահմանափակումը տարածվելու է նաև Առաջին խմբի թիմերի վրա։ 

Հավելենք, որ Արթուր Վանեցյանը կոչ արեց հայկական թիմերի ղեկավարությանը մտածելու պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու մասին՝ հիշեցնելով, որ այն ընդունված է ամբողջ աշխարհում։ 

Share |

Լրահոս

Loading...