Ալաշկերտը պատվով է հանդես գալու կանանց Չեմպիոնների լիգայում. Լիանա Հայրապետյան

15:49 24.06.2019

18 տարվա դադարից հետո Հայաստանը ներկայացուցիչ կունենա կանանց Չեմպիոնների լիգայում:

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմը՝ որպես «Անի-1» թիմի իրավահաջորդ, Հայաստանը կներկայացնի կանանց Չեմպիոնների լիգայի 2019-20թթ. խաղարկությունում: Որակավորման փուլում «Ալաշկերտը» կմրցի հոլանդական «Տվենտեի», լեհական «Գոռնիկի» և թուրքական «Բեշիքթաշի» հետ:

Թիմի մարզիչ Լիանա Հայրապետյանը, ով ՈւԵՖԱ-ի PRO կարգի արտոնագիր ունի, ArmSport.am-ի հետ զրույցում ասում է, որ բարդ մրցակիցները չեն փոխել իրենց նպատակները.

«Իհարկե, գիտակցում ենք, որ մրցակիցները մեզ համար բավականին ուժեղ են, բայց միայն լավ խաղ ցուցադրելու և հաղթելու նպատակ ունենք: Պետք է լավագույնս անցնենք պատրաստության փուլը: Նախապատրաստական մարզումների ծրագրերը կհաստակեցվեն առաջիկա օրերին»,- ասում է Լիանա Հայրապետյանը:

Այս օրերին «Ալաշկերտում» մթնոլորտը թեժ է, բոլորն անհամբերությամբ սպասում են մարզումային գործընթացին.

«Աղջիկներն անհամբերությամբ սպասում են մարզումների ավելի թեժ շրջանին: Այժմ թեթև ծանրաբեռնվածությամբ ենք մարզվում: Մեր առաջնության ավարտից հետո աղջիկները պետք է արձակուրդ գնային, բայց դրա փոխարեն պարզապես թեթև մարզումներ ենք անցկացնում: Լավագույնս տրամադրված ենք: Ֆիզիկապես ուժեղանալու ենք, տակտիկապես լավ գիտելիքներ ենք ստանալու: Բոլորս հասկանում ենք՝ պետք է պատվով հանդես գանք»:

Լիանա Հայրապետյանն արդեն սկսել է ուսումնասիրել առաջիկա մրցակիցներին.

«Այժմ մրցակիցներին ուսումնասիրելու փուլում ենք: «Բեշիքթաշի» մասին էլ ասում են, որ նորաստեղծ թիմ է, սակայն ծանոթ լինելով Թուրքիայում կանանց ֆուտբոլի զարգվածությանը և վերաբերմունքին՝ վստահ եմ, որ իրենք թիմը համալրել են ուժեղագույններով»,- ասում է մարզիչը:

2001-02թթ․ մրցաշրջանում՝ կանանց ՉԼ գավաթի առաջին խաղարկությունում, Հայաստանը ներկայացրել է «Քոլեջը», որի կազմում խաղացել է «Ալաշկերտի» ներկայիս մարզիչը։ Լիանա Հայրապետյանն ասում է, որ տարիներ առաջ ընդհանրապես չի մտածել, որ Չեմպիոնների լիգա կվերադառնա մարզչի կարգավիճակով.

«Մեր թիմը նորաստեղծ էր և բավականին թույլ: Չեմպիոնների լիգային պատրաստվելու համար ընդամենը մեկ ամիս ժամանակ ունեինք և չունեինք առաջնություն, ընկերական հանդիպումներ: Պատրաստվել էինք հնարավորության սահմաններում: Հիմա իրավիճակը տարբերվում է: Այն ժամանակ չէի էլ մտածում, որ մարզիչ կդառնամ և կվերադառնամ Չեմպիոնների լիգա»:

Լիանա Հայրապետյանը նաև ընդգծում է, որ անկախ արդյունքներից՝ «Աաշկերտի» կանանց թիմի համար սա շատ լուրջ փորձ է լինելու.

«Սա մեր աղջիկների համար լինելու է լավագույն փորձը՝ անկախ արդյունքներից: Հայաստանում կանանց ֆուտբոլը նոր թափ է առել: Նախկինում ևս կար ուշադրություն, բայց այսպես շատ չէր: Հույս ունեմ, որ այս զարգացումը շարունակական կլինի: Քանի որ ստեղծվելու են կանանց ազգային հավաքականներ, սա լավ առիթ է հասկանալու համար, թե ինչպիսին կլինեն դրանք: Գրանդ ակումբների հետ պայքարում կհասկանանք, թե ինչ ունենք այս պահին: Բնականաբար, 18 տարվա դադարից հետո դժվար է լինելու մասնակցել, բայց մենք լավատեսորեն ենք տրամադրված: Ամեն ինչ անելու ենք հաղթանակներ ունենալու համար»:

Հաղթանակները կախված են նաև համալրումներից: Այդ գործընթացն «Ալաշկերտում» շարունակվում է, ուստի կազմի վերաբերյալ վերջնական տեղեկատավություն կլինի առաջիկայում:

Հավելենք, որ կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խմբային մրցաշարի հանդիպումները կայանալու են օգոստոսի 7-13-ը Հոլանդիայում:

 

Գայանե Աբասյան

Share |

Լրահոս

Loading...