Մեզ մոտ կայանալիք մրցաշարը լինելու է յուրովի. Եվրո-2019-ի հետհաշվարկն արագանում է

16:50 24.06.2019

UEFA, UNDER-19, Armenia-2019: Մեկնարկին մնաց 20 օր: Առաջին հայացքից այստեղ ամեն ինչ հեշտ է ու պարզ. կընդունենք մրցաշարը, կանցկացնենք ու կճանապարհենք: Բայց կարևոր մանրուքները շատ են:

Հարևան Ադրբեջանը ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչն էր հյուրընկալել: Արդյոք դա մեզ համար սկզբունքային դարձնո՞ւմ է Մ-19 Եվրոպայի առաջնության անցկացումը: Երևանը պատրա՞ստ է այդքան շատ հյուրեր ընդունելուն: ՀՖՖ-ն միայնա՞կ է կազմակերպչական բոլոր հարցերում: Հենց այսպիսի հարցերով ArmSport.am-ը հյուրընկալվել էր ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ, մրցաշարի տնօրեն Արթուր Ազարյանին:

- 7 հավաքականի պատվիրակություն է ժամանելու Հայաստան: Ո՞ր հյուրանոցներում են հանգրվանելու, ո՞վ է զբաղվում նրանց տեղավորման հարցերով:

- Ընտրել ենք 3 հյուրանոց, որոնցից 2-ը սպասարկելու են թիմերին, մեկը՝ մրցավարական անձնակազմին: Թիմերը տեղակայվելու են Մարիոթ Արմենիա և Ռեդիսոն Բլու հյուրանոցներում: Ռեդիսոն Բլուն կլինի նաև մեր հիմնական հյուրանոցը՝ հյուրերի համար, որոնք քիչ թիվ չեն կազմում: Գրանդ Հոթելը՝ նախկին Երևան հյուրանոցը, նախատեսված է մրցավարական անձնակազմի համար: Մենք ունենք գործընկերներ, որոնց հետ աշխատում ենք դիմավորումների, ճանապարհումների, մեքենաների վարձակալման համար: Բայց այս հարցում հիմնական ծանրաբեռնվածությունն ընկած է ֆեդերացիայի աշխատակիցների վրա: Բայց բոլորս մոտիվացված ենք, քանի որ սա շատ կարևոր մրցաշար է թե՛ մեզ համար, թե՛ մեր երկրի ու դրա ճանաչելիության համար: Էլ չեմ խոսում այն մասին, որ մեր հավաքականը եզրափակիչ փուլում խաղալու և իրեն դրսևորելու հնարավորություն ունի: Տարբեր ոլորտների համար պատասխանատուներ ունենք: Այդ առումով փորձել ենք ծածկել բոլոր այն պահանջները, որոնք ՈւԵՖԱ-ի կողմից դրված են մեր առջև:

- Իսկ հյուրանոցային ծախսերը մրցաշարի բյուջեից են կատարվելո՞ւ, թե՞ հավաքականներն են հոգալու կեցության ֆինանսական հարցերը:

- Կա բյուջե, որն ՈւԵՖԱ-ի կողմից հատկացվել է մրցաշարին: Չափը գաղտնի ինֆորմացիա է, բայց կարող եմ ասել, որ այդքան էլ մեծ չէ: Եվ դա բաժանված է երկու մասի՝ կազմակերպչական հարցերի վրա ծախսվող գումարներ, և հյուրանոցային ծառայությունների համար նախատեսված ծախսեր, ինչը կազմում է բյուջեի զգալի մասը: Մրցաշարի օրերի հստակ քանակով թիմերի համար հյուրանոցային ծառայությունների ծախսերը հոգում ենք բյուջեի շրջանակում: Բայց եթե թիմերը գալիս են նախատեսված ժամկետից շուտ, կամ գնում են ուշ, այդ օրերի համար ծախսերը հոգում են իրենք:

- Ըստ էության ՀՖՖ-ն ու Հայաստանը նման մրցաշար կազմակերպելու փորձ չունեն: Այս առումով պատասխանատվությունը, լարվածությունը ավելի մեծ են...

- Ես մի քիչ չեմ համաձայնի այս դիտարկման հետ: Այո, նման կարգի մրցաշար ընդունելու փորձ Հայաստանը չունի, բայց ֆեդերացիան փոքր մրցաշարեր անցկացնելու փորձ ունի: Մեզ մոտ տարիներ շարունակ բազմիցս կազմակերպվել են թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մրցաշարերի Էլիտ-ռաունդներ, որակավորման փուլեր: Պարզապես եզրափակչի պարագայում պահանջներն են ավելի խիստ, թիմերի քանակն է շատ, և ուշադրությունն ու կենտրոնացվածությունն է ավելի մեծ մրցաշարի վրա: Այդ առումով բարդ է, իհարկե: Բնականաբար, համաձայն եմ այն մասով, որ առաջին անգամ ենք եզրափակիչ անցկացնում. դա իր հետ բերում է բարդություններ: Բայց մյուս կողմից՝ ունենք համապատասխան փորձառու անձնակազմ, որը կարող է արժանի կերպով լուծում տալ այդ խնդիրներին, բարդություններին:

Պետք է շնորհակալություն հայտնենք նաև Երևանի քաղաքապետարանին. անձամբ քաղաքապետի և փոխքաղաքապետի կողմից մեծ ուշադրություն է դարձվում մրցաշարին: Գիտեք՝ ժամանակացույց ենք տեղադրել Հյուսիսային պողոտայում, մրցաշարի ողջ ընթացքում ֆան-զոն ենք նախատեսում Օպերայում. տարածքների հատկացման, բյուրոկրատական բոլոր հարցերում մեծ օժանդակություն ենք ստացել:

- Բացի ֆան-զոնից, գովազդային վահանակներից, քաղաքում այլ միջոցառումներ նախատեսվո՞ւմ են: Ի վերջո, մրցաշարը տուրիստական տեսանկյունից էլ բացառիկ շանս է: Իհարկե, սա գուցե ավելի շատ քաղաքապետարանի, ոչ թե ֆեդերացիայի գործառույթն է:

- Ենթադրում եմ՝ այո, պետք է այդ առումով քաղաքապետարանն էլ շահագրգռված լինի: Այստեղ այլ կողմ էլ կա. մրցաշարը մեզ համար կարևոր է, և սա հավաքականների մակարդակով խոշորությամբ ՈւԵՖԱ-ի 3-րդ մրցաշարն է: Բայց մենք պետք է հասկանանք, որ սա երիտասարդ ֆուտբոլիստների մրցաշար է, ոչ թե Եվրոպայի հիմնական ազգային հավաքականների առաջնություն, ու մարդկանց հետաքրքրությունը, անկախ ամեն ինչից, այդքան էլ մեծ չէ մրցաշարի նկատմամբ: Մենք խնդիր ունենք այդ հետաքրքրությունը բարձրացնելու: Կարծում եմ՝ ֆան-զոնն Օպերայում այս պահի դրությամբ բավարար է լինելու ուշադրություն գրավելու համար: Ունենք մետրոն, որը էլի գովազդային աղբյուր էր մեզ համար ու մարդկանց մեծ հոսք է ապահովում: Խաղերից առաջ մինի ֆան-զոն ենք կազմակերպելու նաև «Հանրապետական» մարզադաշտում:

- Մեր հարևան Ադրբեջանը վերջերս հյուրընկալել էր Եվրոպա լիգայի եզրափակիչը: Այս տեսանկյունից, մրցաշարը հյուրընկալելը սկզբունքային կողմ ունի՞ մեզ համար: Ու որքանով է դա ավելացնում եղած պատասխանատվությունը:

- Մենք ֆուտբոլը համարում ենք ապաքաղաքականացված: Համենայնդեպս, մեր կարծիքով ու համոզմամբ՝ քաղաքականությունը սպորտում տեղ չունի, և այդ տեսանկյունից ճիշտ չենք համարում այդ մրցակցությունը: Մենք անում ենք այն, ինչը որ կարողանում ենք լավ անել: Եթե ինչ-որ ապացուցելու բան էլ կա որևէ մեկին, ապա բացառապես միայն ինքներս մեզ: Որևէ կերպ ցանկություն չունենք համեմատվելու: Կարծում եմ, որ դա ավելի շատ խանգարում է առաջ գնալուն, քան օգնում: Դրա համար մենք փորձում ենք ամեն ինչ անել մեր յուրահատուկ ձևով՝ ցույց տալով մասնակից թիմերին մեր հյուրասիրությունը, կազմակերպվածության մակարդակը: Եվ կարծում եմ՝ այս առումով մեզ մոտ կայանալիք մրցաշարը լինելու է յուրովի:

- Մրցաշարի անցկացումը նաև լավ շանս է ՈւԵՖԱ-ից ավելի մեծ վստահություն ստանալու՝ հետագայում ավելի խոշոր մրցաշարեր հյուրընկալելու համար: Այս առումով որքա՞ն եք գնահատում մեր շանսերը նախնական փուլում:

- Մեր շանսերն ՈւԵՖԱ-ում միշտ էլ բավականին բարձր են եղել ինչ-որ մրցաշար ընդունելու համար դիմելու և ստանալու այդ հնարավորությունը: Մեր խնդիրը միշտ եղել է համապատասխան ենթակառուցվածքների բացակայությունը: Ու այստեղ հարցը միայն մարզադաշտերին չի վերաբերում, այլ նաև՝ հյուրանոցներին: Որքան էլ ցավալի է, մեր քաղաքում այսօր չկա նման հյուրանոց, որը պատրաստ է այդքան մեծ քանակի հյուրեր ընդունել: Եթե խոսում ենք խոշոր մրցաշարերի մասին, ապա առաջանում է նաև մարզադաշտերի տեսանկյունից ենթակառուցվածքների խնդիրը: Բայց երևի տեղյակ եք, որ մենք հիմա մեծ աշխատանքներ ենք տանում նոր մարզադաշտի կառուցման հետ կապված: Հուսով ենք՝ այդ հարցը վերջնական լուծում կստանա մոտ ժամանակներս: Գաղափարը հետևյալն է՝ ունենալ ՈւԵՖԱ ակումբային մրցաշարի եզրափակիչ խաղ. ենթադրաբար՝ Սուպերգավաթ կամ Եվրոպա լիգայի եզրափակիչ: ՀՖՖ-ն միշտ ՈւԵՖԱ-ում բարձր դիրքերում է եղել: Մենք ուղղակի պետք է ապահովենք նվազագույն ենթակառուցվածքները և ստանանք այդ հնարավորությունը:

Հռիփսիմե Գալստյան

Share |

Լրահոս

Loading...