Ուիմբլդոն-2019-ը վերջին մրցաշարը կլինի Մարկոս Բագտադիսի կարիերայում

19:17 24.06.2019

Աշխարհի նախկին 8-րդ ռակետ Մարկոս Բագդատիսը հայտարարել է, որ Ուիմբլդոն-2019-ը վերջին մրցաշարն է լինելու նրա պրոֆեսիոնալ կարիերայում։ Այդ մասին կիպրոսցի թենիսիստը գրել է Instagram-ի իր էջում։ 

Հավելենք, որ այս տարի Բագդատիսը իրավունք է ստացել մասնակցելու Ուիմբլսոնին wild card-ի միջոցով, որը հնարավորություն է տալիս առանց որակավորման փուլ անցնելու միանգամից հայտնվել մրցաշարի գլխավոր ցանցում։ 

«Գալիք Ուիմբլդոնը վերջինն է լինելու իմ պրոֆեսիոնալ կարիերայում։ Ես շնորհակալություն եմ հայտնում All England Lawn Tennis and Croquet Club-ին wild card-ի և մրցաշարի հիմնական ցանցում հայտնվելու հնարավորության համար։ Սա ինձ հնարավորություն է ընձեռում հրաժեշտ տալ այն սպորտաձևին, որը ես սիրում եմ և որը շատ մեծ դեր է խաղացել իմ ամբողջ կյանքում։

Սա շատ բարդ որոշում էր։ Ինձ համար շատ բարդ էր վերադառնալ այն մակարդակին, որը ես իմն եմ համարում, մասնավորապես ֆիզիկական պատրաստության առումով։ Ու չնայած գլխում ես ուզում եմ շարունակել խաղալ՝ օրգանիզմս դա ինձ այլևս թույլ չի տալիս։ Տխուր եմ, որ ավարտում եմ կարիերաս, բայց դուք կշարունակեք ինձ տեսնել թենիսում։ Շնորհակալություն իմ թիմին, ընկերներին և, իհարկե, բոլոր երկրպագուներին ամբողջ աշխարհում»,-գրել է Բագդատիսը Instagram-ի իր էջում։ 

Ուիմբլդոնը Թենիսի տարվա երրորդ Մեծ սաղավարտի մրցաշարն է։ Այն անց է կացվում Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոնում։ Հուլիսի 1-ից հուլիսի 14-ն ընկած ժամանակահատվածում աշխարհի ուժեղագույն թենիսիստները կպարզեն խոտածածկ կորտերի լավագույններին։ 

Share |

Լրահոս

Loading...