6 ներկայացուցիչ, 3 մեդալ. հայ սամբիստներն ավարտեցին պայքարը Եվրոպական խաղերում

12:38 24.06.2019

Երկրորդ Եվրոպական խաղերում Հայաստանի դեռևս բոլոր մեդալները նվաճել են սամբիստները:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում ավարտվել են սամբոյի մրցումները, խաղարկվել է մեդալների 18 հավաքածու: Հունիսի 22-ին և 23-ին կայացած մրցումներում Հայաստանը ներկայացրին Ասյա Լալազարյանը (48 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Դավիթ Գրիգորյանը (82 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ):

Առաջին մեդալը նվաճեց Դավիթ Գրիգորյանը (82 կգ): Նա պայքարը սկսեց 1/4  եզրափակչից, որտեղ 3-1 հաշվով հաղթեց իտալացի Միշելի Ալսիոյին։ Կիսաեզրափակչում Գրիգորյանը 1-0 հաշվով հաղթեց Բեսարիոն Բերուլավային, սակայն եզրափակիչ գոտեմարտում հայ սամբիստը 0-7 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպելյուկին՝ դառնալով Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր:

Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) ևս պայքարը սկսեց 1/4 եզրափակչից՝ 10-1 հաշվով հաղթանակ տոնելով Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Պիլիպյակի նկատմամբ։ Կիսաեզրափակչում Մաքսիմի մրցակիցը Խերտեկ Սայանն էր (Ռուսաստան), որին մեր սամբիստը պարտվեց 0-4 հաշվով, ինչից հետո միայն բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։ Ցավոք, մեդալային գոտեմարտում Մանուկյանը 1-9 հաշվով պարտվեց ադրբեջանցի Մեհման Խալիլովին։ 

Կանանց 48 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ասյա Լալազարյանը (48 կգ) պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում։ Մեդալային պայքարում Ասյայի մրցակիցը Բելառուսը ներկայացնող Անֆիսա Կապաևան էր, որին նա զիջեց 0-1 հաշվով։ 

Գրիգոր Սահակյանը (90 կգ) ևս մեդալակիր դառնալու հնարավորություն ուներ, սակայն բրոնզի համար պայքարում 3-4 հաշվով պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Պատա Գվինիաշվիլիին։ Սահակյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից՝ 8-0 հաշվով հաղթելով չեխ Միրոսլավ Վացեկին, իսկ կիսաեզրափակիչ փուլում հայ սամբիստը 1-3 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Րյաբովին։

Հայաստանի երկրորդ մեդալը նվաճեց Արսեն Ղազարյանը (74 կգ), որը դարձավ բրոնզե մեդալակիր:

Բրոնզե մեդալի համար պայքարում հայ սամբիստը 10-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Հունաստանը ներկայացնող Գեորգիոս Մարկարիանի նկատմամբ։ Արսեն Ղազարյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից, որտեղ 1-2 հաշվով պարտվել էր ռուս Ստանիսլավ Սկրայբինին։ Հայ սամբիստը հնարավորություն էր ստացել մասնակցելու սփոփիչ գոտեմարտի, որում 3-0 հաշվով հաղթելով ադրբեջանցի Աբդուլա Աբդուլաևին՝ մեդալային պայքարին մասնակցելու հնարավորություն էր ստացել:

Եվրոպական խաղերում մեր երկրի առաջին ոսկե մեդալը նվաճեց Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), որը վստահությամբ 3 գոտեմարտ անցկացրեց: Եզրափակչում հայ սամբիստը պայքարեց ադրբեջանցի Ագհասիֆ Սամադովի հետ և 4-0 հաշվով հաղթանակ տարավ։ Տիգրան Կիրակոսյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից՝ 7-0 հաշվով հաղթանակ տոնելով ուկրաինացի Ռոման Բրատչենկոյի նկատմամբ: Կիսաեզրափակիչ փուլում Կիրակոսյանն առավելության էր հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Կուբարկովի նկատմամբ (3-3):

Այսպիսով, Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող 6 սամբիստները 3 մեդալ նվաճեցին։ Սամբոյի մրցումների մեդալային հաշվարկում Հայաստանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

Լուսանկարները՝ ՀԱՕԿ լրատվականի

Share |

Լրահոս

Loading...