Վովիկ Խոջայան. Մեր սամբիստներն ապացուցեցին, որ լավագույնն են

15:47 25.06.2019

Հայաստանի սամբոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը գոհ է իր սաների՝ Եվրոպական խաղերում գրանցած արդյունքներից:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի սամբոյի մրցումներում Հայաստանը ներկայացել է 6 մարզիկով և նվաճել է 3 մեդալ՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Արսեն Ղազարյանը (74 կգ) նվաճել է բրոնզե մեդալ, Դավիթ Գրիգորյանը (82 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ)՝ չեմպիոն:

«Աշխարհի առաջնությունում տղաները պարտվել էին, բայց այնքան կամք և ձգտում ունեին, որ կարողացան ապացուցել՝ մեկ մրցաշարում պարտվելը դեռ ոչինչ չի նշանակում: Այս խաղերում նրանք ապացուցեցին, որ լավագույններն են: Նրանք չթերացան»,- ասում է Վովիկ Խոջայանը:

Մարզիչն ընդգծում է, որ այս մեդալները հետևողական աշխատանքի արդյունք են.

«Հավաքականն ինչ հարցեր ունեցել է, ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը լուծել է դրանք՝ սկսած հավաքներից, վերջացրած համապատասխան համազգեստները: Այս մեդալները տարվա սկզբից սկսած աշխատանքների արդյունքն են: Մինչ այս խաղերը մենք ունեցել ենք պատանիների, երիտասարդների և մեծահասակների Եվրոպայի առաջնություն, որտեղից մեր հավաքական թիմը 23 մեդալ է բերել (4 ոսկի, 8 արծաթ, 11 բրոնզ): Տղաներին մաղթում եմ, որ աշնանը կայանալիք աշխարհի առաջնությունում կրկին ցույց տան իրենց բարձր դիրքերը»,- ասում է Խոջայանը:

Վովիկ Խոջայանը հիացմունքով է խոսում Մինսկում Հայաստանի ներկայացուցիչների միասնականության մասին.

«Այս անգամ Հայաստանի բոլոր մարզիկները միասնական էին: Հեծանվորդ, ըմբիշներ, բռնցքամարտիկներ… Բոլորն այցելում էին մեզ, ցավում էին մեզ համար և աջակցում: Այժմ ես էլ բոլորին եմ հաղթանակներ մաղթում: Հույս ունեմ՝ շատերը ոսկե մեդալներով կվերադառնան»:


Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի սամբոյի մրցումները կայացել են հունիսի 22-ին և 23-ի: Հայաստանը ներկայացրել են Ասյա Լալազարյանը (48 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Դավիթ Գրիգորյանը (82 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ):

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս

Loading...