Մարականա ստադիոնի փառքի սրահը կարող է համալրվել Մեսսիի ոտնահետքերով

17:40 25.06.2019

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, ով երկուշաբթի օրը դարձավ 32 տարեկան, հրավեր է ստացել իր ոտնահետքերը թողնելու Ռիո դե Ժանեյրոյի հայտնի «Մարականա» ստադիոնի փառքի սրահում: Հրավերը «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրին մարզադաշտի  ներկայացուցիչները փոխանցել են Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) միջոցով, հայտնում է «Գլոբու» հեռուստաալիքը:

Արարողությունն անցակցնելու  հնարավորություն կարող է ստեղծվել արդեն այս շաբաթ: Երկուշաբթի Արգենտինայի հավաքականը ժամանել է Ռիո դե Ժանեյրո՝ նախապատրաստվելու Վենեսուելայի թիմի դեմ Ամերիկայի Գավաթի քառորդ եզրափակչի խաղին, որը տեղի կունենա ուրբաթ օրը «Մարականայում»: Առաջիկա խաղին նախապատրաստվելու ընթացքը չխախտելու համար մարզադաշտի ներկայացուցիչները պատրաստ են ժամանել արգենտինացիների մարզաբազա բոլոր անհրաժեշտ սարքավորումների հետ միասին և իրենց հավաքածուում հավերժացնել մոլորակի լավագույն խաղացողի կոչման հնգակի դափնեկրի դրոշմները:

Ավելի վաղ, Մեսսին 2 անգամ հանդես էր եկել «Մարականա» ստադիոնում 2014թ. Բրազիլիայում կայացած Աշխարհի առաջնության շրջանակներում՝ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խմբային փուլի հաղթական խաղում (2-1), ինչպես նաև առաջնության եզրափակիչում՝ որտեղ Մեսսիի թիմը ցավալի պարտություն կրեց (0-1):

Վենեսուելայի հավաքականի հետ հանդիպումը արգենտինացիների համար առաջինը կլինի «Մարականայում»՝ Ամերիկայի Գավաթի ընթացիկ խաղարկությունում: Այստեղ հայտնվելու հաջորդ հնարավորությունը նրանց կարող է ներկայացվել միայն մրցաշարի եզրափակիչ դուրս գալու դեպքում։

2003 թվականից «Բարսելոնայում» հանդես եկող Մեսսին 10 անգամ դարձել Է Իսպանիայի չեմպիոն, վեց անգամ հաղթել Է Իսպանիայի Գավաթում և ութ անգամ՝ Իսպանիայի Սուպերգավաթում: Նրա հաշվին են Չեմպիոնների լիգայի չորս և աշխարհի ակումբային առաջնության երեք տիտղոսներ։ Ֆուտբոլիստը հինգ անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ և վեց անգամ դարձել է Եվրոպայի բոլոր առաջնությունների լավագույն ռմբարկուն: Արգենտինայի հավաքականի կազմում Մեսսին նվաճել է Պեկինի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը և Բրազիլիայում կայացած աշխարհի 2014թ. առաջնության արծաթե մեդալը: 

Share |

Լրահոս

Loading...