Նոր մարզչի նշանակումն օրերի հարց է. Արթուր Սահակյանը՝ Նոա ՖԱ-ի ծրագրերի մասին

21:30 25.06.2019

Հայաստանի առաջնությունում 2019/20 մրցաշրջանի մեկնարկին 1 ամսից էլ մի փոքր ավելի ժամանակ է մնացել: Եվ արդեն հիմա կարող ենք ասել, որ այն խոստանում է լինել հետաքրքիր: Հայկական ակումբներն ակտիվորեն պատրաստվում են, համալրվում, կողմնորոշվում առաջադրանքների հարցում: Տրանսֆերներ, նոր մարզիչներ, սպասվող լեգեոներների լիմիտ:

Ավարտված մրցաշրջանից հետո «Նոա» դարձած «Արցախի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանի հետ ArmSport.am-ն անդրադարձել է ակումբի մի քանի խնդիրների:

«Նոայում» խաղը կառուցվելու է հայ ֆուտբոլիստների շուրջ

«Այս պահին հայ ֆուտբոլիստների ձեռքբերումներ չունենք, կան ֆուտբոլիստներ, որոնք փորձաշրջան են անցնելու, բայց կան «Արցախից» մնացած մի շարք ֆուտբոլիստներ, որոնց հետ աշխատանքը շարունակելու ցանկություն ենք հայտնել: Ինչպես գիտեք՝ գրեթե բոլորի հետ պայմանագրերի ժամկետներն ավարտվում էին, մի շարք խաղացողների պայմանագրեր երկարաձգել ենք: Մոտ օրերս արդեն կհայտարարենք համալրումների մասին»:

«Նոայի» ուշադրության կենտրոնում են ակումբ չունեցող հայ ֆուտբոլիստները

«Մենք հիմա բանակցություններ ենք վարում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում գտնվող մի շարք հայ ֆուտբոլիստների հետ: Պարզապես մեզ մոտ կա մի մեծ խնդիր. այս պահին չունենք գլխավոր մարզիչ: Մարզչի հարցով մեր բանակցությունները դեռևս չեն ավարտվել: Երբ ունենանք գլխավոր մարզիչ, այդ ժամանակ ավելի կոնկրետ կհասկանանք, թե այդ ֆուտբոլիստներից որոնք են ավելի նախընտրելի: Ներկայումս կան մեծ թվով ֆուտբոլիստներ (թե՛ հայ, թե՛ արտասահմանցի), որոնց հետ բանակցությունների փուլում ենք: Կան նաև լեգեոներներ, որոնց հետ բանակցություններն ավարտված են, և նրանք բուժզննում են անցնում»:

«Նոան» գլխավորելու է արտասահմանցի մասնագետ

«Մարզչի պաշտոնի համար ունենք երեք թեկնածու: Այս հարցը մի քիչ երկար տևեց, քանի որ այն թեկնածուի հետ բանակցությունները, որին մենք էինք ցանկանում, ձգձգվեցին: Բայց շատ երկար չի տևելու, օրերի հարց է: Խոսքը արտասահմանցի մասնագետի մասին է»:

Փոփոխված, բայց՝ հավակնոտ պլաններ

«Նոր մրցաշրջանին հավակնոտ պլաններով ենք մոտենում, բայց մի փոքր խնդիր ունեցանք՝ գլխավոր մարզչի հետ կապված. Սևադա Արզումանյանի հրաժարականով պայմանավորված՝ մեր պլանները մասամբ փոփոխվել են»:

Պարզապես մասնակցությունը «Նոայի» համար չէ

«Թիմի առաջ բարձր նպատակներ են դրված՝ պայքարել եվրագավաթների համար: Եթե բարձր առաջադրանքներ չդնենք թիմի առաջ, ավելի լավ է՝ չմասնակցենք առաջնությանը: Պարզապես մասնակցությունը մեզ համար չէ: Նախորդ տարի մենք առաջնությունը սկսելիս հասկացանք, որ չենք կարող բարձր նպատակների հասնել նման պայմաններով, նման բյուջեով: Բայց այս տարի մեզ մոտ փոփոխություններ են կատարվել, և կարծում եմ, որ մեր բյուջեն, մեր պայմանները կարող են թույլ տալ՝ ունենալ հավակնոտ պլաններ»:

«Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանի հետ զրուցել ենք նաև Հայաստանի առաջնությունում սպասվող լեգեոներների լիմիտի ձևաչափի մասին: Խնդրահարույց թեմային անդրադարձը ArmSport-ում կարող եք կարդալ շուտով:

 

Հռիփսիմե Գալստյան

Share |

Լրահոս

Loading...