Արսեն Ղազարյան. Եվրոպական խաղերում ամեն ինչ արդար էր

16:16 25.06.2019

Եվրոպական խաղերում մրցավարներն անաչառ որոշումներ են կայացնում:

Սա փաստում է սամբոյի մրցումներում բրոնզե մեդալակիր դարձած Արսեն Ղազարյանը (74 կգ):

«Եվրոպական խաղերում ամեն ինչ արդար էր, և խոսքը միայն իմ գոտեմարտերի մասին չէ: Մրցավարության հետ կապված որևէ դիտողություն չկա: Բոլոր որոշումները կայացվում են անկողմնակալ քննարկումների արդյունքում»,- ասում է Ղազարյանը:

Արսեն Ղազարյանը Եվրոպական խաղերում մեկնարկել է պարտությամբ, սակայն սփոփիչ գոտեմարտում տոնած հաղթանակի շնորհիվ մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել. 

«Ես լավ չսկսեցի պայքարը. պարտվեցի Ստանիսլավ Սկրայբինին (1-2): Մեկնարկում 2 միավոր բաց թողեցի, իսկ հետո չկարողացա հետ բերել կորցրածս: Ադրբեջանցի Աբդուլա Աբդուլաևի հետ սփոփիչ գոտեմարտիցս դժգոհ չեմ: Միավորների բացարձակ առավելություն չունեցա, բայց ամբողջովին իմ վերահսկողության տակ էր գոտեմարտը»,- ասում է բրոնզե մեդալակիրը:

Մեդալային գոտեմարտում Արսենը մրցել է Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Մարկարիանի հետ, ում պարտվել էր աշխարհի առաջնության ժամանակ.

«Դեռ այն ժամանակ չէի ընդունել իմ պարտությունը: Չէի կարողանում հաշտվել այդ արդյունքի հետ և ինքս իմ առաջ նպատակ էի դրել, որ պետք է ապացուցեմ՝ իրենից ուժեղ եմ: Փառք Աստծո, ստացվեց: Կարծում եմ՝ իմ կարիերայում մեկ քայլ առաջ եմ գնացել: Ուրախ և շնորհակալ եմ, որ այսօր առանց մեդալ չեմ մնացել, քանի որ սպորտում երբեմն ամենաուժեղն էլ մնում է առանց մեդալի»,- խոսքը եզրափակում է Ղազարյանը:


Լուսանկարը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Facebook-ի էջից

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս

Loading...