Մշակվել է առաջիկա վեց տարվա ՀՖՖ ռազմավարությունը. ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովի ամփոփում

17:44 26.06.2019

ՀՖՖ-ի 2019 թվականին նախատեսվող ծախսերը կկազմեն 4,845,000.0 դրամ, իսկ եկամուտները՝ 4,830,000.0 դրամ:

Այս մասին ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովի ժամանակ հայտնեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: 2018 թվականին էլ ՀՖՖ-ի ընդհանուր եկամուտները կազմել են 5,675,936,679 դրամ: Այն կարող եք տեսնել այստեղ:

Ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն էլ ներկայացրեց վերջին 9 ամիսների գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև առաջիկա ծրագրերը:

ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը ժողովի ժամանակ ներկայացրեց առաջիկա վեց տարվա ՀՖՖ ռազմավարությունը:

Ծրագրվում է առաջիկայում Հայաստանը դարձնել առավել ճանաչելի ֆուտբոլի միջոցով: Ապահովել Հայաստանում ֆուտբոլի կայունությունն ու շարունակական զարգացումը:

Ռազմավարության ուղղություններն են՝

Ազգային հավաքականները

Մանկապատանեկան ֆուտբոլը

Մասսայական և սիրողական ֆուտբոլը

Ենթակառուցվածքները

Պրոֆեսիոնալ ֆուտբոլը

Կանանց ֆուտբոլը

Ենթակառուցվածքների մասին խոսելիս Ազարյանն առանձնացրեց.

  • Մինչև 2025 թվականը կառուցել և շահագործման հանձնել ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտերի չափանիշներին համապատասխան և նվազագույնը 32,000 տարողունակությամբ Ազգային նոր մարզադաշտ
  • Մինչև 2023 թվականը կառուցել և շահագործման հանձնել ֆուտբոլային ժամանակակից միտումներին և չափանիշներին համապատասխանող նոր Տեխնիկական կենտրոն
  • Մինչև 2025 թվականը բարելավել ՀՀ Բարձրագույն խմբի խաղերն սպասարկող մարզադաշտերի պայմանները՝ ապահովելով դրանցում ՈՒԵՖԱ-ի առնվազն 2-րդ կարգի մարզադաշտերի չափանիշների առկայությունը:

Ազգային հավաքականների մասով առաջիկա վեց տարվա ընթացքում ծրագրվում է  Մ 17, Մ 19 և Մ 21 տարեկանների ազգային հավաքականների որակավորումը ՈՒԵՖԱ-ի համապատասխան տարիքային խմբերի առաջնությունների եզրափակիչ փուլերին: Այս ընտրանիները պետք է նաև ազգային հավաքականի համար ֆուտբոլիստներ պատրաստեն:

Ֆուտզալը նույնպես առաջիկա վեց տարում ուշադրության կենտրոնում է լինելու: Նախատեսվում է ազգային հավաքականի պարբերաբար մասնակցությունը ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի մրցաշարերին, ինչպես նաև որակավորումը այդ մրցաշարերի եզրափակիչ փուլերին:

Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գործում առաջնային է Բարձրագույն խմբի բոլոր ակումբների մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերի և համապատասխան մանկապատանեկան դպրոցների/թիմերի բարձրացումը «ակադեմիական» մակարդակի, այդ թվում՝ պահանջվող մանկապատանեկան թիմերի նվազագույն քանակը 7-ից դարձնելով 10: Կազմակերպված մանկապատանեկան ֆուտբոլում ներգրավված 6-18 տարեկան խաղացողների քանակն էլ պետք է ավելանա՝ դառնալով 5,000-ից մինչև 10,000 խաղացող։

Մասսայական և սիրողական ֆուտբոլի համար նույնպես ռազմավարություն է մշակվել: Ամենից առաջ մինչև 2023 թվականը ծրագրվում է հիմնել ՀՖՖ պրոֆեսիոնալ առաջնություններին ստորադաս կազմակերպված սիրողական ֆուտբոլի երկու առաջնություն՝ մասնակցության որոշակի չափանիշներով:

Դե իսկ վերջում Ազարյանը խոսեց կանանց ֆուտբոլի զարգացման մասին՝ հայտնելով, որ նախատեսվում է մինչև 2025 թվականը եռապատկել մասնակցությունը՝ ֆուտբոլ խաղացող կանանց և աղջիկների թիվը հասցնելով 2000-ի:


Ժողովի պատվիրակները միաձայն քվեարկեցին ՀՖՖ ռազմավարության, ՀՖՖ կառուցվածքի, անկախ աուդիտորի նշանակման հաստատման օգտին:

Օրակարգի վերջում չեղյալ համարվեց «Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա» ՓԲԸ հիմնադրելու մասին որոշումը:

Պատվիրակները կողմ քվերակեցին «ՖԱ Տորպեդո» ՍՊԸ-ի, «ՖԱ Վան» ՀԿ-ի, «Դիլիջան ՖԱ» ՓԲԸ-ի, «ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ-ի, «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ-ի, «Դովեղ ՖԱ» ՀԿ-ի, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ-ի, «ՖԱ Անի» ՀԿ-ի, «ՖԱ Արագած» ՀԿ-ի և «Յունիոր Սևան ՖԱ» ՍՊԸ-ի՝ ՀՖՖ-ին անդամակցությանը:

Ժողովի վերջում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը  պատվոգիր և ՀՖՖ ոսկե հուշամեդալ հանձնեց «Արարատ-73» ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանին: Հայկական ֆուտբոլում մատուցած երկարամյա ծառայությունների համար պատվոգրով և ՀՖՖ ոսկե հուշամեդալով պարգևատրվեց Ռոբերտ Դալլաքյանը:

Տեսանյութը և լուսանկարը՝ ՀՖՖ պաշտոնական կայքի:

Share |

Լրահոս

Loading...