ԱՄՆ մեկնելուց հետո հասկացա, որ մեր մարզադահլիճներում պարզապես ժամանակ եմ սպանել. Արամ Ավագյան

14:43 27.06.2019

Լաս Վեգասում մայիսին կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում 28-ամյա Արամ Ավագյանը կիսաթեթև քաշային կարգում, 10 ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզային ու պաշտպանել WBC International Silver գոտին:

Արամ Ավագյան, որն իր 10-րդ մենամարտն էր անցկացնում պրոֆեսիոնալ ռինգում, արդեն իսկ համագործակցում էր այլ պրոմոութերական ընկերության հետ.

«International Silver գոտու պաշտպանության ժամանակ հանդես եկա Golden Boy պրոմոութերական ընկերության կազմակերպած ֆանտաստիկ շոուում։ Բռնցքամարտիկներն իրենց ամբողջ կարիերայում գուցե հնարավորություն չստանան նման շոուի մասնակցելու, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում իմ մարզչին՝ Էդմոն Թարվերդյանին ու ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանին, որը ներկայումս իմ պրոմոութերն է։

Նրանց հետ համագործակցության արդյունքում ես կարողացա հանդես գալ նման շոուի շրջանակում։ Այդ շոուն մարզաշխարհի ուշադրության կենտրոնում էր։ Այդ օրը մենամարտեցին աշխարհահռչակ բռնցքամարտիկներ Կանելո Ալվարեսը, որը հենց ներկայացնում է Golden Boy-ը, և Դենիել Ջեկոբսը»,- մեզ հետ զրույցում իր հիշողություններով է կիսվել Արամ Ավագյանը:

Մինչ այդ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը 7 ամիս ռինգ դուրս չէր եկել առողջական խնդիրների պատճառով. ասում է` ԱՄՆ-ում կարողացել է մարզումային ճիշտ փուլ անցնել ու լավագույնս հանդես գալ.

«Դեկտեմբերին պետք է մենամարտ անցկացնեի, բայց առողջական ինչ-ինչ խնդիրներ ի հայտ եկան ու ես հասկացա, որ նման կերպ պարզապես  չի կարելի ելույթ ունենալ: Ես չեմ սիրում գործում ուժերս ներդնել 50/50 տարբերակով: Ես մաքսիմալիստ եմ ու որոշեցի այդ պահը բաց թողնել` հետագայում էլ ավելի ուժեղ վերադառնալով:

Իսկ 7 ամիսը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի համար շատ երկար ժամանակ է։ Ուրիշ է, եթե դու օրինակ աշխարհի չեմպիոն ես ու տարվա մեջ անցկացնում ես 2 մենամարտ՝ պաշտպանելով տիտղոսդ, բայց եթե դու բռնցքամարտիկ ես, որը ճանապարհ է հարթում դեպի չեմպիոնություն, 7 ամիսը բավականին մեծ ժամանակ է։

Կարողացանք ԱՄՆ-ում շատ ճիշտ մարզումային փուլ անցնել՝ թե՛ ֆիզիկական, թե՛ սպարինգային ցիկլերով։ Կարծում եմ՝ ռինգում արդարացրի թե՛ մարզչիս, թե՛ պրոմոութերիս, թե՛ բոլոր նրանց սպասելիքներն, ովքեր ինձ երկրպագում էին»:

Հայ մարզիկի խոսքով, ԱՄՆ-ն բռնցքամարտի սիրտն է։ Եթե ուզում ես հասկանալ՝ արդյոք պատրա՞ստ ես բռնցքամարտիկ դառնալ, պետք է նախ մեկնես ԱՄՆ ու հասկանաս՝ արդյոք կարո՞ղ ես այդ ամենի միջով անցնել, թե ոչ։

«Անցած տարի այնտեղ էինք, սպարինգ մենամարտեր անցկացրեցինք։ Ու դրանից հետո ես միանշանակ հասկացա, որ պետք է այս ճանապարհով գնամ»:

Արամ Ավագյանի խոսքով, ԱՄՆ վերադառնալուց հետո, հնարավոր է, նորից հանդես գա Golden Boy-ի շոուում: 

«Առհասարակ, լուրջ մենամարտերից առաջ` գոտու համար, անցկացնում են սովորական մենամարտեր: Կարծում եմ` իմ դեպքում էլ այդպես կստացվի: Ինչ վերաբերում է մարզավիճակիս, հիմա ես 50%-ի վրա եմ:

Էլի շարունակում եմ ամեն օր մարզվել, աշխատում եմ հավաքականում իմ նախկին թիմակից Արթուր Քիրաջյանի հետ, ով իր գործի պրոֆեսիոնալն է ու անվանի բռնցքամարտիկ, հիմա զբաղվում է մարզչական գործունեությամբ:

Այդուհանդերձ, շատ եմ զգում ԱՄՆ-ի իմ մարզիչների ուշադրության կարիքը, կարոտում եմ այնտեղի մարզումները: Որո՞նք են տարբերությունները. յուրաքանչյուր քո ունակության վրա նրանք աշխատում են, չեն փորձում քեզ սահմանափել: Քեզ շրջանակի մեջ չեն դնում: Ամեն ինչ անում են, որ զարգացնեն հենց այն ունակությունը, որը քեզ մոտ ավելի լավ է ստացվում: Նրանց հետ ես բացվել եմ»:

Տոկիո-2020-ին հնարավոր մասնակցության մասին

«Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ` անկախ նրանից կլինի սիրողական, թե պրոֆեսիոնալ սպորտում, երազում է Օլիմպիական խաղերի մեդալի մասին: Իմ դեպքում որոշ բաներ կոտրվեցին Ռիոյի 2016 թվականի Օլիմպիկան խաղերից հետո, բայց ես կոտրվող տեսակ չեմ ու շատ հնարավոր է` մասնակցեմ Տոկիո-2020-ին: Դա պետք է քննարկեմ մարզչիս ու Արթուր Գևորգյանի հետ:

Ռիո-2016-ում շատ էր կոռուպցիան, թալանը... դա իմ առաջին Օլիմպիական մեծ խաղերն էին, բայց նախկինում երբեք նման բան չէի տեսել: Կարող էիր լինել տաղանդավոր բռնցքամարտիկ, բայց մրցակիցդ լիներ ֆինանսապես հզոր մեկը ու դու արդեն դառնայիր ոչ մեկը ...»,- պատմում է Արամ Ավագյանը, որը Ռիո-2016-ում հաջողությամբ հաղթահարել է թեթևագույն քաշային կարգի նախընտրական փուլը՝ հաղթելով ճապոնացի Արասի Մորիսակային, սակայն 1/16-րդ եզրափակչում 0:3 հաշվով պարտվել է իռլանդացի Մայքլ Քոնլանին:

Բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

«Ես միշտ խաղաղության կողմն եմ: Արթուր Գևորգյանի օրոք բռնցքամարտը Հայաստանում շատ է զարգացել: Բռնցքամարտիկներն, ովքեր նախկինում մեկը մյուսից մարզակոշիկ ու մարզահագուստ էր խնդում, ներկայումս նման խնդիր չունեն: Կրում են Nike աշխարհահռչակ բրենդը: Կարծում եմ` աշխարհի մասշտաբով մեր հավաքականի պես գեղեցիկ մարզահագուստով հավաքական չկա` թե՛ մրցումային հագուստի առումով, և թե՛` առօրյա:

Չկա առողջ կառույց, որտեղ ներսից քննադատողներ չլինեն: Ոմանք գոհ են, ոմանք` դժգոհ: Պարզապես նորից կշեշտեմ, որ Արթուր Գևորգյանի օրոք բռնցքամարտը Հայաստանում շատ է զարգացել, ու դրա մասին են վկայում մեր մարզիկների արդյունքները: Կարծում եմ` նման տհաճ մթնոլորտն ազդում է մարզիկի վրա: Մարդիկ, ովքեր սիրում են սպորտը, պետք է դա հասկանան ու թողնեն, որ ամեն ինչ խաղաղ ընթանա իր հունով:

Ի դեպ, կցանկանամ շնորհակալություն հայտնել հենց Արթուր Գևորգյանին ու առհասարակ այն մարդկանց, ովքեր ինձ աջակցել են: ԱՄՆ-ում ես մենակ եմ մնացել, բայց երբեևէ մենակություն չեմ զգացել: Առավոտից երեկո իմ կողքին են եղել մարզիչները, Արթուր Գևորգյանը, որն այնպես էր անում, որ ես ինձ իր ընտանիքի անդամը զգամ: Ամեն ինչի համար շնորհակալ եմ»:

Հուլիսի վերջին Ավագյանը նորից կվերադառնա ԱՄՆ, որպեսզի շարունակի մարզումային գործընթացն ու պատրաստվի հետագա մենամարտերին.

«Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես շատ աշխատասեր եմ եղել ու մարզումների ընթացքում ինձ միշտ ներդնում եմ 100 տոկոսով։ Բայց ԱՄՆ մեկնելուց հետո հասկացա, որ մեր մարզադահլիճներում ես պարզապես ժամանակ եմ սպանել։

Այնտեղ մարզումային պրոֆեսիոնալիզը չափազանց բարձր մակարդակի վրա է։ 24 ժամ դու քո մարզիչների ուշադրության կենտրոնում ես։ Միշտ քեզ հետևում են, կառավարում են քո յուրաքանչյուր քայլը։ Պարզապես բառեր չունեմ նկարագրելու։ Եթե նորից ծնվեի, կցանկանայի միայն այնտեղ մարզվել»,- խոստովանում է Արամը: 

Նարե Հովհաննիսյան

Լուսանկարները` Գևորգ Ղազարյանի (մարզման ֆոտոշարքն` այստեղ)

ինչպես նաև` Ավագյանի անձնական արխիվից

Share |

Լրահոս

Loading...