ԱԻԲԱ-ն որակազրկվեց. Բռնցքամարտը ՄՕԿ-ն իր ձեռքը կվերցնի

10:45 27.06.2019

Պատմության մեջ աննախադեպ իրողություն է: 1946 թ.-ից գործող սպորտային այս խոշոր կազմակերպությունը՝ Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (ԱԻԲԱ) զրկվեց միջազգային ճանաչումից:

Որակազրկելու վերջնական որոշումը կայացվեց չորեքշաբթի Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նստաշրջանում: Սա ենթադրում է, որ ԱԻԲԱ-ի հովանու ներքո անցկացվելիք մրցաշարերը զրկվում են ճանաչումից: Որպես հետևանք, 2019-ի տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնությունները, որոնք պետք է անցկացվեն Եկատերինբուրգում և Ուլան-Ուդեում, զրկվում են որակավորման օլիմպիական մրցաշարերի կարգավիճակից, ասել է թե՝ նրանց նկատմամբ մարզիկների հետաքրքրությունը վտանգված է:

2020 թվականին Տոկիոյի օլիմպիադայում բռնցքամարտի մրցաշարի անցկացմամբ զբաղվելու է ՄՕԿ-ը

Բռնցքամարտի մրցաշարի կազմակերպմամբ, ներառյալ որակավորման մրցումների անցկացումը, կզբաղվի ՄՕԿ-ը: Այդ աշխատանքը կգլխավորի մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահ Մորինարի Վատանաբեն։ 

Ընտրական մրցաշարերը տեղի կունենան հաջորդ տարվա հունվար-մարտ ամիսներին, նախնական՝ Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Սենեգալում և Արգենտինայում։ Բացի այդ, մայիսին Տոկիոյում նախատեսվում է ևս մեկ որակավորման փուլ, որտեղ հանդես կգան բռնցքամարտիկներ, որոնք չեն կարողացել ավելի վաղ օլիմպիական ուղեգրեր ստանալ:

Վերջին հույսը

ԱԻԲԱ-ում մինչև վերջին պահը հույս ունեին, որ նստաշրջանի պատվիրակները կոշտ միջոցներ չեն ձեռնարկի ամենահին մարզական ֆեդերացիաներից մեկի նկատմամբ: Բայց Նենադ Լալովիչի ելույթից հետո, որը գլխավորում էր ԱԻԲԱ-ի կարգավիճակի ուսումնասիրման հանձնաժողովը, նստաշրջանը միաձայն հավանություն տվեց Գործկոմի հանձնարարականին:

Ֆեդերացիան ունի զգալի պարտքեր, որոնք հասել են 16 մլն դոլարի: Նենադ Լալովիչը կարծում է, որ բարձր պարտքային բեռը ռիսկ է ստեղծում, որ ԱԻԲԱ-ի հաշիվներին ստացվող միջոցների մեծ մասը ծախսվելու է ոչ թե բռնցքամարտի զարգացման, այլ պարտատերերի պահանջների բավարարման վրա:

Հիշեցնենք, որ ԱԻԲԱ-ի ճգնաժամը սկսվել է դեռևս 2017 թվականին, երբ ֆեդերացիայի գործկոմը անվստահության քվե էր հայտնել նրա նախագահ ՈՒ Ցզինգոյին (ի դեպ, նա նախկինի պես ՄՕԿ-ի անդամ է և քվեարկել է ԱԻԲԱ-ին ճանաչումից զրկելու օգտին):

ԱԻԲԱ-ի կարգավիճակի հարցին ՄՕԿ-ը կվերադառնա Տոկիոյի Օլիմպիադայից հետո։ Չի բացառվում, սակայն, որ այդ պահին ֆեդերացիայի ճգնաժամը միայն կխորանա։ Չէ որ, ըստ Նենադ Լալովիչի, խաղերին մասնակցելուց ԱԻԲԱ-ի հեռացման պատճառով նրա պարտքերն արդեն կհասնեն 29 մլն դոլարի:

Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ումար Կրեմլյովը վստահ է, որ ԱԻԲԱ-ն, ի վերջո, ստիպված կլինի արմատական բարեփոխումների գնալ:

«ՄՕԿ-ի որոշումից հետո ԱԻԲԱ-ի գործկոմի բոլոր անդամները կհասկանան, որ պետք է հրաժեշտ տալ հնին։ Իսկ բոլոր նրանք, ովքեր մեղավոր են այն բանում, ինչին հասցրեցին ԱԻԲԱ-ն, պետք է ներողություն խնդրեն բռնցքամարտի ընկերակցությունից և հեռանան։ Մեր խնդիրը, որպես ԱԻԲԱ-ի գործկոմի անդամներ, միավորվելն է, շուտափույթ բարեփոխումներ ընդունելը և ամեն ինչ զրոյից համատեղ սկսելը»,- հայտարարել է Կրեմլյովը;

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...