Այս տարբերակն ավելի լուրջ էր. Ռումյան Հովսեփյանը` Փյունիկից Արդա տեղափոխության մասին

11:18 27.06.2019

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանն ասում է` բուլղարական «Արդա» տեղափոխության հարցում որոշիչ էր իր` արտասահմանյան ակումբում խաղալու ցանկությունը:

Այս մասին 27-ամյա ֆուտբոլիստը հայտնել է ArmSport-ի հետ զրույցում:

«Հանգստի մեջ էի, երբ զանգահարեց գործակալս ու ասաց, որ իմ ծառայություններով հետաքրքրվող թիմ կա: Խոսեցինք, քննարկեցինք պայմաններն ու ստացվեց: Կարծում եմ` այս տարբերակն ավելի լուրջ էր:

Այո, «Փյունիկի» հետ կարող էի մասնակցել Եվրոպա լիգային, բայց նախ պայմանագրիս ժամկետն էր ավարտվել, բացի այդ էլ` հետո այս տարբերակը, կարող է, չլիներ, դրա համար հիմա որոշեցի տեղափոխվել: Տեղափոխությանս հարցում որոշիչ էր նաև այն գործոնը, որ ցանկանում եմ խաղալ արտասահմանյան ակումբում»,-ասում է Ռումյան Հովսեփյանը:

Հովսեփյանն արդեն այսօրվանից կսկսի մարզումներն «Արդայի» կազմում, որն այս տարի Բուլղարիայի Բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք է վաստակել.

«Գրեթե բոլոր ֆուտբոլիստների, մարզիչների հետ ծանոթացել եմ: Տպավորություններս շատ լավն են, շատ դրական: Ինձ շատ ջերմ ընդունեցին: Արդեն այսօրվանից կսկսեմ մարզվել, իսկ ակումբի մասին ամեն օր մի նոր բան կիմանամ: Ակումբի առջև մեկ նպատակ է դրված. լավ հանդես գալ առաջնությունում ու որքան հնարավոր է` բարձր հորիզոնականներում լինել: Առաջնությունում բավականին ուժեղ թիմեր կան: Կարծում եմ` լավ, հետաքրքիր առաջնություն է: Իսկ ինքս իմ առջև խնդիր եմ դրել ցուցադրել լավ, կայուն ու որակյալ խաղ, որպեսզի կարողանամ ավելի առաջ գնալ»,- խոստովանում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը:

Իսկ երևանյան ակումբից Ռումյան Հովսեփյանը լավ հիշողություններով է հեռացել.

«Փյունիկում» շատ լավ տարի եմ անցկացրել, դժվար էր կտրվել մարդկանցից, ովքեր իմ առօրյան էին դարձել, բայց սա է ֆուտբոլային կյանքը: Պայմանագրիս ժամկետն ավարտվել էր: Շատ լավ հիշողություններ ունեմ, ու նաև մեծ հաջողություն եմ մաղթում «Փյունիկին» եվրագավաթային խաղերում»:

Ռումյան Հովսեփյանը Հայաստանի ավարտված առաջնությունում «Փյունիկի» կազմում 27 հանդիպման է մասնակցել` դառնալով 4 գոլի հեղինակ:

27-ամյա ֆուտբոլիստը 17 խաղի է մասնակցել նաև Հայաստանի հավաքականի կազմում` խփելով 2 գնդակ:

Նարե Հովհաննիսյան

Share |

Լրահոս

Loading...