Մեսսի, Բեյլ, Սանչես․․․ Աստղեր, որոնց տրանսֆերային արժեքը նվազել է 2018/19 մրցաշրջանից հետո

15:10 27.06.2019

2018/19 մրցաշրջանը նրանց համար անհաջող էր։ Այնքան անհաջող, որ կտրուկ նվազել են տրանսֆերային արժեքները։

Transfermarkt-ը ներկայացրել է թոփ-15 ֆուտբոլիստների, որոնց տրանսֆերային արժեքները նվազել են նախորդ մրցաշրջանից հետո։

7-15. Ժերոմ Բոատենգ, -25 մլն

Transfermarkt-ի գնահատականով «Բավարիայի» պաշտպանի տրանսֆերային արժեքը 45 մլն եվրոյից դարձել է 20 մլն եվրո։ Հենց այդքան գումարով էլ մյունխենյան ակումբը ցանկանում է վաճառել ֆուտբոլիստին, որի խաղը նախորդ մրցաշրջանում հիասթափեցրեց ինչպես երկրպագուներին, այնպես էլ ակումբի ղեկավարությանը։

7-15. Մեսութ Օզիլ, -25 մլն

«Արսենալի» կիսապաշտպանն այլևս նախկին մակարդակով չի խաղում, ինչն էլ ազդում է նրա արժեքի վրա։ Օզիլի տրանսֆերային արժեքը 50 մլն եվրոյից դարձել է 25 մլն եվրո։ Հասկանալի է, որ «զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կցանկանա հնարավորինս արագ բաժանվել փլեյմեյքերից։

7-15. Թոմաս Մյուլեր, -25 մլն

Գերմանացի ֆուտբոլիստների համար անհաջող մրցաշրջանը սկսվեց դեռևս Ռուսաստանում կայացած Աշխարհի առաջնության ժամանակ։ «Բավարիայի» հարձակվողը Բունդեսլիգայի ավարտված խաղարկությունում ընդամենը 6 գոլ է խփել։ Այնպես որ՝ հասկանալի է, թե ինչպես նրա տրանսֆերային արժեքը կարող է 60 մլն եվրոյից դառնալ 35 մլն եվրո։

7-15. Մատս Հումելս, -25 մլն

Եվս մեկ գերմանացի աստղ, որին «Բավարիան» 30 մլն եվրոյով վաճառեց Դորտմունդի «Բորուսիային»։ Չնայած Transfermarkt-ի մասնագետները Հումելսի տրանսֆերային արժեքը 60 մլն եվրոյից իջեցրել էին 35 մլն եվրո, «Բավարիան» 5 մլն եվրո էլ էժան վաճառեց պաշտպանին։

7-15. Գոնսալո Իգուային, -25 մլն

Կես տարի «Միլանում», կես տարի «Չելսիում» և անկայուն խաղ։ Իգուայինն Ա Սերիայում խփեց ընդամենը 6 գոլ, Պրեմիեր լիգայում՝ 5։ Արդյունքում նրա տրանսֆերային արժեքը 60 մլն եվրոյից դարձել է 35 մլն եվրո։

7-15. Տոմա Լեմար, -25 մլն

Մեկ տարի առաջ «Աթլետիկոն» Լեմարի համար 70 մլն եվրո վճարեց «Մոնակոյին»։ Տոման Իսպանիայում չփայլեց, առաջնությունում խփեց 2 գոլ, իսկ տրանսֆերային արժեքը 65 մլն եվրոյից նվազեց 40 մլն եվրո։

7-15. Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, -25 մլն

«Լացիոյի» սերբ կիսապաշտպանը մեկ տարի առաջ գերագնահատված ֆուտբոլիստ էր։ Նրա տրանսֆերի համար պահանջում էին 90 մլն եվրո։ Այժմ նրա տրանսֆերային արժեքը 65 մլն եվրո է։

7-15. Ռոբերտ Լևանդովսկի, -25 մլն

Լևանդովսկին հերթական անգամ դարձավ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն՝ 33 խաղում խփելով 22 գոլ։ Սակայն լեհ ֆուտբոլիստին դա չօգնեց խուսափել տրանսֆերային արժեքի նվազումից։ Լևանդովսկու արժեքը 90 մլն եվրոյից դարձել է 65 մլն եվրո։

7-15. Պաուլո Դիբալա, -25 մլն

Դիբալայի մասին ընդունված է խոսել որպես բացառիկ տաղանդի, սակայն այս բացառիկ տաղանդն արդեն 25 տարեկան է։ Կրիշտիանու Ռոնալդուի «Յուվենտուս» տեղափոխությունն ամենալավ ազդեցությունը չունեցավ Դիբալայի վրա։ Արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը մեկ տարի առաջ գնահատվում էր 110 մլն եվրո, այժմ 85 մլն եվրոն էլ է շատ թվում։

4-6. Սերխիո Բուսկետս, -30 մլն

Բուսկետսին հաճախ անվանում են «Բարսելոնայի» խաղաոճի համար առանցքային նշանակություն ունեցող ֆուտբոլիստ։ Սակայն նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստն ամենավստահ խաղը չցուցադրեց, իսկ նրա տրանսֆերային արժեքը 80 մլն եվրոյից նվազեց 50 մլն եվրո։

4-6. Գարեթ Բեյլ, -30 մլն

6 տարի առաջ Բեյլը համարվում էր աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը։ «Ռեալը» նրա տրանսֆերի համար «Տոտենհեմին» վճարեց 101 մլն եվրո։ Ահավոր 2018/19 մրցաշրջանից հետո Բեյլի արժեքը 90 մլն եվրոյից դարձել է 60 մլն եվրո, սակայն անգամ այդքանով «Ռեալը» դեռևս չի կարողանում վաճառել ֆուտբոլիստին։

4-6. Լիոնել Մեսսի, -30 մլն

Եթե մեկ այլ ֆուտբոլիստ մեկ մրցաշրջանում 51 գոլ խփեր և 22 գոլային փոխանցում կատարեր, նրա տրանսֆերային արժեքը կտրուկ կբարձրանար։ Մեսսիի դեպքում այդպես չէ։ Մրցաշրջանի մեկնարկից առաջ Մեսսիի տրանսֆերը գնահատվում էր 180 մլն եվրո, այժմ՝ 150։ Ինչ խոսք, տարիքն իրենն ասում է։

1-3. Մարսելո, -35 մլն

Մարսելոյի համար նախորդ մրցաշրջանը նույնքան անհաջող էր, որքան Բեյլի։ Չեմպիոնների լիգայում 3 անընդմեջ հաղթանակից հետո Մարսելոյի մոտ անկում եղավ։ Արդյունքում բրազիլացու տրանսֆերային արժեքը 60 մլն եվրոյից դարձել է 25 մլն եվրո։

1-3. Դիեգո Կոստա, -35 մլն

Նույնքան նվազել է նաև «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստայի տրանսֆերը։ Ավարտված մրցաշրջանում հարձակվողն ընդամենը 2 գոլ խփեց Պրիմերայում։ Որպես արդյունք՝ 25 մլն եվրո նախկին 60-ի փոխարեն։

1-3. Ալեքսիս Սանչես, -35 մլն

Անհաջողակների շարքը թերի կլիներ առանց Սանչեսի։ Նա այնքան վատ անցկացրեց նախորդ մրցաշրջանը, որ, հնարավոր է, շատերը մոռացած էլ լինեն՝ չիլիացին «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է։ Ինչևէ, այս աստղի տրանսֆերային արժեքը ևս կտրուկ նվազել է՝ 70 մլն եվրոյից դառնալով 35 մլն եվրո։

Share |

Լրահոս

Loading...