Ստրկություն XXI դարում․ Քանի՞ կյանք արժեն Աշխարհի առաջնության համար կառուցվող մարզադաշտերը

10:53 28.06.2019

Պատկերացնո՞ւմ եք Աշխարհի առաջնության խաղերն անցնեն լռության մեջ։ Նման բան հնարավոր կլինի Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության խաղերում, եթե միայն շինարարական աշխատանքներին մասնակցած և մահացած բանվորների համար լռության րոպե հայտարարվի․․․

WDR հեռուստաընկերության լրագրողները ֆիլմ եմ նկարահանել Քաթարում Աշխարհի 2022 թվականի առաջնության շինարարական աշխատանքներին մասնակցողների մասին։ Լուրջ խնդիր, որը դեռևս չի արժանանում համապատասխան ուշադրության։ Քաթարի բնակչությունը 2,5 միլիոնից մի փոքր է ավելի։ Իսկ հիմա պատկերացրեք, որ երկրում այժմ 1 միլիոնից ավելի օտարերկրացի աշխատող կա՝ բնակչության գրեթե կեսը։ Տեղացիները լրջորեն խուսափում են աշխատանքային հեղափոխություններից։ Այնպես որ՝ այստեղ աշխատողների նկատմամբ խտրականությունը նորմալ է ընկալվում։ Դա կարելի է ասել, իրենց մշակույթի մի մասն է, առանց որի հասարակական կյանքն այն չի լինի։

Քաթարյան ծուղակ

Սկզբում Աշխարհի առաջնության շինարարական աշխատանքներին մասնակցելու համար Քաթար գործուղումը հարևան երկրների բնակիչների համար գումար աշխատելու հիանալի տարբերակ էր թվում։ Քաթարի միլիարդատեր գործարարներին հաջողվել էր հեքիաթային աշխատանքի պատկերացումներ առաջացնել։ Իրարանցումն այնքան մեծ էր, որ անձամբ աշխատողներն էին գումար վճարում, որպեսզի գործատուները շինարարական աշխատանքների համար ընտրեն իրենց։

Այդպես հարյուրավոր, հազարավոր մարդիկ, թողնելով իրենց տները, լավ ապագայի և ֆուտբոլային հրաշքին մասնակից լինելու հույսերով տեղափոխվել են Քաթար։ Սկսելով աշխատանքը՝ նրանք հասկացել են, որ աշխատավարձը խոստացվածից շատ ավելի քիչ է լինելու (ամսական մոտ 200 դոլար), իսկ Քաթարում աշխատելու փաթեթների գներն աճելու են հակառակ ուղղությամբ։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ աշխատավորը, դեռ չսկսած աշխատանքը, ինքն է պարտավորվում մեծ գումար վճարել գործատուին։

Արժե՞ խոսել վատ և հակասանիտարական պայմանների մասին։ 2014 թվականին, երբ սկսեցին խնդրի վերաբերյալ առաջին հետաքննությունները, պարզվեց՝ երկու օրվա պարբերականությամբ մեկ աշխատող է մահանում։ 2018 թվականին խոսվեց արդեն շաբաթական 12 մահվան դեպքի մասին։ Սրանք միայն այն թվերն են, որոնք հրապարակվում են։

Ինչ-որ «գիտակներ» կարող են ասել, որ նման մեծածավալ շինարարական աշխատանքների համար մահվան դեպքերը «հասկանալի են», իսկ շինարարի աշխատանքն ինքնին ռիսկային է։ Ներեցեք, ո՛չ։ Ռուսաստանում կայացած Աշխարհի առաջնության շինարարական աշխատանքների ժամանակ 21 մարդ է մահացել։ Քաթարում այս պահի դրությամբ արդեն 1400 մահվան դեպք է գրանցվել։ Պարզից էլ պարզ է, որ այդքան մահ զուտ դժբախտ պատահարի արդյունքում չէր կարող գրանցվել։

Մահվան դեպքերի մեծ մասը եղել է աշխատանքի դժոխային պայմանների հետևանքով։ +50 աստիճան, բժշկական ապահովագրության բացակայություն, գործատուի մոտ գտնվող անձնական փաստաթղթեր, առանց որոնց չես կարող վերադառնալ տուն․․․ Ի՞նչ է սա, եթե ոչ ստրկություն XXI դարում։ Եվ «ստրկություն» բառը բնավ չի կիրառվում պաթոսի համար։ Այս մարդկանց պարզապես բանվոր անվանել այլևս հնարավոր չէ։

«Եթե յուրաքանչյուր մահացած բանվորի համար լռության րոպե կազմակերպեն, Աշխարհի 2022 թվականի առաջնության առաջին 44 հանդիպումները կանցնեն լռության մեջ»,- հայտարարել է Նորվեգիայի աշխատանքային պրոֆեսիոնալ միությունների ղեկավար Հանս Գաբրիելսոնը։ Նա ևս հետևում է ընթացող ողբերգությանը, բայց դեռևս չի կարողանում գործը փոքր-ինչ շարժել «մեռած կետից»։


Առավել մանրամասն՝ ստորև ներկայացված է ֆիլմում։ Ավտոմատ թարգմանությունը կարող եք միացնել տեսանյութի կարգավորումներում։

Աղբյուր` www.championat.com
Share |

Լրահոս

Loading...