Ի՞նչ կլինի հայ ֆուտբոլիստների հետ. «Հայկական Ստոիչկովը»՝ մեր ֆուտբոլի խնդիրների մասին

20:00 02.07.2019

Հայկական ֆուտբոլում փոփոխություններ են կատարվում, խնդիրները լուծելու համար քայլեր են արվում, որոնք առայժմ միայն ավելի են շատացնում հարցերը:

Նախկինում հայտնի ֆուտբոլիստ, Պարսկաստանում երկար տարիներ մարզչական գործունեություն ծավալող Լևոն Ստեփանյանի հետ ArmSport.am-ը զրուցել է հայկական ֆուտբոլի ամենամեծ խնդիրների, ակնկալիքների ու ելքերի մասին:

- Պարոն Ստեփանյան, վերջին շրջանում հայկական ֆուտբոլում փոփոխությունները բավականին շատ են, նոր ակումբներ են ստեղծվում: Այդ ամենը մասնագիտական աչքով ինչպե՞ս եք գնահատում:

- Իսկապես, մեծ են փոփոխությունները, ու ես դրանք դրական եմ գնահատում: Հուսով եմ՝ նորաբաց թիմերը, որոնք պետք է խաղան Առաջին խմբում, տեղ կտան հայ երիտասարդ խաղացողներին: Հիմա Բարձրագույն խմբում թիմերի քանակը շատ չէ, կա լեգեոներների հարցը: Բոլոր թիմերն էլ գերադասում են լեգեոներներով, ավելի ուժեղ ֆուտբոլիստներով խաղալ ու արդյունքներ գրանցել: Դրանով մեր պատանեկան ֆուտբոլն ավելի հետ կգնա: Կարծում եմ՝ լավ կլիներ, եթե գոնե Առաջին խմբի համար Ֆեդերացիան ավելի կոշտ մոտեցում դրսևորեր լիմիտի հարցում:

- Ֆեդերացիան նաև որոշում է կայացրել փոխելու առաջնության ձևաչափը: Ի՞նչ եք կարծում, դա որքանո՞վ դրական ազդեցություն կունենա մեր առաջնության վրա:

- Օրինակ, Պարսկաստանում Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցում է 16 թիմ, ու 30 խաղով չեմպիոնը որոշվում է: Այնտեղ այս ձևաչափը չկա: Հայկական ֆուտբոլի համար սա, իհարկե, լավ միտք է: Բայց ես մի բան չեմ հասկանում՝ 2-րդ շրջանում այդ ձևավորված 6-յակն ինչպե՞ս է պայքարելու չեմպիոնության համար: Շարունակելու են խաղալ ձեռք բերված միավորներո՞վ, թե՞ պետք է 0-ից սկսեն: Այս պահը մի քիչ անհասկանալի է: Եթե միավորները պահպանվեն, ու առաջին տեղի թիմն էլ միավորների զգալի տարբերություն ունենա, այս ձևաչափում մեծ առավելություն կստանա: Եթե պայքարը սկսվի 0-ից, ապա հավանական է, որ անկանխատեսելի բաներ կլինեն:

«...Ի՞նչ կլինի հայ ֆուտբոլիստների հետ»

- Այս մրցաշրջանում մեր առաջնությունում շատ են լինելու ոչ միայն լեգեոներները, այլև արտասահմանցի մարզիչները: Ի՞նչ եք կարծում, նրանք կկարողանա՞ն արդյունավետ լինել հայ ֆուտբոլիստների համար: Չնայած, հայերը թիմերում, կարծես, շատ քիչ են լինելու:

- Ինձ համար էլ, վերլուծելով այս ամենը, մի քիչ տարօրինակ է: Միշտ էլ եղել են հրավիրված արտասահմանցի մարզիչներ: Նրանք ավելի շատ մտածում են իրենց աշխատավարձի մասին: Նրանք հրավիրում են լեգեոներների ու թիմ են ձևավորում նրանց շուրջ: Բայց մենք ունենք հայ լավ մարզիչներ , որոնք աշխատել են թիմերի հետ և կարող են ոչ պակաս արդյունավետ լինել: Հայ մարզիչներն ավելի լավ գիտեն հայկական ֆուտբոլի հնարավորությունները, մեր ֆուտբոլիստների ունակություններն ու մենթալիտետը: Նրանք ավելի լավ կհասկանան մեր ֆուտբոլիստներին:

- Մի քիչ ավելի մանրամասն խոսենք լեգեոներների լիմիտի ձևաչափից:

- Իմաստը ո՞րն է՝ հայտավորել 23 ֆուտբոլիստի, որոնցից պարտադիր հայ պետք է լինեն յոթը: Ստացվում է, որ ցանկացած մարզիչ, ով դրսից է ու ցանկանում է արդյունք ստանալ, կարող է 16 լեգեոներ բերել ու այդքան ֆուտբոլիստով անցկացնել ամբողջ մրցաշրջանը: Ուրեմն հայ ֆուտբոլիստները պետք է այնքան ուժեղ լինեն, որ կարողանան լեգեոներների հետ պայքարի մեջ մտնել: Արդյո՞ք մեր տղաները կարող են պայքարել լեգեոներների հետ: Լիմիտը պետք է անպայման տարածվեր մեկնարկային կազմի վրա. կարելի էր սահմանել «8+3» ձևաչափը, այսինքն՝ պարտադիր 3 հայ ֆուտբոլիստ խաղադաշտում: Օրինակ, Պարսկաստանում մի քանի տարի առաջ միաժամանակ խաղադաշտում կարող էին լինել 4-5 լեգեոներ: Տարիների ընթացքում նրանք փոփոխեցին իրենց կանոնակարգը, ու հիմա խաղում են «8+3» ձևաչափով: Մեծ տեղ են տալիս իրանցի ֆուտբոլիստներին: Իսկ մեզ մոտ հնարավորություն է տրվում հայտացուցակում 16 լեգեոներ ունենալու: Ի՞նչ կլինի հայ ֆուտբոլիստների հետ: Նույն խնդիրը կլինի նաև առաջին լիգայում: Օրինակ, Պարսկաստանում մի ժամանակ օրենք ընդունեցին, որ Բարձրագույն խմբում ոչ մի լեգեոներ դարպասապահ իրավունք չունի խաղալու: Մեր Գևորգ Կասպարովը «Տրակտորին» օգնեց Առաջին խմբից բարձրանալ Բարձրագույն խումբ, բայց խաղալ չկարողացավ: Այնտեղ հասկացել էին, որ սեփական դարպասպահների կորուստ ունեն: Հիմա այդ լիմիտն, իհարկե, հանել են, բայց այդ ընթացքում իրենց դարպասապահներն այնպիսի աճ գրանցեցին, որ հիմա այնտեղ ընդամենը 3-4 լեգեոներ դարպասապահ կա: Մենք ի՞նչ ենք ուզում անել: Հիմա Պարսկաստանի Առաջին խմբում ոչ մի լեգեոներ իրավունք չունի խաղալու: Այնտեղ ֆուտբոլը գնում է զարգացման: Նրանց տարբեր տարիքային հավաքականները մշտապես խաղում են Ասիայի Գավաթի եզրափակիչ փուլերին, Մ-17 հավաքականը պետք է 2-րդ թե 3-րդ Աշխարհի առաջնությանը մասնակցի: Մեզ մոտ կարելի էր Առաջին խմբի համար սահմանել այնպիսի ձևաչափ, որ գոնե 8 հայ ֆուտբոլիստ խաղար: Մեր հավաքականների ֆուտբոլիստներն ի՞նչ պետք է անեն: Այս հարցը խորը վերլուծության կարիք ունի: Ողջունելի է, որ ՀՖՖ-ն նախատեսում է ԲԿՄԱ ստեղծել: Գոնե, այն լավ ֆուտբոլիստները, որոնք իրենց թիմերում լեգեոներների պատճառով չեն կարողանում խաղալ և ստիպված բանակ են գնում, չեն դադարի խաղալ: Հուսով եմ, որ դա մեծ օգուտ կտա հայկական ֆուտբոլին:

- Ժամանակին մեզ մոտ գործում էր լեգեոներ դարպասապահների լիմիտ, բայց հավաքականում այդ դիրքի խնդիրը չէր լուծվում: Հայկական ֆուտբոլի խնդիրը ո՞րն է, որտեղից են սկսվում սխալները, որ որոշումների ընդունումն էլ, միևնույնն է, չի նպաստում խնդիրների վերացմանը:

- Կարծում եմ՝ Ֆեդերացիան այս ընթացքում պետք է լուրջ հետևություններ անի: Նույն դարպասապահների խնդրի մասով՝ ես չեմ կարծում, որ մենք չունենք լավ կադրեր: Պարզապես նրանց հետ պետք է լուրջ աշխատանք տարվի: Ֆուտբոլիստն իր թիմում խաղալով է ֆուտբոլիստ դառնում: Որքան էլ տաղանդավոր ու լավը լինի, եթե չխաղա, իմացածն էլ կմոռանա: Գտնում եմ, որ մեկ-երկու տարի հետո պետք է որոշվի կրկին արգելել լեգեոներ դարպասապահներ ունենալը: ՀՖՖ-ում հավաքված մասնագետները պետք է լուրջ քննարկումներ ունենան: Ես այս ընթացքում հետևել եմ մեր առաջնության խաղերին, եղել եմ Առաջին խմբի հանդիպումներին ու չէի ասի, թե չունենք դարպասապահներ: Հասկանում եմ, որ արդյունքի համար պայքարը կարևոր է, բայց արդյունքից բացի պետք է նաև հայ ֆուտբոլիստների մասին մտածել: Այդ տղաները հասնում են մի տարիքի և հիասթափվում: Չեք կարծո՞ւմ, որ այսօր քիչ ֆուտբոլիստներ ունենք, ովքեր կարող են Բարձրագույն խմբում խաղալ:

«...գլխի ընկա, որ ինձ համեմատում են լեգենդար Խրիստո Ստոիչկովի հետ»

- Առհասարակ, ի՞նչ եք կարծում, հայկական ֆուտբոլում արդյո՞ք լուրջ թեմա է չգնահատված լինելը:

- Մենք վատ մարզիչներ չունենք: Ես մարզչական դասընթացների եմ մասնակցել Արմեն Գյուլբուդաղյանցի, Սուրեն Չախալյանի, Աշոտ Բարսեղյանի, Աշոտ Ավետիսյանի դասավանդմամբ: Կարծում եմ, որ մեր մարզիչները ոչնչով չեն զիջում: Հիմա պակասում է մեր երիտասարդ մարզիչների նկատմամբ վստահությունը: Բայց նույն Գյուլբուդաղյանցը, Չախալյանը հայ ֆուտբոլիստին ավելի լավ կհասկանան, քան արտասահմանցին: Մենք առաջնությունում լավ խաղացողներ ունենք, նրանց հետ աշխատել է պետք: Հավաքականի վերջին խաղերն էլ դա են ցույց են տալիս: Իմ կարծիքով, պետք է ավելի շատ շանս տալ թե՛ հայ ֆուտբոլիստներին, թե՛ մարզիչներին:

- Դուք խաղալու փորձ ունեք թե՛ Հայաստանում, թե՛ Պարսկաստանում: Որտե՞ղ եք Ձեզ ավելի գնահատված զգացել:

- Ես չէի առանձնացնի: Հայաստանում էլ եմ ես ինձ գնահատված խաղացող զգացել: Այստեղ Երևանի «Արարատի» կազմում երկրի չեմպիոն եմ դարձել, 3 անգամ անընդմեջ հաղթել ենք Գավաթը: Բայց Պարսկաստանում տարբերությունը մասսայականության հարցն է: Ես այնտեղ էլ եմ տիտղոսներ նվաճել, 5 տարի թիմի ավագ եմ եղել: Այնտեղ մեր ցանկացած խաղին մարզադաշտում 15-20 հազար երկրպագու էր գալիս: Թեհրանում «Պերսեպոլիսի» ու «Էսթեղլալի» խաղերին 100-հազարանոց մարզադաշտը լեփ-լեցուն է լինում: Ինձ Պարսկաստանում մի քիչ ավելի գնահատված խաղացող եմ համարում: Այնտեղ երկար տարիներ եմ խաղացել: Արդեն 13 տարի է՝ չեմ խաղում, բայց որ քաղաք էլ գնում եմ որպես մարզիչ, ինձ դեռ հիշում են, ճանաչում են:

- Իսկ Ձեզ այնտեղ «Հայկական Ստոիչկով» ասել դեռ շարունակո՞ւմ են:

- Հիմա էլ են այդպես անվանում (ժպտում է՝ հեղ.): Ես ձախլիկ էի, հեռվից տուգանային լավ հարվածների էի տրապետում: Մի քանի գոլից հետո երկրպագուները սկսեցին բացականչել Լեոնե Ստոիչկով: Այնտեղ ինձ Լևոն ասել չէին կարողանում: Երբ մի քիչ սկսեցի հասկանալ պարսկերեն, գլխի ընկա, որ ինձ համեմատում են լեգենդար Խրիստո Ստոիչկովի հետ:

«...մենք բոլոր ժամանակներում էլ ունեցել ենք տաղանդավոր խաղացողներ»

- Ձեր որդին Երիտասարդական հավաքականի ու «Նոայի» ֆուտբոլիստ է: Խաղային որակներով Ձեզ նմա՞ն է:

- Արթուրը մի քիչ ավելի աշխատասեր է, քան ես էի: Նա ավելի գրագետ է: Ես շատ աշխատասեր չեմ եղել, շատ չէի վազում: Բայց նկատում եմ՝ նա որքան է իր վրա աշխատում, անգամ հանգստի օրերին: Նրա որակներն ավելի լավն են: Ինձնից բարձրահասակ է, ավելի ամուր է: Բայց հարվածների ոճը, հեռվից հարվածները դեպի դարպասը նույնն են:

- Ձեր ժամանա՞կ էր ավելի դժվար հայկական ֆուտբոլում կարիերա ստեղծելը, թե՞ հիմա:

- Մեր ժամանակ ավելի դժվար էր: Երբ մենք առանձնացանք Խորհրդային միությունից, առաջին մի երկու տարիներին գրեթե բոլոր թիմերում շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստներ էին խաղում: Խորհրդային միության վերջին տարիների լավագույն տղաներից շատերն «Արարատում» էին: Հիմա, իմ կարծիքով, շատ ավելի հեշտ է: Պարզապես պետք է մի քիչ վստահեն հայ ֆուտբոլիստներին: Հիմա լավ ֆուտբոլիստ դառնալու համար բոլոր պայմանները կան: Մենք փոքր տարիքում հողի ու ասֆալտի վրա էինք մարզվում, չգիտեինք՝ ինչ է խոտածածկով խաղադաշտը: Հիմա ակադեմիաներ կան, նորերն են կառուցվում…

- Պայմանների բարելավմանը զուգահեռ՝ սերունդների մեջ կա՞ն այնպիսի երեխաներ, որոնք ապագայում նոր մխիթարյաններ կդառնան:

- Վստահ եմ, որ եթե ճիշտ աշխատանք տանենք, ճիշտ ծրագիր ունենանք, անպայման կունենանք լավ ֆուտբոլիստներ: Այս ընթացքում շատ եմ հետևել մանկապատանեկան ֆուտբոլին: Եթե մեր ակումբները ճիշտ աշխատեն, ձգտեն համագործակցել իսպանական, իտալական, հոլանդական, կամ թեկուզ ռուսական ակադեմիաների հետ, փոքր տարիքի լավագույն ֆուտբոլիստներին կարողանան ուղարկել փորձի փոխանակման, մենք հետագայում անպայման կունենանք ոչ միայն մխիթարյաններ, մենք նոր ղազարյաններ էլ կունանք: Մենք միշտ էլ ունեցել ենք ուժեղ ֆուտբոլիստներ: ԽՍՀՄ հավաքականում 15 երկրների լավագույն ֆուտբոլիստները պետք է լինեին, ու այնտեղ միշտ հայ կար: Դա նշանակում է, որ մենք բոլոր ժամանակներում էլ ունեցել ենք տաղանդավոր խաղացողներ:

- Ազգային հավաքականը մի պահ վերելք ապրեց ու նորից վերադարձանք նույն կոտրած տաշտակին: Այստեղ լուծումները որո՞նք են, ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ:

- Եթե մեր ֆուտբոլիստները սկսեն իրենց թիմերում խաղալ, արդյունքներն էլ կլինեն: Վարդան Մինասյանի ժամանակ գրեթե բոլորն իրենց թիմերում հիմնական կազմի խաղացողներ էին: Գյուլբուդաղյանցին վաղուց եմ ճանաչում, միասին խաղացել ենք: Նա խելացի, բանիմաց, ուժեղ մարզիչ է: Նույնը կասեմ իր շտաբում գտնվող Աշոտ Ավետիսյանի, Սուրեն Չախալյանի մասին: Բայց եթե հավաքական են հրավիրում ֆուտբոլիստների, որոնք իրենց թիմերում չեն խաղում, սպասելիքներն ի՞նչ պետք է լինեն: Ամեն ինչ չէ, որ մարզչից է կախված: Հավաքականում նաև սերնդափոխություն է գնում: Գյուլբուդաղյանցը հիմա նաև այդ փնտրտուքի մեջ է: Երեք-չորս երիտասարդ խաղացողներ են արդեն հրավիրվում հավաքական, նրանք մեր ապագան են: Եթե նրանց ավելի շատ վստահեն, համոզված եմ՝ մոտ ապագայում ավելի ուժեղ հավաքական կունենանք:

«Եվրո-2019-ը մեծ տոն է մեր երկրի համար»

- Երևանում շուտով կմեկնարկի Մինչև 19 տարեկանների Եվրո-2019-ը: Սա ի՞նչ դրական ազդեցություններ կարող է ունենալ:

- Կարծում եմ՝ մեր երկրում ֆուտբոլն արդեն իսկ մեծ ուշադրության կենտրոնում է: Այդ մրցաշարի՝ մեր երկրում կայանալը ոչ միայն հայկական ֆուտբոլի, այլև մեր երկրի համար է մեծ տոն: Մեծ երկրների հավաքականներ կլինեն մեզ մոտ, կծանոթանան Հայաստանին, հայերի հյուրասիրությունն ու հյուրընկալությունը կտեսնեն: Մեր հավաքականին Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ հաջողություն եմ մաղթում: Մեր տղաները մահվան խմբում են հայտնվել: Բայց պետք է պատվախնդրորեն խաղալ: Ֆեդերացիան ոչինչ չի խնայել, որ հավաքականը լավ պատրաստվի: Հուսով եմ, որ մեր տղաները պատվով հանդես կգան:

Հիմա Հայաստանին պակասում է միայն ավելի մեծ մարզադաշտը՝ խոշոր խաղեր հյուրընկալելու համար: Վերջերս լսեցի ՀՖՖ նախագահի հարցազրույցը, նա խոսում էր Ազգային ստադիոնի կառուցման մասին: Եթե դա ունենանք, ուրիշ ոչ մի ենթակառուցվածքի խնդիր չունենք՝ մեր երկրում այլ մրցաշարար ևս հյուրընկալելու: Վստահ եմ՝ ՈւԵՖԱ-ն ավելի կարևոր խաղերի անցկացում կվստահի մեր Ֆեդերացիային:

Պարսկական ֆուտբոլի ներքին խոհանոցին քաջատեղյակ Լևոն Ստեփանյանը հարցազրույցի ավարտին պատմեց, որ Երևանում մի քանի տարի առաջ ուսումնամարզական հավաք անցկացրած պարսկական թիմերն ու հավաքականը Հայաստանից հեռացել են մեր ունեցած ֆուտբոլային ենթակառուցվածքներով հիացած:

Հռիփսիմե Գալստյան

Share |

Լրահոս

Loading...