Հայաստանի Առաջին խմբի նորեկները. Վեստ-Արմենիա

15:20 03.07.2019

Հայաստանի Առաջին խմբի առաջիկա առաջնությանը մեծ թվով նոր ակումբներ կմասնակցեն: ArmSport-ը շարք է սկսում` ներկայացնելով այն ամենն, ինչ այս պահին հայտնի է նորաստեղծ ակումբների մասին:

«Վեստ Արմենիայի» ստեղծման մասին հայտնի դարձավ հունիսի սկզբին, այնուհետև ակումբը 17 և բարձր տարիքի ֆուտբոլիստների հրավիրեց դիտումների, որոնք սկսվեցին հունիսի 20-ից.

«Շատ ծավալուն ու հագեցած գրաֆիկով աշխատանքներ են ընթանում: Օրական երկու մարզում ենք անցկացնում: Ավելի քան 950 ֆուտբոլիստի ենք հետևել դիտումների ընթացքում: Ծանրաբեռնված ռեժիմով աշխատում ենք:

Կազմի հետ կապված որոշակիություն ունեինք նախքան դիտումները սկսելը, բայց այդ մասին դեռևս չեմ ցանկանա բարձրաձայնել: Իսկ դիտումների միջոցով ցանկացանք հնարավորություն տալ մեր երիտասարդ ֆուտբոլիստներին»,- մեզ հետ զրույցում ասել է ակումբի գործադիր տնօրեն Վահե Մարտիրոսյանը:

Նշենք` դիտումներն արդեն ավարտվել են: Դրանց արդյունքում ընտրված ֆուտբոլիստներն սկսում են իրենց փորձաշրջանը լեգեոներների հետ միասին:

«Վեստ Արմենիան» իր մարզումներն անցկացնում է նախկին «Միկա» մարզադաշտում: Ամենայն հավանականությամբ, հենց այդ մարզադաշտում էլ թիմը կանցկացնի իր տնային հանդիպումները նորամուտի մրցաշրջանում.

«Մարզադաշտը վարձակալել ենք: Դաշտի հետ կապված տարվում են աշխատանքներ, բարեկարգվում է: Հիմա խաղադաշտը բավականին լավ վիճակում է գտնվում»,- ասում է Վահե Մարտիրոսյանը:

Թիմի գլխավոր մարզիչն, ինչպես հայտնի է, անվանի մասնագետ Արմեն Շահգելդյանն է, իսկ նրա օգնականը` Հակոբ Մկրյանը:

Ակումբի տարբերանշանն այս տեսքն ունի.

 

Share |

Լրահոս

Loading...