Չեֆերինը` Սուպերլիգայի մասին․ Քանի դեռ ես ՈւԵՖԱ-ի նախագահն եմ, նման բան տեղի չի ունենա

22:35 04.07.2019

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը The Times-ին տված հարցազրույցում խոսել է Չեմպիոնների լիգայի ձևաչափի հավանական փոփոխությունների, մրցաշարի և Լիբերտադորեսի գավաթակիրների միջև հանդիպում անցկացնելու մասին, ինչպես նաև հերքել է Սուպերլիգա ստեղծելու մասին լուրերը։

Հնարավոր է՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի և կիսաեզրափակչի մասնակիցներն ապահովեն իրենց տեղը հաջորդ խաղարկությունում

«Մենք ցանկանում ենք արտոնություններ տալ այնպիսի ակումբների, ինչպիսիք այս մրցաշրջանում «Այաքսն» ու նախորդ մրցաշրջանում «Մոնակոն» էին։ «Այաքսը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի մասնակից էր, իսկ հիմա ստիպված է վաճառել իր առաջատարներին ու չգիտի՝ կկարողանա՞ կրկին հաղթահարել խմբային փուլը։ Չեմ կարծում, թե պետք է արտոնություններ տալ շատ թիմերի, սակայն որոշ դեպքերում դա անհրաժեշտություն է»։

Սուպերլիգայի մասին

«Քանի դեռ ես ՈւԵՖԱ-ի նախագահն եմ, նման բան տեղի չի ունենա»։

ԿՈՆՄԵԲՈԼ-ի հետ բանակցությունների, Չեմպիոնների լիգայի և Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթողների միջև հանդիպում կազմակերպելու մասին

«Կա նման միտք։ Մենք այդ գաղափարը քննարկում ենք ԿՈՆՄԵԲՈԼ-ի հետ։ ՖԻՖԱ-ի թույլատվությունը պետք չէ։ Դա կլինի երկու կոնֆեդերացիաների որոշում։ Մենք ոչ թե ՖԻՖԱ-ի ենթականերն ենք, այլ գործընկերները»։

Անգլիացի երկրպագուների և մամուլի՝ Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու դժգոհությունների մասին

«Մենք պատասխանատու ենք եվրոպական ֆուտբոլի համար, և պետք է ամեն ինչ անենք, որ այն զարգանա ոչ միայն մեծ երկրներում։ Եզրափակչի անցկացման վայրի ընտրությունը չենք կատարում մի քանի օր առաջ, երբ արդեն հայտնի են մասնակիցները։ Այնպես ստացվեց, որ այս տարի եզրափակիչ դուրս եկան անգլիական թիմեր, իսկ խաղը կայացավ Բաքվում։

Պետք է ընդգծեմ, որ այժմ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեզ հետ շատ դրական հարաբերությունների մեջ է։ Նրանք շատ հարգալից են և փորձում են նպաստել ոչ մեծ երկներում ֆուտբոլի զարգացմանը»։

Share |

Լրահոս

Loading...