Կընտրեմ այն ակումբը, որտեղ շանս կստանամ. Գրիգոր Աղեկյանը փորձաշրջան է անցնում Լիտվայում

21:43 06.07.2019

Հայաստանի Երիտասարդական հավաքականի և «Արցախի» նախկին հարձակվող Գրիգոր Աղեկյանն օրերս հեռացել է բելառուսական «Իսլոչից», որին միացել էր այս տարվա փետրվարին:

ArmSport.am-ի հետ զրույցում ֆուտբոլիստը պատմել է հեռանալու պատճառների և առաջիկա անելիքների մասին:

««Իսլոչից» հեռանալուս գլխավոր պատճառն այն էր, որ քիչ խաղաժամանակ էի ստանում թիմում: Իսկ ինձ պետք էր խաղալ և ապացուցել, թե ինչի եմ ունակ: Քանի որ այդ շանսը չստացա, որոշեցի տրանսֆերային պատուհանի բացվելուն պես հեռանալ թիմից», - ասում է ֆուտբոլիստը:

Նշենք, որ «Իսլոչի» կազմում Աղեկյանն իր նորամուտը նշել էր ԲԱՏԷ-ի հետ գավաթային խաղում: Այս ընթացքում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 8 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ:

Այն մասին, թե այս պահին որտեղ է ու ինչ պլաններ ունի, արդյոք կա հետաքրքրվածություն հայկական ակումբների կողմից, ֆուտբոլիստը պատմեց.

«Այս պահին գտնվում եմ Լիտվայում: Մայրաքաղաք Վիլնյուսում եմ, որտեղ փորձաշրջան եմ անցնում «Ռիտերիաի» ակումբում: Ճիշտն ասած, չեմ հետաքրքրվել՝ կա արդյոք իմ նկատմամբ հետաքրքրություն մեր ակումբների կողմից, թե ոչ: Բայց տարբերակներ կան արտասահմանում: Կընտրեմ այն ակումբը, որտեղ կստանամ շանս ու անպայման կօգտագործեմ այդ շանսը»:

«Իսլոչն» Աղեկյանի կարիերայում առաջին արտասահմանյան թիմն էր: Նրանից նաև հետաքրքրվեցինք, թե ինչպես է փոխվել հարազատներից հեռու գտնվելով, այնտեղ անցկացրած ժամանակահատվածում ինչ նոր բաներ է բացահայտել ինքն իր մեջ կամ սովորել.

«Այո, իմ առաջին 6 ամիսներն էին տնից հեռու, ես ապրում էի մենակ՝ առանց հարազատներիս ու ընկերներիս: Կարծում եմ՝ օտար երկրում, այդ հանգամանքներում ավելի կայացա, ավելի ինքնուրույն դարձա իմ որոշումների ու գործի մեջ: Ավելի լավ ռուսերեն սովորեցի (ծիծաղում է՝ հեղ.)»:

Նշենք, որ «Ռիտերիաին» 2005 թվականին հիմնադրված ակումբ է: 2014 թվականից թիմը խաղում է Լիտվայի առաջնության A լիգայում: Լիտվայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում թիմն անցկացրած 16 խաղից հետո ունի 28 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:

Հռիփսիմե Գալստյան

Share |

Լրահոս

Loading...