Աղասի Աղասյան․ Պայքարող, երբեք չհանձնվող ու չլռող չեմպիոնը

00:01 09.07.2019

30 տարեկանում կյանքից հեռացավ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի առաջին չեմպիոն Աղասի Աղասյանը։

Հայաստանի հավաքականի նախկին ծանրորդը հայտնի էր իր անվախ ու քաջ բնավորությամբ, երբեք չէր վախենում խոսել ու պայքարել անարդարությունների դեմ ․․․ ցավոք, կյանքի ամենամեծ անարդարության՝ անժամանակ մահվան դեմ պայքարել չկարողացավ՝ 4 օր անգիտակից անցկացնելուց հետո։

«Հեռանում եմ հպարտ և բարձր ճակատով»

Վերջին անգամ Աղասյանը մրցահարթակ է դուրս եկել 2017 թվականին․ Հայաստանի առաջնությունում Աղասյանը, հանդես գալով 95 կգ քաշային կարգում, արծաթե մեդալակիր դարձավ։

400 գրամ ավելի լինելով 85 կիլոգրամից՝ Աղասյանը հանդես եկավ ավելի բարձր քաշային կարգում: Այդ կարգում հաղթած Կարուշ Ղուկասյանը Աղասյանից մոտ 10 կգ ծանր է եղել:

Վերջին մոտեցումից հետո Աղասին հանել է մարզակոշիկները՝ թողնելով այն հարթակին ու չի վերցրել մեդալը․

«Ես հեռանում եմ ծանրամարտից հպարտ և բարձր ճակատով և թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր իմ մարզակոշիկներից էժան են»,- այդ օրն ասել էր Աղասի Աղասյանը ArmSport-ի հետ զրույցում։

«Ես չգնացի, տղաս է գնալու»

Աղասյանի նվիրական երազանքներից մեկը՝ Օլիմպիական խաղերում հանդես գալը, այդպես էլ երազանք մնաց՝ թեպետ դրա իրականացման համար բոլոր շանսերը կային։

85 կգ քաշային կարգում Աղասի Աղասյանը Ռիո-2016-ի օլիմպիական ուղեգրի հավակնորդներից մեկն էր, սակայն հավաքականի մարզիչները նախապատվությունը տվեցին օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդուն:

Աղասյանն այդ օրերին հրապարակել էր իր որդու լուսանկարն օլիմպիական օղակների մոտ և գրել․

«Ես չգնացի, տղաս է գնալու. որովհետև իրեն խանգարող տղերք էլ չեն ծնվելու»:

Աղասյանի որդին, որի այս լուսանկարը Աղասին հրապարակել էր ողբերգական ավտովթարի օրը՝ հուլիսի 4-ի առավոտյան․

Հիշեցնենք, որ Ռիոյում Առաքել Միրզոյանը պոկում վարժությունից հետո չկարողացավ շարունակել պայքարը: Առաջին վարժությունում Առաքելը երկրորդ փորձից բարձրացրեց 158 կգ, սակայն երրորդ փորձին չմոտեցավ՝ ոտնաթաթի վնասվածքի պատճառով։  Հրում վարժությունում Առաքել Միրզոյանը քաշ չպատվիրեց և չշարունակեց պայքարը: 

2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում Առաքել Միրզոյանը ևս չէր կարողացել ավարտել պայքարը՝ ստանալով 0 միավոր:

Հավաքականի նախկին խաղընկերների ու պարզապես ընկերների կողքին՝ աջակցողի դերում

Աղասյանը, որը տևական ժամանակ արդեն չէր հանդիսանում ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, չէր դադարում հետևել իր նախկին թիմակիցների ելույթներին ու աջակցում էր նրանց ամենատարբեր մրցաշարերում։

Վերջին մրցաշարը, որին նա ներկա է եղել հանդիսատեսի դերում, Բաթումիում գարնանը կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն էր, որտեղ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալ նվաճեց։

Սիմոն Մարտիրոսյանն իր ավագ ընկերոջ մահվան կապակցությամբ այսօր հուզիչ գրառում է կատարել՝ հրապարակելով Աղասյանի երեխաների հետ իր լուսանկարը․

«Այսօր կյանքից հեռացավ իմ սիրելի ավագ ընկեր Աղասի Աղասյանը: Քո հետ կապված միայն դրական ու գեղեցիկ հուշեր կմնան ախպերս: Մինչև հիմա չեմ հավատում,որ այսքան կյանքով լի մարդը մնաց առանց կյանքի։ Աստված հոգիդ լուսավորի»,- գրել է Սիմոն Մարտիրոսյանը։


ArmSport.am-ն իր խորին ցավակցությունն է հայտնում Աղասի Աղասյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին՝ այս ծանր պահին մաղթելով նրանց ուժ և համբերություն։

Share |

Լրահոս

Loading...