Լռեցնելով չհավատացողներին. Արարատ-Արմենիան տանը հաղթեց ԱԻԿ-ին (տեսանյութ)

20:00 09.07.2019

Սկսկվեց «Արարատ-Արմենիայի» պատմությունը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: Մեր նորընծա չեմպիոնը մրցաշրջանի ընթացքում կասկածներ չէր թողնում, որ Եվրագավաթներում խաղալու հայտ է ներկայացնում: 2018/19 մրցաշրջանի վերջին խաղում հաղթելով «Բանանցին»՝ «Արարատ-Արմենիան» 1 միավորով շրջանցեց «Փյունիկին» ու պատմության առաջին չեմպիոնության հետ նաև առաջին ՉԼ ուղեգիրը նվաճեց: Այս թիմի հետ հույսերը մեծ էին: Սակայն դրանք մի փոքր նվազեցին, երբ հայտնի դարձավ մեր թիմի մրցակիցը:

Եվ վերջապես, այսօր՝ հուլիսի 9-ին, Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում «Արարատ-Արմենիան» հյուրընկալեց «սարսափելի» մրցակից շվեդական ԱԻԿ-ին:

Հանդիպման մեկնարկի ծափերն ու բացականչությունները դեռ չէին դադարել, երբ մեր չեմպիոնը 3-րդ րոպեին 11-մետրանոցի հնարավորություն ստացավ: Չեմպիոնների լիգայում «Արարատ-Արմենիայի» պատմության առաջին գոլը հեղինակեց Պետրոս Ավետիսյանը:

13-րդ րոպեին ԱԻԿ-ը մնաց 10 հոգով. 2-րդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվեց շվեդների աջ պաշտպան Ռոբերտ Լունդստրոմը, որն էլ 11-մետրանոցը բերել էր իր թիմի դարպասին:

25-րդ րոպեին նպաստավոր դիրքից դեպի դարպասը հարված կատարեց Գոռ Մալաքյանը, սակայն գնդակը մի փոքր շեղ ընթացավ:

Խաղակեսի միջնամասում ԱԻԿ-ը սկսեց ակտիվանալ: Խաղը տեղափոխվեց Վարդան Մինասյանի թիմի կիսադաշտ:

29-րդ րոպեին Գոռ Մալաքյանի խախտումից հետո մրցակիցն էր վտանգավոր դիրքում ստանդարտի իրավունք ստացել, բայց Աբակումովը կարողացել էր շատ լավ կազմել պատը, հետո էլ ինքը փրկեց մեր թիմին: Չստացված տուգանայինին անմիջապես հետևեց անկյունայինը, որից հետո «Արարատ-Արմենիան» հրաշքով փրկվեց գոլից. գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին: Ի դեպ, Մալաքյանը դեղին քարտ ստացավ խախտման համար: Այնուհանդերձ, Եվրագավաթային հարուստ փորձ ունեցող ԱԻԿ-ն ի վերջո կարողացավ  գոլ խփել. 39-րդ րոպեին աչքի ընկավ Չինեդու Օբասին:

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Պետրոս Ավետիսյանը շարունակեց պատմություն կերտել՝ ձևակերպելով դուբլ: «Արարատ-Արմենիան» ընդմիջման գնաց հաղթողի կարգավիճակում:Ընդմիջմանը «Արարատ-Արմենիայի» կազմում Գոռ Մալաքյանին փոխարինեց Իլյա Անտոնովը: 

2-րդ խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում: Թիմերն ունեցան մի քանի պահեր, սակայն հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց:

70-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» կազմում վնասվածք ստացավ Պետրոս Ավետիսյանը և չկարողացավ շարունակել խաղը: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Արմեն Համբարձումյանը: 

86-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» մոտ էր մրցակցի դարպասը ևս մեկ անգամ ելուն, սակայն հարվածից հետո գնդակը մի փոքր շեղ ընթացավ:

Հանդիպման վերջնամասը չափազանց լարված անցավ: Մեր թիմը մոտ էր թե՛ գոլ խփելու, թե՛ բաց թողնելու:

Մեր դարպասին հերթական վտանգավոր պահից անմիջապես հետո հնչեց մրցավարի սուլիչը: «Արարատ-Արմենիան» լեփ-լեցուն տրիբունայի, բուռն աջակցության պայմաններում անչափ կարևոր հաղթանակ տարավ սեփական հարկի տակ:

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 17-ին, Ստոկհոլմում:

 

Share |

Լրահոս

Loading...