Արտակ Գրիգորյան․ Արարատ-Արմենիայի հաջողությունը ոգեշնչել է մեզ․ չենք հիասթափեցնի երկրպագուներին

19:13 10.07.2019

«Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի խոսքով, «Արարատ-Արմենիայի» երեկվա հաղթանակն իրենց շատ է ոգևորել Եվրոպա լիգայի առաջին տուրի՝ «Մակեդոնիայի» հետ խաղին ընդառաջ․

«Ցանկանում եմ շնորհավորել «Արարատ-Արմենիան» ԱԻԿ-ի նկատմամբ տարած հաղթանակի առթիվ։ Իհարկե, հայկական ակումբների եվրագավաթային հաղթանակները ոգևորում են մյուս թիմերին։ Անցած տարի էլ այդպես եղավ, «Փյունիկն» առաջինը դուրս եկավ երրորդ փուլ, հաջորդ օրն արդեն մենք խաղացինք։ Նրանց հաջողությունը մեզ մոտիվացրեց, ամեն ինչ արեցինք, որ մենք էլ երրորդ փուլ դուրս գանք։

Նույնն էլ երեկ։ «Արարատ-Արմենիան» հիանալի հանդիպում անցկացրեց։ Մենք էլ չենք հիասթափեցի մեր երկրպագուներին։ Ամեն ինչ կանենք, որ հաղթենք ու նրանք «Ալաշկերտով» էլ ուրախանան»,- ասում է Արտակ Գրիգորյանը։

Խոսելով թիմի վերջին համալրումների ու երիտասարդ խաղացոների մասին՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն ասում է՝ իրենք ամեն ինչ անում են, որ նորեկներն արագ ադապտացվեն ու այդ առումով խնդիրներ չունենան․

«Երիտասարդ ֆուտբոլիստների հետ մարզվելը մի փոքր այլ է, քան՝ փորձառուների հետ, բայց շատ որակով, երիտասարդ տղաներ են։ Քրտնաջան աշխատում են մարզումներին։ Մենք էլ՝  փորձառու տղաներով, ամեն ինչ անում ենք, որ իրենց օտար չզգան։ Բավականին երկար ժամանակ է, ինչ «Ալաշկերտում» եմ ու ամեն տարի փոխվում է թիմը։ Հիմա էլ հիմնական կորիզը մնացել է, ավելացել են երիտասարդ ֆուտբոլիստներ։ Ձգտելու ենք ամեն ինչ անել դրական արդյունքի հասնելու և «Ալաշկերտի» պատմությունը երկարացնելու համար»։

Ինչ վերաբերում է «Մակեդոնիայի» հետ առաջիկա խաղին՝ Արտակ Գրիգորյանն ասում է՝ իրենք չեն թերագնահատում մրցակցին ու գիտեն՝ ինչպես պայքարել նրանց դեմ․

«Ամբողջ թիմով, մարզիչներով ուսումնասիրել ենք մրցակցին։ Շատ լավ թիմ է։ Պետք չէ թերագնահատել։ Մենք էլ լավագույնս պատրաստվել ենք, գիտենք՝ իրենց հետ ինչպես պետք է պայքարենք։ Հուսով եմ՝ դրական արդյունքի կհասնենք»։

 

Share |

Լրահոս

Loading...