Ալաշկերտը ֆավորիտ է, բայց ամեն ինչ անելու ենք պատվով հանդես գալու համար․ Մակեդոնիայի մարզիչ

19:03 10.07.2019

«Մակեդոնիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տանևսկին նշում է՝ ԵԼ-ի որակավորման առաջին տուրի՝ «Ալաշկերտի» հետ խաղում պարտությունից բացի ցանկացած արդյունք իրենց համար հաջողություն կլինի․

 «Մրցելու ենք ուժեղ թիմի հետ, որը 4 տարի անընդմեջ հաղթահարում է եվրագավաթային նվազագույնը մեկ փուլ։ Կարծում եմ՝ մեզ շատ դժվար հանդիպում է սպասվում։ Այս պահի դրությամբ «Ալաշկերտը» մի փոքր ֆավորիտ է համարվում չնայած՝ ամեն ինչ անելու ենք այս դիմակայությունից պատվով դուրս գալու համար։ Գիտենք՝ «Ալաշկերտը» շատ լուրջ թիմ է, որը լավ ֆուտբոլ է ցուցադրում։ Հարգում ենք մրցակցին։

Արդյոք ոչ-ոքին լա՞վ արդյունք կլինի․ ցանկացած արդյունք, պարտությունից բացի, դրական կհամարվի մեզ համար»։

«Մակեդոնիան» լրացուցիչ ցուցանիշներով 5-րդ տեղն է զբաղեցրել երկրի առաջնությունում ու միայն «Վարդարի» որակազրկման  արդյունքում է իրավունք ստացել մասնակցելու Եվրոպա լիգային։ Որքանո՞վ է թիմը պատրաստ խաղալ Եվրոպա լիգայում․

«Շատ  կարևոր է՝ ճիշտ պահին հայտնվել ճիշտ տեղում։ Այն խաղերը, որ անցկացրինք նախապատրաստական փուլում՝ Բուլղարիայի հավաքի շրջանակում, ցույց է տալիս, որ թիմը պատրաստ է խաղալ Եվրոպա լիգայում»։

Մակեդոնական թիմերի դեմ հայկական թիմերը միշտ լավ են հանդես եկել ու հաղթահարել են նրանց արգելքը։ Որքանո՞վ է սա վախեցնում «Ալաշկերտի» առաջիկա մրցակցին․

«Մենք այդ հանգամանքին այնքան էլ կարևորություն չենք տալիս։ Մեզ համար կարևոր է  այն, որ մեր թիմն առաջին անգամ է խաղալու հայկական թիմի դեմ։ Ամեն ինչ անելու ենք լավ արդյունք գրանցելու համար»,- ասում է Ալեքսանդր Տանևսկին։

Եվրոպա լիգայի որակավորման փուլի առաջին տուրի՝ «Ալաշկերտ»-«Մակեդոնիա» առաջին փուլը կկայանա վաղը՝ հուլիսի 11-ին Ավանի ակադեմիայի մարզադաշտում։

Share |

Լրահոս

Loading...