Դպրոցում ստուգողական գրավորից մինչև Ուիմբլդոնի կենտրոնական կորտ․ 15-ամյա Կորի Գաուֆի խելահեղ պատմությունը

13:05 10.07.2019

Ուիմբլդոն-2019-ը կավարտվի գալիք հանգստյան օրերին։ Մենք գիտենք, թե ով էր մրցաշարի գլխավոր հայտնությունը։ Կանանց մենախաղում աշխարհի 313-րդ ռակետ Կորի Գաուֆը հաղթահարեց որակավորման փուլի արգելքը, իսկ հետո դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Առաջին հայացքից ոչ մի արտասովոր բան. Այդ դեպքում ինչու՞ էին նրա մասին խոսում Բեյոնսեի մայրը, Ջեյդեն Սմիթը, Սնուփ Դոգը և անգամ Միշել Օբաման։ Կորի Գաուֆը ընդամենը 15 տարեկան է․․․

Գաուֆի ապշեցուցիչ մրցաշարը

Երկու տարի առաջ՝ 2017 թվականին, երիտասարդական US Open-ը տեսավ իր պատմության եզրափակչի ամենաերիտասարդ  մասնակցին։ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Կորի Գաուֆը ընդամենը 13 տարեկան էր։ Երկու տարի անց նա դառնալու էր Ուիմբլդոնի կանանց մենախաղի գլխավոր մրցաշարի ամենաերիտասարդ մասնակիցը։ Գաուֆի՝ որակավորման փուլը հաղթահարելը արդեն իսկ մեծ իրարանցում էր առաջացրել թենիսի աշխարհում։

Վիճակահանությունը, կարծես թե, չէր խղճացել դպրոցականին, քանզի առաջին իսկ շրջանում նա հանդիպելու էր իր մանկության գլխավոր հերոսուհիներից մեկին՝ ոչ ավել ոչ պակաս, Ուիլյամս քույրերից ավագին՝ Վինուսին։ Մոլորակի ամենանյարդային սպորտաձևի սիրահարները «խենթացած» են։ Գաուֆը հաղթեց Վինուսին։ Հետո հետևեց նրա հիասքանչ հաղթանակը Ուիմբլդոնի կիսաեզրափակչի երբեմնի մասնակից Մագդալենա Ռիբարիկովայի նկատմամբ։  

Իսկ ահա երրորդ շրջանում Գաուֆը ապացուցեց, որ ոչ թե դասերը դժվարությամբ սովորող երեխա է, այլ երկաթե բնավորություն ունեցող հասուն աղջնակ։ Նա անհավատալի «քամբեք» իրականացրեց ու հաղթեց Պոլոնա Հերցոգին։ 1/8-ում 15-ամյա հերոսուհու հեքիաթը ավարտեց Սիմոնա Հալեպ։

Թեպետ, ի՞նչ ավարտ, Գաուֆին պատմությունը նոր է սկսվում։ 

Սպորտը՝ երակներում 

Կորի Գաուֆի արտաքինը տեսնելիս դժվար չէ հասկանալ, թե ինչ արմատներ ունի այս տաղանդաշատ մարզուհին։ Գաուֆի նախնիներիը Սուդանից են։

Սպորտը նրա երակներում է։ Մրցաշարի ընթացքում մեկ անգամ չէ, որ տեսանք, թե ինչպես էին Գաուֆի ծնողները քաջալերում իրենց երեխային։ Կոկոյի հայրը (այդպես են Կորի Գաուֆին դիմում ընտանիքում, դպրոցում և թենիսի ակադեմիայում՝ Կոկո), ում անունը դարձյալ Կորի է, ժամանակին զբաղվել է բասկետբոլով, մինչդեռ մայրը՝ Քենդին, թեթև ատլետիկայով զգալի հաջողություններ է գրանցել ուսանողական տարիներին։

Երիտասարդ թենիսիստուհու հայրը պատմում է, որ սկզբնական շրջանում վստահ չեն եղել Գաուֆի՝ թենիսիստուհի դառնալուն։ Պատճառը շատ պարզ էր․ ԱՄՆ-ում աֆրոամերիկացի թենիսիստուհիներ գրեթե չկան։ Մինչդեռ Գաուֆը վստահեցնում է, որ ռակետը առաջին անգամ բռնելուց հետո հասկացել է, որ ցանկանում է կյանքի մեծ մասը անցկացնել կորտում։

Ոգեշնչման աղբյուր՝ Ուիլյամս քույրեր

Սերենա և Վինուս Ուիլյամսները մեծ դերակատարում են ունեցել երեխայի կյանքում։ Բացարձակ ճշմարտություններ թերևս չկան, բայց ասում են, թե կյանքում ոչինչ պատահական չի լինում։ 2004 թվականի մարտի 13-ին Կորի Գաուֆը լույս աշխարհ է գալիս Դելրեյ-Բիչում։ Օվկիանոսից այն կողմ եղած բախտավորները կփաստեն, որ այդ բնակավայրից մինչև Պալմ-Բիչ-Գարդենս ընդամենը մի քանի րոպեի ճանապարհ է։ Հենց այդտեղ է ապրում Սերենա Ուիլյամսը։

Դե իսկ ահա 10 տարեկանում Գաուֆը տեղափոխվում է Ֆրանսիա ու սկսում է մարզվել թենիսի գլխավոր պերսոնաներից մեկի՝ Պատրիկ Մուրատողլուի ակադեմիայում։ Պատրիկը երկար տարիներ Սերենայի մարզիչն է եղել ու շարունակում է մնալ մինչ օրս։ Կարճ ժամանակ անց Գաուֆը տարբերվում է բոլորից։

«Նա ուղղակի աներևակայելի է։ Միգուցե նման է Սերենային ու ամեն բան անում է նրա պես, բայց Գաուֆը շատ երիտասարդ է։ Ես տեսնում եմ, որ նրա վրա ճնշում կա, բայց նա հաղթահարում է դա»,-ասում է Մուրատողլուն Գաուֆի մասին։

«Երբ ես ակադեմիայում տեսնում էի, թե ինչպես է նա մարզվում իր հայրիկի հետ, հիշում էի ինձ։ Ես նույն կերպ մարզվում էի հայրիկիս հետ»,-պատմում է Ուիլյամսը։

37-ամյա ամերիկուհին Ուիմբլդոնի ժամանակ հայտարարեց, որ երբ Գաուֆի տարիքում էր, տանը մուլտֆիլմեր էր դիտում։ 

Համագործակցությունը Ռոջեր Ֆեդերերի հետ

13 տարեկանում US open-ի երիտասարդական մրցաշարի եզրափակիչ հասնելուց հետո Գաուֆը պայմանագիր ստորագրեց Ռոջեր Ֆեդերերի «Team8» մենեջերական ընկերության հետ։ Հատկանշական է, որ շատ շուտ Գաուֆը դարձավ կազմակերպության հինգ «ընտրյալներից» մեկը՝ հնարավորություն ստանալով համագործակցել «Barilla» ընկերության հետ, որը իր գոյության 141 տարվա ընթացքում համագործակցել է միայն երկու մարզիկների հետ՝ Ռոջեր Ֆեդերերի և լեռնադահուկորդ Միկաել Շիֆրինի հետ։

Տեսանյութում Ռոջեր Ֆեդերերը հանդիպում է Կորի Գաուֆին Ուիմբլդոնի ընթացիկ մրցաշարի ընթացքում

Գաուֆը սկսեց համագործակցությունը նաև թենիսի ռակետների հանրահայտ «Head» ընկերության, ինչպես նաև «New Balance»-ի հետ, որը ամերիկուհուն «գողացավ» «Nike»-ից։

Բեյոնսեի մայրը գիտի նրան, բայց նա դեռ չի եղել երգչուհու համերգին

Պոլոնա Հերցոգին խելահեղ խաղում հաղթելուց հետո Գաուֆին շնորհավորել էր Բեյոնսեի մայրը՝ Թինա Նոուլսը։ Գաուֆը հրապարակայնորեն հայտարարեց, որ ուղղակի երանելության մեջ է եղել այդ պահին ու ուրախությունից ուղղակի բղավել է։

Նա ոգևորված պատմում էր, թե ինչպես է իր կյանքը փոխվել մի քանի վայրկյանների ընթացքում։ Սա էլ պատահական չէ թերևս։ Տարիներ առաջ Գաուֆի ծնողները աղջնակից գաղտնի գնացել են Բեյոնսեի համերգին։ Մայրը արգելում էր փոքրիկին նոր «hoody»-ներ (սպորտային վերնաշապիկ, որի վրա նաև գլխարկ կա/խմբ․) գնել։ Հավանաբար Ուիմբլդոնի տրիումֆից հետո նա կարող է գնել այնքան, որքան ուզում է։ Գաուֆի հետխաղյա ասուլիսներից մեկի ժամանակ հարցրին, թե ինչն է նրան ավելի ուրախացնում՝ այն փաստը, որ նա հաղթել է Հերցոգի՞ն, թե՞ ռեփեր Ջեյդոնի նոր ալբոմը։ Պատասխանը Ջեյդոնը Twitter-յան իր էջում էր տեղադրել՝ 15-ամյա ամերիկուհուն անվանելով աստղ։

BBC-ն պարտական է Գաուֆին

Ուիմբլդոնը թենիսի գլխավոր մրցաշարն է։ Գուցե Մեծ սաղավարտի մրցաշարերը չորսն են, բայց հեռարձակման մասսայականության առումով Ուիմբլդոնը հավասարը չունի։ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի արվարձանում անցկացվող «Grand Slam»-ի գլխավոր ցուցադրող հեռուստաընկերություններից մեկը, դե իհարկե, BBC-ն է։ Հուլիսի 9-ի կեսօրի դրությամբ՝ մրցաշարի ամենաշատ դիտում ունեցող հանդիպումը հենց Գաուֆի և Հերցոգի մրցավեճն է եղել։ BBC-ի ավելի քան 5,2 միլիոն հեռուստադիտողներ գամվել են TV-ների առջև այդ հանդիպման ժամանակ։ Գաուֆի մասնակցությամբ երկրորդ շրջանի խաղը դիտել են 2,4 միլիոն հեռուստադիտողներ։ 2,1 միլիոն է կազմել առաջին շրջանում Վինուս Ուիլյամսի դեմ խաղի հեռուստադիտողների թիվը։ 

Բախտը ժպտում է համարձակներին

15-ամյա ամերիկուհին ամեն դեպքում մտածում է դասերի ու ստուգողականների մասին՝ նշելով, որ Ուիմբլդոնի ժամանակ անգամ պատրաստվել է քննություններին։ Մեկ ամիս առաջ էլ նա հերթական ստուգողականներն էր գրում դպրոցում։

Կորի Գաուֆը Ուիմբլդոն 2019-ի գլխավոր հայտնությունն է։ Անցե՞լ էր սա նրա հայրիկի մտքով 2014-ին, երբ նա առաջին անգամ Գաուֆին բերեց Մուրատողլուի ակադեմիա։ Գուցե այո՛, գուցե ո՛չ։ Գաուֆի ծնողները մեծ դեր ունեն նրա հաջողություններում, բայց առաջնայինը սեփական ուժերին հավատալն է, ինչն էլ 15-ամյա ամերիկուհին անում է։ Ի հավելումն հիշեցում․ Մեսսիին ծնողները չեն հավատացել, Պելեին՝ նույնպես, դե իսկ Queen-ի լեգենդար մենակատարի հայրը մի անգամ մի առիթով ասել է․ «Կյանքում ոչնչի չես հասնի»։ Բախտը ժպտում է համարձակներին, Գաուֆն այդպիսինն է․․․

Արամ Սահակյան

Share |

Լրահոս

Loading...