Բագրատ Նավոյան. Եվրագավաթներում ամեն ինչ տրամադրվածությունից է կախված

15:02 10.07.2019

Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը», որը մի քանի տարի անընդմեջ մեր երկիրը ներկայացնում էր Չեմպիոնների լիգայում, այս անգամ իր տեղը զիջել է նորընծա չեմպիոն «Արարատ-Արմենիային»: Ալաշկերտցիներն այս անգամ իրենց ուժերը կփորձեն Եվրոպա լիգայում՝ որակավորման 1-ին փուլում ընդունելով «Մակեդոնիային»:

Նախորդ մրցաշրջանում թիմի ելույթների, խաղացողների կորուստների ու ձեռքբերումների, ինչպես նաև եվրագավաթային նոր շրջանի մասին ArmSport.am-ը զրուցել է «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանի հետ:

-Պարո՛ն Նավոյան, նախ, ամփոփենք ավարտված մրցաշրջանը. փաստորեն, եթե գավաթակիր դառնալ չհաջողվեր, «Ալաշկերտը» կմնար առանց եվրագավաթների:

-Իրոք, շատ վատ էր, մեր սրտով չէր, մենք ավելի մեծ հույսեր ունեինք: Թիմը վերջին մի քանի խաղում անհաջող հանդես եկավ: Նաև, կարելի է ասել, որ 3 օրը մեկ լինող խաղերն էլ ազդեցին թիմի վրա: Պարզ ասեմ՝ դժգոհ ենք արդյունքից: Ճիշտ է, գավաթակիր ենք, Եվրոպա ենք գնում, բայց թիմն ավելիին էր արժանի:

-Մինչ այս «Ալաշկերտը» մասնակցել է Չեմպիոնների լիգային, հաղթահարել առաջին փուլերը. Եվրոպա լիգան, ըստ Ձեզ, ավելի հե՞շտ փորձություն է:

-Չեմ կարող ասել, որ Չեմպիոնների լիգայում ավելի հանգիստ թիմեր էին, բայց կարողացանք առաջին փուլի արգելքը հաղթահարել: Այս տարի տեսնենք՝ ինչ կլինի Եվրոպա լիգայում: Կենտրոնացած ենք առաջիկա խաղի վրա, մնացածը պարզ կլինի մյուս խաղին:

-Ի՞նչ նպատակ եք դրել «Ալաշկերտի» առջև այս մրցաշարի համար:

-Թիմի առջև միշտ էլ նպատակ է դրվում որքան հնարավոր է երկար մնալ մրցաշարում, բայց այս պահի դրությամբ մտածում ենք հուլիսի 11-ին ու 18-ին կայանալիք խաղերի մասին, որ տղաները կարողանան նորմալ կատարել իրենց առջև դրված առաջադրանքները: Բոլորն էլ լավ տրամադրված են:

-Իսկ ինչո՞ւ որոշվեց հավաքն անցկացնել Հայաստանում: Եվրագավաթներից առաջ որքանո՞վ էր նպատակահարմար հայկական թիմերի հետ ստուգողական խաղերը:

-Մենք 10 օր անցկացրեցինք Հանքավանում: Շատ նորմալ հավաք եղավ: Հիմա էլ մարզվում ենք Ֆուտբոլի ակադեմիայում: Արտասահմանյան թիմերի հետ ընկերական խաղերն ավելի կարևոր էին, բայց քանի որ գլխավոր մարզիչը բացակայում էր քաղաքից, ուշ միացավ թիմին, նոր խաղացողներ պիտի ընդգրկվեին թիմի կազմում, որոշեցինք, որ ճիշտ կլինի մնալ Հայաստանում: Ամեն դեպքում, կարծում եմ՝ արտերկրում հավաք անցկացնելն ավելի ճիշտ է եվրագավաթներից առաջ:

-Այս ընթացքում մի քանի ֆուտբոլիստ հեռացել է թիմից, մի քանիսը համալրել են թիմի կազմը. իրար համարժե՞ք են այդ փոփոխությունները:

-Մեզ երկու բրազիլացի խաղացողներ են միացել, որոնց մեծ ապագա է սպասվում: Միացել է նաև Գեղամ Ղադիմյանը, որը խաղացել է Հայաստանի հավաքականում ու բոլորին ծանոթ է: Մյուս հայազգի նորեկը կլինի 22 տարեկան ֆուտբոլիստ, որը խաղացել է Ուկրաինայում, բայց անունը թող դեռ գաղտնի մնա: Նա 90%-ով կմիանա մեզ: Հույս ունենք և՛ թիմին օգուտ կտա, և՛ հավաքականի ուշադրության կենտրոնում կլինի: Հայկ Իշխանյանն է մեզ միացել, որը փորձառու է, հիմա ավելի լավ մարզավիճակում է: Երիտասարդ խաղացող ունենք՝ Վահագն Հայրապետյանը, որը «Փյունիկի» սան է ու հույս ունեմ շատ օգուտ կտա թիմին:

Մարզումների ժամանակ զգում եմ, որ տղաներն ամեն ինչ անում են, որպեսզի իրենց տեղն ունենան հիմնական կազմում: Մեզ պետք է, որ լինեն 11 հոգի, որոնք դուրս կգան դաշտ ու կպայքարեն և՛ գավաթների, և՛ չեմպիոնության համար: Մեր հիմնական խնդիրը եղել է այն, որ նույն դիրքում 2-3 խաղացող ենք ունեցել, ու մի օր մեկն է խաղացել, մի օր՝ մյուսը: Չեմպիոնության չհասնելու պատճառներից մեկն էլ երևի հենց այդ անընդմեջ փոփոխություններն էին:

Հիմա պիտի նույն դիրքի խաղացողները պայքարեն իրենց տեղի համար, իսկ մարզիչը որոշի՝ ով կխաղա:

Օրինակ, երիտասարդ Տանկովը արդեն 1տարի է՝ թիմում է, ու արդեն որոշել ենք պայմանագիրը ևս 2 տարով երկարաձգել, որովհետև զգում ենք, որ նա ապագա ունի:

-Բացի «Ալաշկերտից», եվրագավաթներին մասնակցում են նաև «Փյունիկը», «Բանանցը» և «Արարատ-Արմենիան» (ՉԼ), ի՞նչ շանսեր եք տեսնում մյուս թիմերի մոտ:

-Ոչ ոք չէր սպասում, որ Հայաստանի հավաքականը կարող է հաղթել Հունաստանում, բայց ֆուտբոլում ամեն ինչ լինում է: Պետք է լավ տրամադրվել ու պայքարել: Ուժեղ, թույլ չկա: Ճիշտ է, համեմատած մյուսների հետ՝ ավելի դժվար թիմը բաժին է հասել «Բանանցին» ու Չեմպիոնների լիգայում՝ «Արարատ-Արմենիային», բայց չմոռանանք, որ մենք էլ ժամանակին մրցել ենք «Սելթիկի» ու ԲԱՏԷ-ի հետ և նորմալ խաղեր ենք անցկացրել: Ամեն ինչ կախված է տրամադրվածությունից:

Կարելի է ասել, որ «Բանանցի» մրցակիցը մի քիչ համեմատած ուժեղ է, «Փյունիկինն» ու «Ալաշկերտինը» չի կարելի ասել՝ թույլ են: Հավասար թիմեր են: Պետք է նաև սպորտային բախտ ունենալ. շատ դեպքերում դատարկ դարպասը չեն կարողանում գրավել:

Հուսով եմ՝ մեր 4 թիմերն էլ հաջողությամբ հանդես կգան եվրագավաթներում: Հաջողություն եմ ցանկանում բոլորին: Որպես նախագահ՝ ես գիտեմ, թե ինչ է թիմ պահելը, ինչ ծախսերի հետ է կապված. մի քանի փուլ անցնելը կթեթևացնի հոգսերը: Աստված տա, որ գոնե 2 փուլ անցնեն մեր թիմերը:

-«Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը» իրենց խաղերն անցկացնելու են Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, ի տարբերություն Ձեր թիմի՝ Հայաստանի ներկայիս չեմպիոնը տեղերի սահմանափակ լինելու պատճառով որոշել է վաճառել խաղի տոմեսրը (2000դր): Ինչպե՞ս ընդունվեց Ձեր կողմից այս նորությունը և արդյոք առաջիկայում «Ալաշկերտը» նույնպե՞ս կկիրառի այդ քաղաքականությունը:

-Օրինակ, «Բանանցի» սեփականատեր Ջևան Չելոյանցի հետ զրուցել ենք, ասում է, որ նույնիսկ սովորական խաղերը պետք է տոմսերով լինեն: «Ալաշկերտը» «Հանրապետական» մարզադաշտում 12-13 հազար հանդիսական է ունեցել, դա մեծ բան է: Բայց այս անգամ Ֆուտբոլի ակադեմիայում ենք խաղալու, տեղերը քիչ են, համոզված եմ, եթե տոմսերը վաճառենք 500-1000 դրամով, մեր քաղաքացիները դեռ սովոր չեն դրան: Եթե այդպես վարվեինք, մեկնաբանությունները կսկսվեին, կասեին՝ շատ ենք ուզում գնալ, բայց փող որտեղից ճարենք և այլն: Հավաքականի խաղերի տոմսերի գները նվազեցին, հիմա գնում են այդ խաղերին: Բայց ինքս կարծում եմ, որ պետք է վճարովի լինի՝ լինի 100 թե 500 դրամ:

Հույս ունեմ՝ «Ալաշկերտը» այս տարի չի կիրառի այդ քաղաքականությունը, բայց եթե ամեն ինչ լավ ընթանա մյուս տարվանից հնարավոր է:

 

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Ալաշկերտ»-«Մակեդոնիա» հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին և կմեկնարկի ժամը 19:00-ին: Պատասխան խաղը հուլիսի 18-ին է:

 

Հարցազրույցը՝ Ստելլա Բաբլոյանի

Share |

Լրահոս

Loading...