Վարազդատ Ավետիսյան. Շատ լավ կոլեկտիվ էր ստեղծվել, ու ամեն ինչ քանդվեց

11:18 10.07.2019

Մոտ մեկ ամիս առաջ կազմավորված  «Արագած» ֆուտբոլային ակումբը դեռ չէր հասցրել պաշտոնական խաղ անցկացնել գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնած Վարազդատ Ավետիսյանի գլխավորությամբ, երբ հայտարարեց նրանից բաժանվելու մասին: Գլխավոր մարզչի պաշտոնից հեռացման պատճառների վերաբերյալ  ArmSport.am-ին  իր մեկնաբանություններն է տվել Վարազդատ Ավետիսյանը: 

 

-Ո՞րն էր այս անսպասելի որոշման պատճառը:

-Որոշումը եղավ ղեկավարության կողմից: Մարզումները սկսելուց մոտ 10 օր հետո ասացին, որ ուզում են ֆուտբոլիստների բերեն թիմ, որոնք պետք է պարտադիր խաղան, մենք պատասխանել ենք, որ պիտի նրանց տեսնենք, հետո որոշենք՝ ուզում ենք պահել նրանց թիմում, թե ոչ: Ասել ենք նաև, որ մեզ պաշտպաններ պետք չեն, մենք երիտասարդ լավ պաշտպաններ ունենք, որոնք մի քանի տարի հետո կարող են դառնալ ազգային հավաքականի թեկնածուներ: Առաջարկել ենք մեզ կիսապաշտպաններ ու հարձակվողներ ուղարկել, քանի որ այդ դիրքի խաղացողների կարիքը կար: Մարզիչը՝ որպես արդյունքի պատասխանատու, ասում է՝ ես կընտրեմ ֆուտբոլիստներին, պատասխանն էլ ես կտամ: Հետո առանց որևէ բան ասելու հեռացնում են նրան պաշտոնից: Թե դրա տակ ինչ է թաքնված, ինչ է կատարվում, ժամանակը ցույց կտա, բայց հայաստանյան ֆուտբոլում, ինչպես հասկանում եմ, մութ բաներ են սկսում կատարվել. թիմեր են բացվում, որոնց հովանավորներին ոչ ոք չի ճանաչում:

-Այսինքն չէիք էլ հասցրե՞լ այդ ֆուտբոլիստներին հանդիպել:

-5 ֆուտբոլիստի արդեն ուղարկել էին, որոնցից 2-ի համար մենք դրական պատասխան էինք տվել, իսկ 3-ի համար՝ ոչ: Ասել էին, որ պետք է նորից ֆուտբոլիստներ ուղարկեն, որոնցից ոմանք պարտադիր պետք է խաղան:

-Ո՞ր երկրից էին այդ ֆուտբոլիստները:

-Չէին նշում՝ որ երկրից են:

-Չգիտեի՞ք՝ ինչ ուղի են անցել, նախկինում ո՞ր թիմերում են խաղացել:

-Ոչ մի տեղեկություն չունեինք ո՛չ ֆուտբոլիստներից, ո՛չ ակումբի հովանավորից: Չեմ հասկանում նման գործելաոճը: Եթե նրանք հարցազրույցում նշում են, որ իրենց նպատակը Բարձրագույն խմբում խաղալն է, նորից հարցեր են առաջանում: Մենք նրանց ասում ենք, որ մանկապատանեկան թիմեր պիտի ստեղծենք, որպեսզի խաղալու լիցենզիա ստանանք, նրանք ասում են, որ հիմա չեն կարող, մյուս տարի էլ Առաջին խմբում կխաղան: Անհասկանալի բաներ են կատարվում: Ֆուտբոլային աշխարհին կոչ եմ անում միանալ ու պայքարել չարիքի դեմ: Բարձրագույն խմբի թիմերը ևս պիտի միանան, որովհետև 1-2 տարուց այդ չարիքը տարածվելու է ողջ հայկական ֆուտբոլում: Ֆուտբոլային մասնագետները պետք է գործունեություն ծավալեն այս ամենը բացահայտելու ուղղությամբ:

-Ձեզ համար է՞լ էր անսպասելի այս հեռացումը

-Այն ժամանակ, երբ ասացին, որ պիտի իրենց ասած ֆուտբոլիստները խաղան, ինձ մոտ հարցեր ծագեցին, հասկացա, որ կարող է նման բան լինել. մենք թիմը ստեղծենք, հետո գան իրենց մարդիկ ու անեն այն, ինչ ուզում են անել: Շատ մեծ անակնկալ չէր, քանի որ հասկանում էի իրավիճակը: Գիտենք, որ արդեն արտասհմանից մարզիչ են բերել, բայց թե ով է՝ չգիտենք:

-Նախքան թիմի ղեկը ստանձնելը չէիք խոսե՞լ  ղեկավարության հետ թիմի հետ կապված Ձեր ծրագրերի մասին:

-Սկզբնական շրջանում մենք ինչ ասել ենք, իրենք ասել են՝ այո, այո, այո: Անգամ իրենք են ասել, որ ֆուտբոլիստներին պետք է մենք ընտրենք, ամեն ինչ մենք ենք որոշելու: Քանի որ ֆուտբոլային աշխարհի մարդիկ ենք, գուցե ուզում էին թիմը կառուցեինք…

-Ցավալի՞ չէր թիմից կեսճանապարհից բաժանվելը:

-Հոյակապ թիմ էր հավաքվել: Ֆուտբոլիստներ էին եկել, որոնք մեզ ճանաչում էին, ֆուտբոլիստներ էին եկել, որոնց մենք էինք ճանաչում: Փորձում էինք «միքս» անել. ունենալ մի քանի երիտասարդ, մի քանի փորձառու ֆուտբոլիստներ: Հիմնական կորիզը լինելու էին 1998, 1999, 2000 թվականներին ծնված ֆուտբոլիստները, նրանց պատրաստելու էինք Բարձրագույն խմբում խաղալու համար:

-Ի՞նչ պլաններ էիք կապում թիմի հետ նախքան այս միջադեպը:

-Բարձրագույն խումբ դուրս գալու ու այնտեղ պայքարելու պլաններ ունեի: Չէինք ուզում այնտեղ նախավերջին կամ վերջին տեղը զբաղեցնել: Եթե ֆուտբոլիստները մոտ մեկ տարի իրար հետ խաղային, համագործակցությունը կբարելավվեր, շատ ավելի լավ կկարողանայինք հասկացնել՝ ինչ ենք ուզում: Շատ լավ կոլեկտիվ էր ստեղծվել ու ամեն ինչ քանդվեց:

-Կամփոփե՞ք այս մեկ ամսվա ընթացքում Ձեր կատարած աշխատանքը:

-Պաշտպանական գծում խաղացող ֆուտբոլիստներ ունեինք, իրենց վրա էինք հիմնվում, մտածում էինք, որ իրենք պիտի խաղան: Մի դարպասապահ ունեինք, երկրորդը պիտի ժամաներ: Արտերկրից ֆուտբոլիստների էինք սպասում: Նաև Բարձրագույն խմբում տղաներ կային, որ ցանկություն էին հայտնել մեր թիմում խաղալու: Այսինքն, մոտ 3 հայ փորձառու խաղացողներ էին գալու, մոտ 3-ը՝ արտերկրից, մյուսները երիտասարդներ էին լինելու: Ասեմ ավելին, կային ֆուտբոլիստներ, որոնք պայմանագրեր էին կապել, բայց այս միջադեպից հետո խզեցին դրանք ու հեռացան ակումբից: Նրանցից են Արարատ Մանուկյանը, Էդգար Խաչիկյանը, Միքայել Առուստամյանը...

-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա գործունեությունը:

-Էլի նույն կերպ: Ֆուտբոլից դուրս գալուց հետո 4 տարի չէի աշխատել, ուշադիր հետևում էի, թե ինչ են անելու այդ ընթացքում: Մի բան եմ հասկացել, որ Բարձրագույն խմբում կամ ժամանակ չունեն, կամ չեն հասկանում՝ ինչպես կրթել երիտասարներին, բայց մեծ խնդիր է, որ հայ երիտասարդ ֆուտբոլիստների ճանապարհը փակում են: Ի՞նչ է սրա վերջը...Պետք է մտածել՝ վաղը ի՞նչ են անելու ազգային ու երիտասարդական հավաքականները: 

Ես մինչ այս դիմել էի ֆեդերացիա, որպեսզի ինձ հող տրամադրեին Երևանում, որ իմ սեփական գումարով խաղադաշտ սարքեի ու մանկապատանեկան դպրոց ունենայի: Ծրագիրը դեռ ուժի մեջ է, ֆեդերացիայից առայժմ չեն պատասխանել: Հողը շատ թանկ է, բայց մենք էլ մոտ 300 000 դոլարի ներդրում էինք անելու, որովհետև արդեն հոգնել ենք մարդկանց բացատրել, թե որն է ճիշտը: Եթե մարդիկ ասում են, որ կար ժամանակ, երբ ամեն ինչ լավ էր ու չեն վերլուծում, թե ինչու էր լավ, կամ հիմա ինչու է վատ, ուրեմն միշտ վատ է լինելու: 

Մարզադպրոցներին էլ եմ ծանոթ, որոշ դպրոցների մոտ օճառաշամպունային քաղաքականություն է, այսինքն այդ դպրոց մտնելուց աշխատողը պիտի ընտրի՝ որով է մտնում: Դպրոցի ղեկավարներին դա ավելի հետաքրքիր է, քան մասնագիտական որակները:

Եթե ինձ այդ հողը տրամադրեն, 18 մարզիչ ենք ունենալու ու մոտ 25 աշխատատեղ է բացվելու, իսկ ընդամենը 3 տարի հետո զարգացումը կերևա:

-Ինչ-որ խոսք կամ մաղթանք ունե՞ք Ձեր արդեն նախկին թիմին:

-Ֆուտբոլիստներիս այսօր մաղթել եմ, որ Բարձրագույն խմբում խաղան, բայց խոսքս ուղղում եմ ֆուտբոլային աշխարհին, որ պայքարեն չարիքի դեմ, հակառակ դեպքում այն մի օր կուտի և՛ ֆուտբոլը, և՛ իրենց:

Գալիս է որոշակի տարիք, որ Բարձրագույն խմբի դռները փակվում են տեղացի ֆուտբոլիստների համար: Բոլոր երեխաների երազանքները ջարդում են: Մարզիչները հովանավորների աչքերին «թոզ են փչում», ասում են, որ այս ֆուտբոլիստներով չեն կարող աշխատել, երիտասարդներին թիմերից հանում են, արտերկրից 27-30 տարեկան ֆուտբոլիստների են բերում՝ ինչու, ինձ համար անհասկանալի է: Վաճառելո՞ւ համար: Իսկ այն հովանավորները, որոնք խոսում են հայրենասիրությունից ու թիմում 15-16 լեգեոներ կա, թող դրա մասին չխոսեն: Եթե գալիս են բիզնես անելու, թող հենց այդպես էլ ասեն:

5 ամիս «Բանանցի» դպրոցում եմ աշխատել, հիանալի ֆուտբոլիստներ կան, եթե այնտեղից ֆուտբոլիստներ դուրս չեկան, ուրեմն ղեկավարությունն է մեղավոր, բայց ասում են, թե երեխան ու իր ծնողն են մեղավոր: 

Սա տագնապ է հայկական ֆուտբոլի համար: Ավելի ներքև ենք իջնելու:

Իսպանացի մասնագետ էր եկել, կողքից լսում եմ՝ ինչպես են որոշ հայ «պրոֆեսոր» մարզիչներ, որոնք եվրագավաթների մի փուլ հաղթահարել են, թե ոչ, քննադատում են ամեն ինչ նվաճած մարզչին, ոչ թե փորձում են սովորել: Սա է այն, ինչ ունենք այսօր:

Նաև կոչ եմ անում բոլոր ֆուտբոլիստներին ու մարզիչներին պրոֆեսիոնալ պայմանագրեր կնքել բոլոր թվերով, որպեսզի հետագայում իրենց պաշտպանված զգան:

 

Հարցազրույցը՝ Ստելլա Բաբլոյանի

Share |

Լրահոս

Loading...