Խաղալու ենք միայն հաղթանակի համար․ Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստները՝ Եվրո-2019-ի մասին

16:45 11.07.2019

Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստները շարունակում են նախապատրաստվել Երևանում կայանալիք Եվրո-2019-ի եզրափակիչ փուլին, որի շրջանակում մրցելու են Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականների հետ։

Ավանի ակադեմիայի մարզադաշտում կայացած հագեցած մարզումից հետո Մ19 տարեկանների ֆուտբոլիստներ Արսեն Եղիազարյանը, Էրիկ Ազիզյանը, Գրենիկ Պետրոսյանն ու Յուրի Օգանեսյանը կիսվեցին իրենց սպասելիքներով․

«Կարծում եմ՝ շատ լավ ենք պատրաստ։ Ընկերական խաղերում տեսանք, որ առաջընթաց կա՝ հատկապես պաշտպանությունում վստահ ու լավ ենք գործում։ Լավագույն արդյունքը մեզ համար հաղթանակն է։ Խաղալու ենք միայն հաղթանակի համար ու չենք մտածում այլ արդյունքի մասին»,- ասում է մեր ընտրանու ֆուտբոլիստ Էրիկ Ազիզյանը, որը հանդես է գալիս Սլովակիան ներկայացնող «Զեմպլին Միխալովցե» ակումբում։

Գրենիկ Պետրոսյանը, որը վերջերս իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց Երևանի «Փյունիկի» հետ, ևս կարծում է՝ մեր ընտրանին լավ է պատրաստ առաջիկա մրցաշարին․ 

«Կարծում եմ ՝ թիմը լիովին պատրաստ է։ Ֆավորիտները շատ են, բոլորն էլ ուժեղ են, կարծում եմ՝ գլխավոր ֆավորիտներն Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականներն են, բայց դա նշանակություն չունի, մենք պետք է պայքարենք ու ամեն ինչ անենք՝ արժանի մրցակցություն ցույց տալու համար»,- ասում է 19-ամյա ֆուտբոլիստը։

Պաշտպան Յուրի Օգանեսյանը, որն ընդամենը 2 ամիս է՝ միացել է Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականին ֆրանսիական «Լիոն Դյուշերից», ասում է՝ ցանկանում են ապացուցել, որ թույլ չեն․

«Հուսով եմ՝ լավ խաղ կցուցադրենք ու բոլորին կապացուցենք, որ մենք լավ թիմ ենք։ Պետք է կոտրենք այն կարծրատիպը, թե Հայաստանը ֆուտբոլային երկիր չէ։

Բոլորն ինձ շատ լավ են ընդունել։  Լավ խաղեր ենք անցկացրել ու լավ ենք պատրաստվել առաջիկա մրցաշարին։ Ամեն ինչ նորմալ է։ Գիտենք, որ ուժեղ մրցակիցների դեմ ենք խաղալու, բայց չենք կենտրոնանում այդ մտքի վրա․ ցույց ենք տվել, որ ուժեղ ենք, միասնական ենք ու հանդես ենք գալիս որպես թիմ՝ ոչ մեկն իրեն չի գերադասում»,- ասում է Յուրի Օգանեսյանը և կարծիք հայտնում Իսպանիայի Մ19 հավաքականի մասին, որի հետ մրցելու ենք մրցաշարի բացման խաղում․

«Գիտենք, որ լավ խաղացողներ ունեն։ Բայց կներդնենք մեր բոլոր ուժերը, որպեսզի լավ խաղ և դիմադրություն ցույց տանք։ Շատ կարևոր է նաև երկրպագուների աջակցությունը։ Եթե խաղի օրը ոչ թե Իսպանիա վանկարկեն, այլ Հայաստան, դա մեզ շատ ուժ կտա։ Լավ կլինի՝ շատ երկրպագուներ ներկա լինեն խաղերին»։

Հիշեցնենք՝ Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականն Իսպանիայի իր հասակակիցների հետ կմրցի հուլիսի 14-ին։ Հանդիպումը կկայանա Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18։45-ին։

Նարե Հովհաննիսյան

Share |

Լրահոս

Loading...