Արթուր Ոսկանյան․ Մ19 հավաքականում կան տղաներ, ովքեր կարող են արժանանալ սկաուտների ուշադրությանը

13:51 11.07.2019

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը բարձր տրամադրությամբ շարունակում է նախապատրաստվել Եվրոպայի 2019 թվականի առաջնությանը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանն ասում է՝ թիմը թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես պատրաստ է եվրոպական ուժեղագույն հավաքականներին դիմակայելուն․

«Հունիսի 26-ից սկսել ենք վերջին հավաքն ու այս ընթացքում տղաներին շեշտել  եմ, որ մասնակցում են շատ պատասխանատու առաջնության ու նրանց վրա մեծ պարտականություն է դրված։ Ընկերական խաղեր անցկացրինք Բարձրագույն խմբի ուժեղագույն թիմերի՝ «Ալաշկերտի» և «Լոռիի» հետ։ Տղաներն այդ խաղերում ցույց տվեցին, որ կարող են հավասարը հավասարի հետ պայքարել փորձառու խաղացողների դեմ ու հաջողության հասնել»։

Արթուր Ոսկանյանն ասում է՝ խաղալու են միայն հաղթանակի համար։ Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով, թիմի ֆիզիկական պատրաստվածությունը բավարար մակարդակի վրա է։

Խոսելով հավաքականին չմիացած Ժիրայր Շաղոյանի մասին՝ Արթուր Ոսկանյանը նշում է,որ պատճառը կարգապական հարցերն են եղել․ «Տղաներին խնդրել եմ չլարվել, ազատ լինել ու հաճույք ստանալ այս խաղերից։ Եվ, իհարկե, մենք հաղթանակի համար ենք խաղում, ու տղաներն ամեն ինչ անելու են դրա համար։

Ժիրայր Շաղոյանն իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկն է, առհասարակ հայ լավագույն երիտասարդ խաղացողներից է, բայց թիմում կան կանոններ, որոնք գործում են բոլորի համար․ ովքեր խախտում են, թիմում չեն լինելու։ Ժիրայրը վերջերս այնքան էլ լավ մարզավիճակում չէր, բայց նա հավաքականում չէ կարգապահական հարցերի պատճառով։ Ամեն դեպքում նա մնում է մեր լավագույն խաղացողներից մեկը։ Ժիրայրը կարծում եմ սրանից հետո կհավաքվի, կհասկանա ֆուտբոլում թիմային կարգապահությունը շատ կարևոր է։ Նա շատ լավ խաղացող է ու հետագայում կհամալրի Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները»:

Եվրոպայի Մ19 տարեկանների առաջնությանը հետևելու են բազմաթիվ սկաուտներ եվրոպական ակումբներից։ Հավաքականի մարզիչն ասում է՝ թիմում կան տղաներ, ովքեր կարող են գրավել սկաուտների ուշադրությունը.

Տարիներ շարունակ ասել եմ, որ ունենք տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնց պետք է ճիշտ ճանապարհի վրա դնենք, ու վստահություն ներշնչենք սեփական ուժերին։ Այո մեր հավաքականում կան շատ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են խաղալ արտասահմանյան թիմերում։ Անուններ չեմ տա»։  

Share |

Լրահոս

Loading...