Լուրջ ենք տրամադրված․ ցանկանում ենք ուրախացնել երկրպագուներին․ Արսեն Եղիազարյան

15:36 11.07.2019

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ավագ Արսեն Եղիազարյանի խոսքով Եվրոպայի Մ19 2019 թվականի առաջնությանն իրենք լուրջ են տրամադրված և լավ նախապատրաստություն են անցել․

«Թիմում շատ դրական մթնոլորտ է, լավ պատրաստվում ենք, օրական երկու մարզում ենք անցկացնում։ Ընկերական խաղեր ևս անցկացրել ենք ու արդեն լիովին պատրաստ ենք առաջիկա մրցաշարին։ Լուրջ ենք տրամադրված․ ցանկանում ենք ուրախացնել երկրպագուներին»։

Մեր ընտրանին ընդգրկված է A խմբում, որտեղ մրցելու է Պորտուգալիայի, Իսպանիայի և Իտալիայի Մ19 տարեկանների հավաքականների հետ։ Արսենն ասում է՝ որ դեպքում իրենք կարող են դրական արդյունքի հասնել ուժեղ մրցակիցների դեմ խաղերում․

«Մրցակիցներն իսկապես ուժեղ են, ժամանելու են Եվրոպայի լավագույն հավաքականները, բայց դա նշանակություն չունի․ եթե լավ տրամադրվենք, վստահենք մեր ուժերին, ու վստահ եմ, որ այդպես էլ լինելու է, դրական արդյունքի կհասնենք»։

Ամփոփելով այս ընթացքում «Ալաշկերտի» և «Լոռիի» հետ ընկերական խաղերը՝ Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականի ավագը փաստում է՝ սխալներ կային, բայց ամեն ինչ անում են՝ դրան ուղղելու համար․

«Սխալներ կային, բայց շատ ենք ավելացրել պաշտպանությունում, գրեթե սխալներ չենք անում։ Մի փոքր էլ է պետք ավելացնել, քանի որ ուժեղ  հավաքականները անգամ մեկ սխալից կարող են օգտվել»։

Հիշեցնենք՝ Եվրո-2019-ի խմբային փուլի մեկնարկային խաղում Հայաստանի Մ19 հավաքականը հուլիսի 14-ին կմրցի Իսպանիայի իր հասակակիցների հետ։ Հանդիպումը կկայանա Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Share |

Լրահոս

Loading...