Հայկ Իշխանյան. Չեմ ուզում այս հաշիվը հիշելով տրամադրվենք պատասխան խաղին

23:23 11.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Մակեդոնիային»: Այս խաղում իր նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը, որը 2014-15 թվականներին էլ հանդես եկել էր «Ալաշկերտում»:

Խաղից հետո ֆուտբոլիստը պատասխանեց լրագրողների հարցերին:

-Հա՛յկ, ի՞նչ տպավորություններ ունեք խաղից:

-Շատ լավ տպավորություններ ունեմ: Թիմի առջև հաղթելու խնդիր էր դրված, կարողացանք այն լուծել, բայց դեռ պատասխան խաղ կա. այսօրվանից սկսած պիտի հաջորդ խաղի մասին մտածենք:

-Ձեր առաջին պաշտոնական խաղն էր թիմում. ինչպե՞ս կգնահատեք այն:

-Խաղս նորմալ եմ գնահատում: Հունիսի 20-21-ից եմ թիմին միացել: Հանքավանում մասնակցել եմ թիմի հավաքին: Շատ ուրախ եմ, որ նորից վերադարձել եմ «Ալաշկերտ» ու որ կարողացանք եվրագավաթների առաջին խաղում հաղթել:

-Արդեն խաղադաշտում մրցակիցն ի՞նչ տպավորություն թողեց:

-Այս թիմն այնպիսին էր, ինչպիսին մենք տեսել էինք նրանց տեսանյութերում. խաղում էին երկար փոխանցումներով ու խաղադաշտում էլ այդպես էր:

-3-1 հաշիվը բավարա՞ր է մրցակցի հարկի տակ ավելի ազատ խաղալու համար:

-Ո՛չ, չեմ ուզում հաշվին նայելով տրամադրվենք պատասխան խաղին, կամ այն հիշելով մտնենք խաղադաշտ: Պետք է մտածենք այնպես, որ կարողանանք այնտեղ լավ արդյունքի հասնել ու թիմի առջև դրված հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը լուծենք:

Share |

Լրահոս

Loading...