Տարխանովը՝ Շկուպիի հետ խաղի մասին. Կարծում եմ, որ գերկենտրոնացված էինք

21:15 11.07.2019

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Շկուպիի» հետ ոչ-ոքի (3-3) ավարտված հանդիպումից հետո ամփոփեց երևանյան թիմի խաղը և մեկնաբանեց իր որոշումները:

Մարզիչն ընդգծեց, որ հանդիպման հաշիվը հետաքրքիր է երկրպագուների տեսանկյունից.

«3-3-ը երկրպագուների համար հետաքրքիր հաշիվ է: Շատ լավ սկսեցինք հանդիպումը, գոլ խփեցինք և էլի կարող էինք խփել: Երկրորդ խաղակեսում էլ ունեինք պահեր, որոնք չիրացրինք»,- ասաց Տարխանովը:

Խոսելով թիմի տակտիկայի մասին՝ «Փյունիկի» մարզիչը նշեց, որ մրցակցի խաղը լավ էին ուսումնասիրել, դրա համար էլ շատ էին դիմում պրեսինգի.

«Բնականաբար, մենք ուսումնասիրել էինք մրցակցին ու հասկացել էինք՝ եթե ազատություն տանք, ապա նրանք կվերահսկեն խաղն ու լավ կգործեն պաշտպանությունում. այդ պատճառով պրեսինգի էինք դիմում: Մեր կողմից սխալներ կային հատկապես հակագրոհներ բաց թողնելու տեսանկյունից: Ընդհանուր առմամբ, մենք ավելի շատ պահեր ստեղծեցինք: Կարող էինք նաև խփել չորրորդ գոլը: Եթե հաշվի առնենք, թե որքան պահեր ենք ստեղծել, ապա հաշիվը չի գոհացնում մեզ»:

Տարխանովն անդրադարձավ նաև դարպասապահ Դրագոևիչի անվստահ խաղին.

«Առաջին գոլի ժամանակ պաշտպանությունում սխալ եղավ: Դրագոևիչը նույնպես սխալվեց: Երկրորդ գոլի ժամանակ էլ անվստահ խաղաց Մանուչարյանը: Երրորդ գոլն էլ բոլորդ տեսաք, թե ինչպես ստացվեց: Հեռահար հարված էր և դարպասապահը պետք է որսար գնդակը: Մարզումների և ընկերական խաղերի ժամանակ Դրագոևիչը իրեն հիանալի է դրսևորել, չհասկացանք, թե այսօր ինչու այսպես ստացվեց»:

Դիտարկմանը, որ «Փյունիկի» ֆուտբոլիստների գործողություններում նկատվում էր կենտրոնացվածության պակաս, մարզիչը հակադարձեց.

«Չեմ կարծում, որ կենտրոնացվածության պակաս կար, նույնիսկ կարծում եմ, որ գերկենտրոնացված էինք: Հենց սկզբից մտանք խաղի մեջ ու մեկնարկում արդեն բացեցինք հաշիվը: 20-25 րոպե վերահսկում էինք խաղը, ինչից հետո մի փոքր թուլացրինք ճնշումը: Երկրորդ կեսում էլ գոլ բաց թողեցինք, բայց չկոտրվեցինք ու պայքարեցինք մինչև վերջ: Երկրորդ կեսում տեմպը բարձր էր ու փոխարինման կարիք չկար, հատկապես, որ երիտասարդ տղաներ էին դաշտ դուրս գալու  ու կարող էին չմտնել խաղի մեջ»,- խոսքը եզրափակեց Տարխանովը:

Հիշեցնենք, որ «Շկուպի»-«Փյունիկ» պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 18-ին:

Share |

Լրահոս

Loading...