Փյունիկն ինքն իրեն դժվարին դրության մեջ դրեց, բայց փրկեց պատիվը. Փյունիկ-Շկուպի՝ 3-3

19:26 11.07.2019

Հայկական ակումբներից Եվրոպա լիգայի խաղարկությունում առաջինը մեկնարկեց Երևանի «Փյունիկը»: Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը որակավորման առաջին փուլում հանդիպել է մակեդոնական «Շկուպիին»:

Թիմերի միջև առաջին հանդիպումը կայացավ Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում: Լարված ու դրամատիկ խաղն ավարտվեց 3-3 հաշվով:

Խաղի հաշիվը բացվեց հենց մեկնարկում: 4-րդ րոպեին Էրիկ Վարդանյանն անվրեպ իրացրեց 11-մետրանոցը: Տարխանովի թիմը շարունակեց ճնշել մրցակցին ու մի քանի իրական գոլային պահեր ստեղծեց:

Չնայած ստեղծված ճնշմանը՝ երևանյան թիմն առաջին խաղակեսի միջնամասում գոլ ընդունեց. 26-րդ րոպեին Բայրամին վերականգնեց հաշվի հավասարությունը:

Գոլից հետո մակեդոնական թիմը հավասարեցրեց խաղը ու խաղակեսի վերջում նույնիսկ առաջ անցավ հաշվի մեջ. 43-րդ րոպեին իր թիմին առաջ մղեց Իլիեսկին:

Երկրորդ խաղակեսն էլ ավելի թեժ պայքարում անցավ: 60-րդ րոպեին Բայրամին տուգանային հարվածով գրավեց «Փյունիկի» դարպասը. կոպիտ սխալ թույլ տվեց Անդրիա Դրագոևիչը:

Հայաստանի փոխչեմպիոնը, սակայն, չհանձնվեց. «Փյունիկը» նետվեց խաղը փրկելու: Տեղատարափ գրոհները տվեցին իրենց արդյունքը: 80-րդ րոպեին Մաքսիմ Ժեստոկովը կրճատեց հաշվի տարբերությունը, ինչից հետո մարզադաշտն էլ ավելի ոգևորված սկսեց երկրպագել հայկական ակումբին:

Գրոհները շարունակվում էին, ու 85-րդ րոպեին երկրպագուները «պայթեցին» ուրախությունից: «Փյունիկի» սան Էդգար Մանուչարյանը կարողացավ դիպուկ հարվածով խփել իր թիմի երրորդ գոլը: Մանուչարյանն ու թիմակիցները շարունակեցին նետվել առաջ, սակայն ավելին անել չհաջողվեց:

Այսպիսով, «Փյունիկ»-«Շկուպի» առաջին հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Մակեդոնիայում:

Share |

Լրահոս

Loading...