Մահվանից 3 օր առաջ գիրքը նվիրեցի. Պատահաբար լսած զրույց Սարգիս Հովիվյանի մասին

11:11 11.07.2019

Երբեմն պատահականությունները մեզ ճիշտ պահին ճիշտ տեղ են տանում: Ու մենք դառնում ենք ունկնդիրը մի զրույցի, որը մեզ համար նոր «պատուհան» է բացում:

Հուլիսի 8-ին ստացանք հայկական ֆուտբոլի մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՍՍՀ վաստակավոր մարզիչ, Սարգիս Հովիվյանի մահվան բոթը: Ֆուտբոլում բազմաթիվ հաղթանակներ տարած Հովիվյանը 80 տարեկանում իր կյանքի խաղը տանուլ տվեց քաղցկեղին:

Հուլիսի 10-ին միանգամայն պատահաբար հայտնվեցի Հայաստանի գրողների միության շենքում, հայ ժամանակակից արձակագիր Գուրգեն Խանջյանի աշխատասենյակում: Գրական ու մերձգրական զրույցների արանքում պատահաբար «որսացի» հետևյալը.

- … Սարգիս Հովիվյանը մահացավ…

- Գնացի՞ք…

- Հասցրի: Մահվանից 3 օր առաջ գիրքը նվիրեցի… Աղջիկն ասաց, որ մի քանի անգամ իր մասին հատվածը կարդացել էին, հուզվել էր…

Սարգիս Հովիվյան… Գիրք… Հատված…

Հետաքրքրվեցի՝ կարո՞ղ եմ այս մասին գրել: Խանջյանը չմերժեց: Նույնիսկ, ինձ տվեց «Գրաթերթ»-ի այն համարը, որում դեռ նախորդ տարի լույս տեսած իր «Հետահայաց Երևան» վեպից հատված է: Արագ աչքի եմ անցկացնում էջը, զարմանալի արագությամբ գտնում Սարգիս Հովիվյանի մասին հատվածը.

««Անի» հյուրանոցի ետնապատին նայող հինգ հարկանի շենքի չորրորդ հարկի պատշգամբում Սարգիս Հովիվյանի ինը համարը կրող կարմիր շապիկն է օդափոխվում պարանին կախ, ինքը` Սաքոն, պատշգամբում մարզանք է անում ծույլ-ծույլ. «Սաքոն Մոսկվայից էկել ա, Սաքոն նորից Արարատում ա խաղալու, Սաքոն էս տարի թիմը վիշի լիգա կհասցնի»… Ու Գնունիով` Հանրապետական ստադիոնԻսկ ստադիոնում ասեղ խրելու տեղ չկա, բոլորը միաբերան վանկարկում են` Սա-քո՛, Սա-քո՛Սարի թաղի լանջին գնացքն է հայտնվում, սարը կիսելով` հակառակորդի դարպասի կողմն է ընթանում, ուրեմն` հաղթելու ենք, հավաստի նշան է: Ջու՛ր, սառը ջու՛ր` կանչում է շարքով անցնող մանչուկը` սառը ջրով էմալապատ թեյնիկն ու ալյումինե «կրուժկեն» ձեռքին, հինգ կոպեկ տուր` խմիր, զովացրու ներսդ: Բայց ջրի ժամանակը չէ, անկյունային է, Սաքոն է խփելու, գնդակը բծախնդրորեն տեղադրում` ընկրկում է, գլուխը բարձրացնում` նայում հակառակորդի տուգանայինին, իրավիճակն է գնահատում, վերջապես խոյանում` հարվածում է, վետվետող գնդակը բարձր կորագծով հեռանում է դարպասից, սակայն հանկարծ կտրուկ փոխում է ուղղությունն ու մխրճվում հեռավոր վերին անկյունը` Սա-քո՛, Սա-քո՛…»

Ամբողջ 1 տարի Գուրգեն Խանջյանը ցանկացել էր Հովիվյանին նվիրել իր վեպը, որում այս փոքրիկ հատվածն էր: Ու հասցրել էր... Ավաղ, մահվանից ընդամենը 3 օր առաջ:

Հետաքրքրվում եմ.

- Պարո՛ն Խանջյան, այդ ինչպե՞ս էր սկսվել Ձեր կապը Սարգիս Հովիվյանի հետ:

Գրողների միության շենքից դուրս ենք գալիս, սկսում ենք քայլել այն մայթով, որով հաճախ Հովիվյանն անցել է ու ողջունել Գրողների միության շենքի դիմաց կանգնած Խանջյանին: Հիմա այդ մայթով շատերի հետ մենք էլ ենք քայլում, ու Խանջյանը սկսում է պատմել տաղանդավոր ֆուտբոլիստ լինելուց բացի նաև շատ գեղեցիկ, հմայիչ Հովիվյանի մասին:

«Դա եկավ, այսպես ասեմ, միջազգային սպորտային հակամարտությունից: Ես Թիֆլիսում էի ապրում: Մեր թաղում երեխաներով, պարզ է, միշտ ֆուտբոլ էինք խաղում: Մեծ մասը վրացիներ էին, այլազգիներ, հայերից միայն ես էի այդ թաղում: Ու ինձ միշտ «Հովիվյան» էին կանչում, մի քիչ ձեռ առնող տոնով: Դե Հովիվյանն այն ժամանակ «Արարատի» լավագույն երիտասարդ ֆուտբոլիստն էր: Այդպես այդ անունը «կպավ» ինձ, ու ես էլ հպարտ էի, որ ինձ Հովիվյան եմ զգում: Հայրս Երևանում էր ապրում: Ամռանը գալիս էի Հայաստան, ու ինքն ինձ տանում էր ստադիոն: Եվ ես տեսնում էի Հովիվյանին բնական վիճակում, խաղադաշտում: Ես տեսնում էի նրա արագացումները… Ես փոքր էի, ու այդ ամենն իմ մեջ շատ լավ տպավորվում էին: Մինչև հիմա էլ կարող եմ աչքերս փակ վերհիշել իր բոլոր հնարքները, խփած գոլերից լավագույնները: Ու երբ գրեցի 70-ականների Երևանի մասին այս վեպը, չէր կարող Հովիվյանը տեղ չգտնել այդ հիշողությունների մեջ: Առավել ևս, որ նա ապրում էր մեր կողքի թաղում: Մենք Տերյան փողոցում էինք, ինքը՝ Աբովյան: Այդ բակ որ մտնում էինք, տեսնում էինք՝ իր 9 համարի մարզաշապիկը պարանից կախված չորանում է: Ինքն էլ մի քիչ ծույլ-ծույլ մարզանք էր անում պատշգամբում: Շատ հետաքրքիր անհատականություն էր…

Ու վերջապես, Հովիվյանն էր, որի շնորհիվ «Արարատը», որը 1965 թվականին երկրորդ խմբի թիմ էր, կարողացավ բարձրանալ Բարձրագույն խումբ: Հետո իրեն տարան ԲԿՄԱ՝ դա Մոսկվայում կենտրոնական բանակային ակումբն էր: Առիթ էր, էլի, տղուն վերցրին տարան, որ Մոսկվայում խաղար, որովհետև լավ ֆուտբոլիստ էր:

Առաջին միտինգները Հայաստանում եղել են հանուն Հովիվյանի. երկրպագուները հավաքվեցին Գերագույն խորհրդի շենքի դիմաց ու պահանջեցին Հովիվյանին հետ բերել: Ու ի վերջո հասան իրենց ուզածին: Մեկ տարի չանցած՝ Հովիվյանին նորից բերեցին Հայաստան: Մինչև վերջերս էլ Գրողների միության շենքի դիմաց կանգնելիս տեսնում էի, որ նա, արդեն 80-ին մոտ տարիքում, սպորտային քայլվածքով Բաղրամյան պողոտայով բարձրանում, իջնում էր: Միշտ իրար բարևում էինք, մի քանի խոսք խոսում: Ու հանկարծ իմացա, որ հիվանդացել է…»:

Սարգիս Հովիվյանը ավագ սերնդի ֆուտբոլասերներից շատերի կուռքն է եղել: Դրա մասին էր վկայում նաև այն ջերմությունը, որով Խանջյանը խոսում էր: Ես դեռ երբեք չեմ հանդիպել ժամանակակից ֆուտբոլային գերաստղի մասին նման ջերմությամբ, սիրով, փայլող աչքերով  խոսող  երկպագուների: 

Ի դեպ, այն մասին, որ իր համար Հայաստանում երկու անգամ միտինգ է կազմակերպվել, տարիներ առաջ պատմել է նաև անձամբ լեգենդար ֆուտբոլիստը: Առաջին միտինգը նրա համար Երևանում կազմակերպվել է 1961 թվականին: Երկրորդը՝ 1966 թվականին, երբ Արտյոմ Ֆալյանը նրան հանել է թիմից:

Հռիփսիմե Գալստյան

 

Share |

Լրահոս

Loading...